Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր աշխարհի գիտնականների բոլոր ուժերը կենտրոնացած են եղել նոր վիրուսի դեմ դարմանի ստեղծման վրա: Արդյունքում, ավելի քան 200 պատվաստանյութ է մշակվել, իսկ դրանցից 10-ն արագորեն փորձարկվել և հաստատվել են՝ վիրուսը հաղթահարելու համար: Շուտով Վրաստանում կսկսվի բնակչության պատվաստումը, սակայն Ախալքալաքում այս գործընթացին վերաբերվում են անվստահությամբ և կասկածանքով:

Վրաստանում պատվաստանյութի և պատվաստման մասին խոսակցությունները սկսվել են դեռ նախորդ տարվանից: Այնուամենայնիվ, պատվաստման գործընթացը դեռ չի սկսվել, պատվաստանյութն էլ դեռ ներմուծված չէ: Կառավարության տեղեկատվության համաձայն, որն ամբողջ տարի բնակչությանը պատրաստում էր պատվաստման մտքին համակերպվելուն, գործընթացը պետք է սկսվեր փետրվարի վերջ:

Ի՞նչ են ասում թվերը

Ախալքալաքում «COVID-19»-ի դեմ պատվաստմանը վերաբերող հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ դեռ պատրաստ չեն դրան: Հարցմանը մասնակցած 107 հոգուց միայն 12-ն են պատրաստ պատվաստվել, նրանցից շատերն ասում են, որ կհամաձայնվեն դրան, եթե այլ ելք չլինի: Հարցվածների մեծ մասը կտրականապես դեմ է դրան, իսկ նրանց ճնշող մեծամասնությունը 76 հոգի է: 19 հոգի դեռ չի որոշել՝ պատվաստվելու է, թե՞ ոչ:

Այս արդյունքի պատճառը, մասնավորապես այն է, որ Ախալքալաքի բնակչության մեծ մասը պարզապես չգիտի, թե ինչ է իրենից ներկայացնում պատվաստանյութը: Շատերը վստահ են, որ պատվաստանյութն օրգանիցմին ավելի շատ վնաս կհասցնի, քան օգուտ:

Պատվաստանյութին թերահավատորեն են մոտենում ոչ միայն Ախալքալաքում: Թեպետ, որոշ դեպքերում պատվաստանյութի նկատմամբ վստահությունը ցույց է տալիս 98%-ոց արդյունք, օրինակ՝ Վիետնամում, որտեղ պատվաստվել չի ցանկանում միայն երկու տոկոսը: Պատվաստման նկատմամբ վստահությամբ հաջորդում են Հնդկաստանը, Չինաստանը, Դանիան, Հարավային Կորեան, Մալայզիան… Ամենաքիչը՝ Սերբիայում, այնտեղ պատվաստվել ցանկանում է միայն 38%-ը, ինչպես նաև՝ Խորվաթիայում, Ֆրանսիայում, Լիբանանում և Պարագվայում:

Չնայած դրան, պատվաստման գործընթացն առաջ է շարժվում: «Bloomberg» ամերիկյան հայտնի տեղեկատվական հարթակի փոխանցմամբ՝ աշխարհի բնակչության 75%-ին պատվաստելու համար անհրաժեշտ է յոթ տարի:

Չնայած պատվաստանյութերի բավարար քանակության բացակայությանը, կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է աշխարհի 67 երկրներում: Ամբողջ աշխարհում օրական 4 540 345 դեղաչափեր պատվաստանյութ է ներարկվում: Ընդհանուր առմամբ, մինչև մարտի 1-ն արդեն ներարկվել է 119 միլիոն դեղաչափ, իսկ օրական միջինը պատվաստվում է մինչև 6,1 միլիոն մարդ:

Ի՞նչպես կընթանա գործընթացը Վրաստանում

Վրաստանի օկուպացված տարածքներից ստիպված տեղահանվածների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարարության տեղեկությամբ՝ նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ աճը կանխելու նպատակով, նախարարությունը որոշել է համագործակցել «COVAX» կառույցի հետ ՝ գործարկելու համար պատվաստման գործընթացը: Այս պլատֆորմը նպաստում է ախտորոշիչ և բուժական միջոցների, պատվաստանյութերի մշակմանը, արտադրությանը և արդար բաշխմանը:

Փետրվարի վերջին Վրաստանը «COVAX» կառույցի միջոցով պետք է ստանար 29 250 դեղաչափ «Pfizer»-ի արտադրության պատվաստանյութ: Այս պլատֆորմը Վրաստանին առաջարկում է նաև «AstraZeneca»-ի արտադրության պատվաստանյութը:

Ըստ Առողջապահության նախարարության՝ մարտի 3-ի դրությամբ, Վրաստանը պատվաստանյութերը դեռ չի ստացել, երկիրը սպասման ռեժիմում է: Ըստ գերատեսչության, պատվաստանյութերի ձեռքբերման և պատվաստման գործընթացում մասնակցում են նաև Վրաստանի կառավարությունը, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Այս բոլոր կառույցներն ակտիվորեն համագործակցում են պատվաստանյութեր արտադրող ընկերությունների հետ:
Վրաստանում պատվաստումը կլինի կամավոր, իսկ ծախսերը կհոգա պետությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ նոր կորոանվիրուսի դեմ պատվաստման ուղղությամբ խորհուրդ է տրվում բժշկական անձնակազմին վերապատրաստել պատվաստումից առնվազն 10-14 օր առաջ: Վրաստանում, սակայն, այս գործընթացը դեռ չի սկսվել:

Ո՞ր պատվաստանյութով են պատվաստելու Վրաստանում

Ընկերությունների կողմից ներկայացված հեռանկարային պատվաստանյութերը ներկայումս շուկայում 10-ն են, դրանցից չորսն արտադրվում են Չինաստանում՝ «CanSino», «Sinopharm» (Beijing), «Sinopharm» (Wuhan) և «Sinovac»: Հնդկաստանում՝ ընդամենը մեկը՝ «Bharat», իսկ Ռուսաստանում՝ «Գամալեյան» և «Vector Institute»-ը: Մեծ Բրիտանիայում արտադրված երկու պատվաստանյութերն են՝ «Oxford-AstraZeneca»-ն և «Pfizer-BionTeck»-ը: ԱՄՆ-ում դրանք երեքն են` «Jonson & Jonson», «Moderna» և «Novavax»:

Բարձր է գնահատված երկու պատվաստանյութերի արդյունավետությունը, որոնցով պատրաստվում են պատվաստվել
բնակչությանը Վրաստանում: Օրինակ՝ «Pfizer-BionTeck»-ը հեռանկարայինների միջև համարվում է ամենաարդյունավետը՝ 95%-ով, իսկ «Oxford-AstraZeneca»-ն՝ 62-90%՝ կախված ընդունված դեղաչափերից: Երկուսն էլ հաստատված են առնվազն մեկ երկրում: «PfizerBionTeck»-ը հաստատված է նաև ԱՄՆ-ում: Բոլոր պատվաստանյութերը, բացառությամբ «CanSIno»-ի և «Jonson& Jonson»-ի, պետք է ներարկվեն երկու անգամ, այսինքն` երկփուլ պատվաստում:

Ավելի մանրամասն Վրաստանի համար նախատեսված պատվաստանյութերի մասին

«PfIzer»-ը մշակվել է գերմանական «BioNTech» ընկերության և ամերիկյան «Pfizer» դեղագործական կոնցեռնի կողմից: Այս պատվաստանյութը առաջինն է (2020 թվականի դեկտեմբեր) ԵՄ-ում օգտագործման համար թույլատրվածների շարքում: Պատվաստանյութը հաստատված է նաև ԱՄՆ-ում: «Pfizer»-ը նաև ԱՀԿ-ի կողմից առաջին պաշտոնապես հաստատված պատվաստանյութն է:

«AstraZeneca»-ն մշակվել է շվեդ-բրիտանական դեղագործական արտադրողի կողմից` Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ: Այն հաստատված է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, ինչպես նաև այլ երկրներում:

Ինչո՞ւ է անհրաժեշտ պատվաստումը

ԱՀԿ-ն կարծում է, որ դիմադրողականությունը պետք է լինի 65%-ից 70%, որպեսզի վիրուսի փոխանցումն ընդհատվի: Այնուամենայնիվ, շատերի համար, այդ թվում՝ ախալքալաքցիների, պատվաստանյութերի ստեղծման արագ տեմպերը կասկածներ են առաջացնում դրա անվտանգության առումով:

Եվ իրոք, որոշ դեղեր և պատվաստանյութեր պահանջում են շատ տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ: Կան հիվանդություններ, որոնք դեռ անբուժելի են: Գիտնականներին տարիներ են պետք նոր պատվաստանյութեր մշակելու համար, սակայն համավարակային պայմաններում և ԱՀԿ-ի հովանու ներքո գտնվող տարբեր երկրների գիտնականների ակտիվ համագործակցությամբ դա հնարավոր դարձավ շատ ավելի կարճ ժամկետներում: Տարբեր պատվաստանյութեր գտնվում են կիրառման տարբեր փուլերում: Նախակլինիկական փորձարկումներից հետո (կենդանիների վրա) սկսվում են հետազոտության փուլերը, դրանք երեքն են: Առաջին փուլում պատվաստանյութը փոխանցվում է մի քանի մարդկանց՝ ստուգելու անվտանգությունն ու դեղաքանակը և համոզվելու, որ պատվաստանյութը խթանում է դիմադրողականությունը: Երկրորդ փուլի ընթացքում պատվաստանյութը ներարկվում է հարյուրավոր մարդկանց, տարբեր խմբերում, օրինակ` տարիքային խմբերում, որպեսզի ուսումնասիրվի այս խմբերում ազդեցության տարբերությունը: Երրորդ փուլն էլ դա այն փուլն է, երբ պատվաստանյութը ներարկվում է հազարավոր կամավորների, և արդյունքները հետազոտվում են: Տարբեր պատվաստանյութեր անցել են տարբեր աստիճանի հետազոտություններ: Ըստ «The New York Times»-ի՝ «Pfizer»-ը և «AstraZeneca»-ն, որոնք մատակարավելու են Վրաստանին, անցել են բոլոր 3 փուլերը:

«Բոլոր պատվաստանյութերն են անցե՞լ այս փուլերը: Եվ այո, եւ ոչ: Պատվաստանյութերը, որոնք հաստատվել են ԱՄՆ-ում կամ ԵՄ երկրներում կարգավորող մարմինների կողմից, ապա այո՝ դրանք անցել են բոլոր 3 փուլերը միջազգային չափանիշներին համապատասխան և, հաշվի առնելով բոլոր գործոնները, ուսումնասիրվել են այդ փուլերի արդյունքները, որոնք համարվում են հուսալի և բավարար՝ զանգվածային օգտագործումը թույլ տալու համար: Պատվաստանյութերը, որոնք չեն հաստատվել առաջատար, հեղինակավոր, կարգավորող մարմինների և ԱՀԿ-ի կողմից՝ կամ չեն անցել բոլոր փուլերը, կամ էլ՝ ուսումնասիրության արդյունքները բավական համոզիչ չեն», – ասում է առողջապահական համակարգի մասնագետ, բժիշկ Դավիթ Գզիրիշվիլին:

Ի՞նչ է պատվաստանյութն ընդհանուր իրենից ներկայացնում՝ այն օրգանիզմը նախապատրաստում է հարուցչի՝ վիրուսի
կամ մանրէի դեմ պայքարին, որը պարունակում է իր մեջ մեռած կամ թուլացված միկրոօրգանիզմներ, դրանք առաջացնում են հիվանդությունը, կամ դրանց մասնիկները, որոնք իմունային համակարգին ստիպում են ճանաչել և արտադրել հակամարմիններ՝ հետո պայքարել դրանց դեմ… Որոշ նոր պատվաստանյութեր զգալիորեն տարբերվում են դասականներից, դրանք այսպես կոչված mRNA (մ-ՌՆԹ, մատրիցային ՌՆԹ) պատվաստանյութերն են, որոնք առաջացնում են իմունային պատասխան գենային մակարդակում:

«Հաշվի առնելով պատվաստանյութերի մշակման արագացված տեմպը, պատվաստումը շատ ավելի անվտանգ է, քան,
օրինակ, հիվանդության բարդ վիճակով հիվանդանոց կամ «հանգուցյալ աշխարհ» հայտնվելու հավանականությունը»,- ասում է Դավիթ Գզիրիշվիլին:

Ինչո՞ւ է պատվաստումը կատարվում է երկու փուլով

Հարկ է նշել, որ պատվաստանյութերի մեծ մասը, ներառյալ «Pfizer»-ը և «AstraZeneca»-ն, ներարկվում են երկու փուլով: Պատվաստանյութն իմունային համակարգում ակտիվացնում է լեյկոցիտների երկու կարևոր տեսակ: Առաջին հերթին դրանք պլազմատիկ B բջիջներն են, որոնք հիմնականում մասնակցում են հակամարմինների արտադրության գործում: Այնուամենայնիվ, այս տեսակի բջիջները կարճատև են, ուստի, չնայած օրգանիզմը կարող է ձեռք բերել բազմաթիվ հակամարմիններ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, առանց երկրորդ ներարկման, այն հաճախ ուղեկցվում է հակամարմինների քանակի արագ կրճատմամբ: Երկրորդ տեսակը T բջիջներն են, այդ բջիջների խնդիրն է կայանում հայտնաբերել և ոչնչացնել հարուցչին: Հիշողության T բջիջները կարող են մնալ օրգանիզմում տասնամյակներ, ինչը նշանակում է, որ պատվաստանյութերի կամ վարակների իմունիտետը երբեմն կարող է տևել ամբողջ կյանքի ընթացքում:

«Նախ և առաջ, արդյունավետության համար (պաշտպանության բարձր մակարդակ), օրինակ՝ «Pfizer»–ի երկու դեղաչափերը պաշտպանում են 95%-ի դեպքերում, իսկ մեկ դեղաքանակը՝ 85%-ով, և պաշտպանության կայունության համար՝ տևողությունը: Չնայած մենք դեռ չգիտենք, թե որքան է մնում իմունային պաշտպանությունը երկու դեղաչափից հետո` միգուցե մեկ տարի, միգուցե հինգ…: Հնարավոր է անհրաժեշտ լինեն ննջեցնող և երկարաձգող դեղաչափեր, ուսումնասիրելու համար ժամանակ է հարկավոր», – ասում է Գզիրիշվիլին:

Պատվաստումների կողմնակի ազդեցությունները և ռիսկերը

Թեև, ինչպես պարզվում է, պատվաստումների գործընթացն աննկատ չի անցնում: Շատ դեպքերում ներարկման տեղը կարող է կարմրել, այտուցվել կամ ցավոտ լինել: Պատվաստումից հետո մարդը կարող է թուլություն զգալ, կարող է ունենալ բարձր ջերմություն, գլխացավ և հոդացավ, մկանային ցավ, ավշային հանգույցների այտուցվածություն (լիմֆադենոպաթիա), սրտխառնոց և այլն: Պատվաստված անձը պետք է պատրաստ լինի այս ախտանիշներին:

«Pfizer»-ի պատվաստման սկզբից ի վեր, պատվաստանյութն առաջացրել է ծանր ալերգիկ ռեակցիաներ փոքր թվով հիվանդների մոտ: Երեք մարդ ունեցել է անաֆիլակտիկ ցնցում (մարմնի կտրուկ ավելացված զգայունության վիճակ), ուղեկցվում է մաշկի կարմրությամբ և շնչառության անբավարարությամբ: Ուստի, բրիտանական առողջապահական մարմինները նախազգուշացրել են ալերգիկ հիվանդներին՝ պատվաստման վտանգների մասին:

«AstraZeneca» պատվաստանյութով պատվաստումը հիվանդների մոտ առաջացրել է տիպիկ ռեակցիաներ՝ ցավ ներարկման տեղում, գլխացավ և մկանային ցավ: Հետպատվաստային ռեակցիաները տարեց հիվանդների մոտ ավելի հազվադեպ են արտահայտվել և ունեցել են ավելի մեղմ ընթացք:

Հարցին, թե պատվաստումներից հետո անաֆիլակտիկ ցնցումից մահեր եղե՞լ են, իմունաբան Դավիթ Գզիրիշվիլին պատասխանում է. «Այո, բայց այդ դեպքերի թիվն ավելին չէ, քան գետնանուշի կամ այլ ընդեղենի ընդունումից, կամ էլ՝ տեղական անզգայացնող (խմբ. Զգայունությունը նվազեցնող դեղեր) դեղորայքից մահվան ելքերի թիվը: Քանի որ պատվաստում են բժիշկները, ոչ թե փոստատարները, անաֆիլաքսիայի դեմ պայքարը բարդ չէ», – ասում է նա:

Կարո՞ղ են պատվաստվել երեխաներն ու հղիները

Չնայած որոշ բժիշկներ խորհուրդ չեն տալիս պատվաստել հղի կանանց և երեխաներին, «CDC»-ն առաջարկում է, որ հղիները պատվաստվեն, քանի որ հղի կանայք ենթակա են «COVID-19»-ի ծանր հիվանդության ընթացքի ռիսկին: Երեխաների պատվաստման վերաբերյալ հստակ պատասխաններ չկան, բայց «The New York Times»-ն ասում է, որ երեխաների համար պատվաստուկը չի լինի մինչև ամառ: «Pfizer-BioNTech» պատվաստանյութը հաստատվել է դեկտեմբերին՝ 16 տարեկանից բարձր բոլոր անձանց համար: Ընկերությունը շարունակել է փորձարկել երիտասարդ կամավորների շրջանում՝ հավաքագրելով 12-ից 15 տարեկան 2259 դեռահասի: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ երկու անգամ ավելի հավանական է, որ կորոնավիրուսով վարակվեն դեռահասները, քան փոքր երեխաները:

«Որքանով ես գիտեմ, դրանք դեռ նշված չեն երեխաների պատվաստման համար: Յուրաքանչյուր պատվաստանյութ ունի իր կիրառման կանոնները: Ես գիտեմ նաև, որ հղի կանանց շրջանում Pfizer պատվաստանյութի օգտագործման վերաբերյալ ուսումնասիրություններ են սկսվել: Մյուս կողմից, պատվաստանյութերի սուր պակասություն է տիրում, այս հարցն արդիական չէ շատ երկրներում, քանի որ երեխաներն ու հղիները վտանգի գոտում չեն», – ասում է առողջապահության գծով մասնագետը:

Պատվաստումից հետո պե՞տք է դիմակ կրել

Առայժմ որևէ ապացույց չկա, որ գոյություն ունեցող պատվաստանյութերից մեկ կամ նույնիսկ երկու դեղաչափի ներարկումը կդադարեցնի վիրուսի փոխանցումը մյուսներին:

«Այո, դիմակը պետք է կրել, եթե հարգում ես այլոց և կարեկցում ես նրանց: Բացի այդ, հայտնի չէ, թե պատվաստված անձը կարող է արդյո՞ք վարակը փոխանցել, եթե ինքն այդ ժամանակ հիվանդ չէ: Երբ պատվաստվածների մակարդակն ավելի բարձր կդառնա, քան 70%-ը (այսինքն՝ շրջառում), ապա այդպիսի միջոցառումն, ամենայն հավանականությամբ, ավելորդ կլինի», – ասում է Գզիրիշվիլին:

«COVID-19»-ով արդեն վարակվածներին հարկավո՞ր է պատվաստել

Կարծիք կա, որ եթե դու վարակվել ես կորոնավիրուսով, ապա պատվաստումն անհրաժեշտ չէ, այնուամենայնիվ, դա այդպես չէ:

«Եթե դու վարակվել ես կորոնավիրուսով, այլևս ինչու պատվաստվել… Քանի որ երաշխիք չկա, դեռ ուսումնասիրված չէ, որ բնական ձեռքբերովի անձեռնմխելիությունը երկար կտևի և հուսալիորեն կպաշտպանի», – ասում է Դավիթ Գզիրիշվիլին:

Ինչևէ, Վրաստանում պատվաստումն արդեն իսկ իրականություն է դառնում, այս գործընթացը լինելու է կամավոր հիմունքներով, և բոլորը ստիպված կլինեն ընտրություն կատարել՝ կորոնավիրուսով վարակվելու հնարավորության և պատվաստանյութի միջև, որը ներկայումս ամենաարդյունավետ միջոցն է կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում, որը գլխիվայր շուռ է տվել ողջ մարդկության կյանքը:

Քրիստինե Մարաբյան