Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի բյուրոյի նիստում երեկ՝ ապրիլի 27-ին, հրավիրվել էին Սոցիալական ծառայության գործակալության Ախալքալաքի կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Իրոդիոն Գոգոլաձեն և Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը։
Պատգամավորները հարցեր ունեին, որոնք առնչվում էին սոցիալական միավորներ ստանալուն։ Որոշ պատգամավորների խոսքով, ոչ բոլոր կարիքավորներն են ստանում ըստ միավորների սոցիալական աջակցություն, կան մարդիկ, ովքեր ավելի լավ վիճակում են, բայց սոցիալական օգնություն ստանում են, իսկ ովքեր իսկապես ոչինչ չունեն՝ չեն ստանում, քանի որ սոցիալական միավորները չեն բավարարում սոցիալական օգնություն ստանալու համար։
Իրոդիոն Գոգոլաձեն պարզաբանեց սոցիալական օգնություն ստանալու գործընթացը: Նրա խոսքով, պետք է հայտ ներկայացնել, ավելի ճիշտ՝ լրացնել ձևաթուղթը։
«Եվ դրանից հետո մեկ ամսվա ընթացքում սոց. գործակալն այցելում է նրանց և լրացնում է ձևաթուղթը, որը հիմնված է նրանց պատասխանների վրա: Երբեմն մարդիկ խաբում են, բայց մենք բոլոր տվյալները ստանում ենք Արդարադատությունից և վերստուգում։ Ովքեր ընտանիքում մինչև 16 տարեկան երեխաներ ունեն, նրանք արտոնություններ ունեն»,- ասաց Իրոդիոն Գոգոլաձեն։
Նրա խոսքով, համավարակի շրջանում գործընթացը դադարեցվել էր, սակայն իրենք այն արդեն վերսկսել են։ Այն անձինք, ովքեր համաձայն չեն միավորների հետ, կարող են մեկ տարի անց կրկին դիմել գործակալությանը, իսկ նրանց համապատասխանությունը, ովքեր արդեն նպաստ ստանում են՝ չորս տարին մեկ անգամ վերստուգվում է։
Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը ակտիվության կոչ արեց, այս գործընթացում, բոլոր գյուղերի լիազորներին ու տարածքային միավորների պատգամավորներին, որպեսզի գյուղերի կարիքավորները կարողանան օգտվել այս սոցիալական օգնությունից։
Ալեքսան Թորոյանը խոսեց գյուղական բժշկական ծրագրի անարդյունավետության մասին: Նրա խոսքով, այս տարի գործակալությունը մտադիր է կենտրոնացնել այդ կազմակերպությունների աշխատանքը՝ գործընթացը կարգավորելու համար, քանի որ վերահսկող կազմակերպություն չկա։
«Նշանակված անձինք ստանում են իրենց աշխատավարձերը, իսկ բնակչությունը չի ստանում իրենց հարցերի պատասխանը։ Այս ծրագրում բնակչության համար ոչ մի օգուտ չկա։ Կարծում եմ, դրանք պետք է տրվեն տեղական ինքնակառավարմանը, նշանակումները կատարվում են առանց տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկների։ Մեր գյուղերի 80-90 տոկոսում բժշկական կենտրոններ չկան, կամ դրանք հին խորհրդային շենքերում են, որոշներն էլ շատ անորակ են կառուցել։ Կառուցել են, բայց ջրի, լույսի, գազի, ջեռուցման հարցը չեն լուծել։ Եթե դրանք պատկանեին տեղական ինքնակառավարման մարմիններին, ապա այդ հարցերը (գազ, լույս, ջուր) կարող էին լուծվել։ Այս մասին տեղեկություն եմ տվել մեր պատգամավոր Մանուկյանին, հուսով եմ՝ հարցը կլուծվի»,- ասաց Թորոյանը։
Նա նաև նշեց, որ այն գյուղերում, որտեղ բժիշկ չկա, հիվանդներից խորհրդատվության համար գումար չեն վերցնում։ Սա, ըստ պայմանավորվածության, վճարվում է քաղաքապետարանի կողմից։ Խորհրդատվությունն արժե 20-ից 40 լարի, և գումարը, ըստ Ալեքսան Թորոյանի, քիչ է ստացվում՝ ամսական մոտ 200-300 լարի։
Հյուրերին լսելուց հետո պատգամավորներն անցան օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանը։