Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչներին հրավիրել էին Բյուրոյի նիստին, քննարկելու արագ արձագանքումը և համագործակցությունը այն դեպքում, եթե հանկարծ Ախալքալաքի գյուղերի բնակիչների տները, կտրուկ ձնհալի պատճառով, ջրհեղեղի վտանգի տակ հայնտվեն:
Պատգամավորների հետ հանդիպմանը ներկա էին ԱԻՆ Ախալցիխեի վարչության պետի տեղակալ Պաատա Կբիլաշվիլին և Ախալքալաքի վարչության պետ Գրիգոր Ստեփանյանը։
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, Ախալքալաքում կտրուկ տաքացում է սպասվում։ Ձնհալի հետևանքով տների հեղեղումից խուսափելու համար, պատգամավորները քննարկեցին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հետ համագործակցությունը։
Պաատա Կբիլաշվիլին պատգամավորներին ու գյուղի լիազորված անձանց խնդրեց մաքրել գյուղերի ջրատար և ոռոգման ջրագծերը, որպեսզի ջուրը հոսի ջրանցքներով և չլցվի տները։
Գրիգոր Ստեփանյանն ասաց, որ իրենք պատրաստ են «աշխատել շուրջօրյա՝ 24 ժամ», բայց իրենք քիչ տեխնիկա ունեն, ընդամենը երկու պոմպ, որոնք չեն օգնի լուրջ հեղեղումների և ջրհեղեղների դեպքում։ Ջրի ընթացքը փոխելու համար անհրաժեշտ են տրակտորներ։
«Մենք պատրաստ ենք արձագանքել ցանկացած զանգի։ Մեզ ձեր տեխնիկան պետք է, մենք այսօրվա դրությամբ նման տեխնիկա չունենք։ Ձեր տեխնիկան պետք է պատրաստ լինի, ջրագծերը պետք է մաքրվեն»,- ասաց Գրիգոր Ստեփանյանը։
Նա խնդրեց, որ լիազորները ակտիվ լինեն և համագործակցեն իրենց հետ։
«Մենք չունենք գյուղ, որտեղով ջուր չի անցնում, ընդամենը 5-6 գյուղ է: Երբ ձյունը հալվում է, ճյուղերն ու այլ թափոնները խցանում են ջրանցքը, լինի այն բաց, թե խցանված, անպայման ջրհեղեղ կլինի։ Մեզ պետք է, որ դուք կազմակերպեք, իսկ տեխնիկան մեզնից, և մենք կհամատեղենք: Քաղաքապետարանի եւ պատգամավորների հետ համատեղ աշխատանք կկազմակերպենք»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչները և պատգամավորները պայմանավորվեցին համագործակցել միմյանց հետ, օգնել և ժամանակին արձագանքել զանգերին, ջրհեղեղներից և այլ անցանկալի իրավիճակներից խուսափելու համար։