Թուրքիային սահմանամերձ Կարծախ գյուղի բնակիչները սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած անասունների գողութունից հետո վախեցած են և սպառնում են կանգնեցնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության աշխատանքները Կարծախի հատվածում:
Կարծախցիները վախեցած ու անհանգստացած են գյուղում տեղի ունեցած գողության պատճառով: Այսուհետ գյուղացիները ամեն երեկո քնելուց առաջ մի քանի անգամ ստուգում են, արդյո՞ք հաստատ կողպել են տան դռները և փակել՝ պատուհանները:
Սեպտեմբերի 12-ի գիշերը, լույս 13-ի առավոտը Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում տեղի է ունեցել անասունների գողություն: Թուրքերը գողացել և վրաց-թուրքական դեռևս փակ սահմանով անցկացրել են Թուրքիա 33 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) համաձայն: Թե վրացական, թե թուրքական կողմը առանձին-առանձին հետաքննություն են անցկացնում: Կարծախի բնակիչները 2 օր դադարեցրել էին երկաթգծի շինարարության աշխատանքները, որից հետո սեպտեմբերի 14-ին թուրք սահմանապահները հանդիպման են հրավիրել վրացական կողմին, և խնդրել են չխոչընդոտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքներին:
«Նստեցինք խոսցինք, ամեն ինչ արձանագրվեց: Մեծ հույսեր տվեցին, ասելով, որ առավոտվանից կսկսեն որոնողական աշխատանքները և իրենց խնդրանքն է՝ թույլ տալ վերկսել երկաթգծի շինարարության աշխատանքները: Երկաթգիծը էդքան չէ, ինչքան թունելը, որի վրա կոնկրետ թուրքերն են աշխատում: Երկու օր ժամանակ են խնդրել, այսօրվա դրությամբ սպասումների մեջ ենք»,- ասաց գողացված անասունների տեր՝ Ատոմ Հողմրցյանը:
Վերջինս այս տարի, ապրիլ ամսին՝ 77 000 լարի բանկից վարկ էր վերցրել և Մառնեուլի շրջանից 34 կով, ամեն մեկը 2000 լարիով գնել: Վարկով վերցրած փողերով Ատոմը նաև անասնագոմ էր կառուցում, քանի որ անասունները պահելու տեղ չուներ և ստիպված բարեկամի հին տանն էր պահում:
Գողությունից հետո Կարծախում բոլորը լարված են ապրում:
«Մարդիկ վախեցած են, իմ տանս ժողովուրդը վախեցած է, իրիկունը դուռ-պատուհան փակում ենք, նորից ստուգում ենք, թե հանկարծ բաց չենք թողել, էլի չգան: Գիտենք, թե նորից են գալու», – ասաց Ատոմը:
Այսօր կարծախցիները դժվարանում են խոսել ապագայի մասին, սական բոլորը միաբերան հաստատում են, որ կովերը չվերադարձնելու դեպքում կդադարեցնեն երկաթգծի շինարարության աշխատանքները:
«Չեմ պատկերացնում հետագայի վիճակն ինչ է լինելու: Սրանց խելքերն ու մտքերը թունելի շինարարության աշխատանքները վերսկսելն է, կարող է սրանից ելնելով վերադարձնեն, թե չէ հույս չկա: Բոլորս էլ աջակցում ենք և պատրաստ ենք նույնիսկ Բոգդանովկայի (Նինոծմինդա) ճանապարհի վրա կառուցվող կայարանի շինարարությունը կանգնեցնել, որովհետև սա բոլորիս է վերաբերում: Ես ինչ երաշխիք ունեմ, որ վաղն էլ իմ անասուններին չեն գողանալու», – ասաց մեկ այլ բնակիչ:
Գյուղացիները անհանգստացած են: Նրանք մտածում են, եթե վրաց-թուրքական Կարծախի սահմանը դեռ չի գործում, բայց թուրքերն արդեն անարգել տուն են մտնում, ի՞նչ է լինելու դրանից հետո…
«Եթե այսօր սահմանը բաց չէ, գալիս մեր գոմերից գողություն են անում: Վաղը սահմանը բացվեց ինչ է լինելու՞, թուրքը հայի համար լավ բան չի մտածում: Մեզ մնում է դիմակայել… Մեր գյուղի պատմութունը նորից է կրկնվում: 100 տարի անցավ էլի մենք պիտի ինչ-որ ձևով դիմակայենք, մեր ուժը մեր միասնության, խելքի մեջ է»,- ասաց գյուղի բնակիչ Հակոբ Սերոբյանը:
Մինչ թուրքական կողմը ելքեր է փնտրում երկաթգծի շինարարությունն անարգել ավարտին հասնցելու, կարծախցիների պայմանական ժամկետը մոտենում է ավարտին:
Աղունիկ Այվազյան