Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ավարտին տեղադրվեցին ճանապարհանշաններ և ցուցանակներ, սակայն՝ սխալ:
Ախալքալաքից դուրս գալուց Ախալցիխե, Բորժոմի և Բակուրիանի տանող ճանապարհանշան տեղադրված չէ, այլ ճանապարհի աջ կողմում (Ախալքալաքի կողմից) տեղադրված է ցուցանակ, որտեղ գրված է Բորժոմի և Բակուրիանի և սլաքն ուղղված է դեպի վերև, այսինքն՝ դեպի Արագվա տանող ճանապարհ։ Այդ մայրուղին կոչվում է Ախալքալաք-Բակուրիան, սակայն այդտեղով երթևեկել կարելի է միայն ամռանը, քանի որ ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում։
Բեռնատարների վարորդները, հատկապես օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ծանոթ չեն տեղանքին, վստահելով և հետևելով ցուցանակին, Բորժոմի հասնելու ճանապարհը շարունակում են ցուցանակի ցույց տված ճանապարհով և հայտնվում Ախալքալաքի բարձրադիր գյուղերում: Տեղացիները, ովքեր հասկանում, որ վարորդը ցուցանակին է վստահել կանգնեցնում են մեքենաները և ցույց տալիս ճիշտ ճանապարհը:
Այդ ցուցանակները տեղադրել է «Ճանապարհաշինության վարչություն №1» ընկերությունը, որն էլ հաղթել էր Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհների վարչության կողմից հայտարարված էլեկտրոնային մրցույթը՝ 5 744 000.00 լարիի չափով:
JNEWS-ը փորձել է տեղեկացնել սխալ տեղադրված ցուցանակի մասին, հեռախոսազրույց ունեցանք ընկրության տնօրեն Շոթա Աբուլաձեի հետ։
«Մենք պետք է տեղեկացնենք Ավտոճանապարհների վարչությանը, լավ կլինի նաև, մունիցիպալիտետից ևս դիմեն նախարարությանը ցուցանակն ուղղելու համար, քանի որ նախագիծը դեռ ժամկետի մեջ է: Սակայն նախագծում է այդպես ներկայացված, դրա համար էլ այդտեղ է տեղադրվել»,- ասաց նա։
Այնուհետև մնք դիմեցինք Ախալքալաքի քաղաքապետին, նա ասաց, որ սխալի մասին տեղյակ է և արդեն խոսել է աշխատակիցների հետ:
«Բակուրիանի ուղղությամբ ցուցատախտակը ճիշտ է տեղադրված, քանի որ մենք այդտեղով ունենք ճանապարհ դեպի Բակուրիան, սակայն այդտեղ Բակուրիան պետք չէր նշել, փոխարենը պետք է նշվեր Ախալցիխե, կամ Թբիլիսի, որպեսզի երևար, որ կենտրոնական ճանապարհը դա է։ Մենք՝ տեղացիներս գիտենք, որ դեպի Բակուրիան ճանապարհ կա, որն էլ ձմռանը չի գործում, անծանոթները բարձրանում են, ամռանը, հանգստյան սեզոնին նույնպես, ես էլ եմ հանդիպել այդպիսի մարդկանց։ Մնեք դիմել ենք, կդիմենք, կձեռնարկենք քայլեր, որպեսզի այդ հարցը արագ լուծվի։ Դա կարևոր հարց է, քանի որ շատերը չգիտեն ճանապարհը և ձմռան այս եղանակներին վերև են բարձրանում բեռնատար մեքենաներով»,- ասաց քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Վերջինս նաև հավելեց, որ ավելի ճիշտ է այդ ցուցատախտակն ընդհանրապես հեռացնել: