Ախալքալաքի ձկնորսները անհանգստացած են: Նրանք ասում են, որ Կարմիր գրքում գրանցված, Փարվանա գետում գտնվող գետի իշխանը ոչնչացման եզրին է: Դրանում նրանք մեղադրում են որսագողերին ու «Փարավանի» ՀԷԿ-ին: Որսագողերի նկատմամբ տարվում է վերահսկողություն, «Փարավանի» ՀԷԿ-ն ունի ձկնանցման հարմարություն, բայց գետի իշխանի թվաքանակի պակասը գետում ակներև է:

Ախալքալաքում մոտ 100 մարդ զբաղվում է սիրողական ձկնորսությամբ: Սա նրանց հոբբին է, և վերջին մի քանի տարիների ընթացքում նրանք ծայրաստիճան մտահոգված են ձկների պոպուլյացիայի և հատկապես գետի իշխանի քչացման համար: Ձկնորսները պատճառներից մեկը համարում են որսագողերի թվի աճը, ովքեր հոսանքով ձուկ են բռնում նույնիսկ ձկնկիթ դնելու ու բեղմնավորման ժամանակահատվածում, երբ ձկնորսությունն արգելված է: Ըստ նրանց, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում:

«Սա մեր հարստությունն է, ինչու ոչնչացնել ձկներին: Մենք երբ գնում ենք ձկնորսության հանգստանում ենք, ձկնորսություն ենք անում նորմալ եղանակով: Ես հանգստանում եմ, երբ ձուկ եմ բռնում: Յուրաքանչյուր որսագող ունի իր տեղը, նրանք միմյանց հետ կռվում են տեղի համար: Սկսած Օրոջալարից մինչև Խոսպիո որսագողերն իրենց մեջ տեղերը բաժանել են և հոսանքով ձուկ են բռնում: Ձուկն անհետացել է, խնդրում ենք Ձեզ ,օգնեք մեզ», – ասում է ձկնորսներից մեկը:

Ձկնորսներն ասում են, որ տևական ժամանակ է ահազանգում են, բայց տարեցտարի իրավիճակը միայն վատթարանում է:

«Մենք արդեն հոգնել ենք պայքարելուց: Մի անգամ զանգահարեցինք Ախալցիխեի բնապահպանական տեսչություն, նրանք եկան, ես ցույց տվեցի, ասացին՝ կգտնենք և գնացին: Մինչև նրանք Ախալցիխեից գալիս են, որսագողերն արդեն իրենց գործն անում են ու հեռանում: Տեսուչները գալիս են միայն ցերեկները, իսկ որսագողերը գիշերն են բռնում ձուկը », – ասում է մեկ այլ ձկնորս:

Ձկնորսները ահազանգում են. Գետի իշխանը ոչնչացման եզրին է:
Բնապահպանության տարածաշրջանային վարչության տեսուչ Պաատա Պարունաշվիլին ասում է, որ նրանք շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում և մոնիթորինգ են անցկացնում: Աշխատում է 5-6 բրիգադ:

«Մեր տղաներն ամեն օր հսկողություն են տանում Փարվանայում և Քուռ գետում, բայց նրանց աշխատանքը մի կոնկրետ տեղում պահակություն անելով չէ, նրանք չեն կանգնում մի վայրում, այլ անընդհատ շարժման մեջ են, նրանք ամեն օր անցնում են 25-30 կմ, վերահսկում են և ցերեկը, և գիշերը: Դեպքեր են եղել, որ ամիսը 10 մարդ տուգանվել է, ճիշտ է, ամեն ամիս այդպես չի: Որսագողերին ոստիկանությունն էլ է բռնում», – ասում է Պաատա Պարունաշվիլին:

Ըստ Պաատա Պարունաշվիլիի, վարչական խախտման դեպքում տուգանքը 100-ից 500 լարի է, իսկ արգելված մեթոդներով ձկնորսությունը ոչ թե վարչական խախտում է, այլ քրեական պատժելի զանցանք է:

Սակայն, ըստ ձկնորսների, ձկների համար վտանգ միայն որսագողությունը չի ներկայացնում:

«Բացի որսագողերից, «Փարավանի» հիդրոէլեկտրակայանն էլ է նպաստում ձկների ոչնչացմանը: Ձկները միշտ ձվադրման ընթացքում բարձրանում են վերև, բայց ՀԷԿ-ի մոտ դրա համար տեղ չկա, նրանք բախվում են բետոնին և կանգ առնում », – դժգոհում է երրորդ ձկնորսը:

ՀԿ «Քաղաքացիական ֆորում»- ի անդամ, ով զբաղվել է բնապահպանական հարցերով, ինչպես նաև Ախալքալաքի տեղական զարգացման խմբի (LAG) անդամ Միխայիլ Կոլիկիդին նույնպես համարում է, որ հիդրոէլեկտրակայանները խոչընդոտ են ձկնկիթ դնելու ընթացքում:

«Որպեսզի ձկները ձկնկիթ դնեն, բարձրանում են մինչև Նինոծմինդա, նրանք ձվադրում են առվակներում, այդ պատճառով էլ կոչվում են գետի իշխան, բայց ամբարտակում չկա անցում, որպեսզի նրանք բարձրանան», – ասում է նա:

Երբ «Փարավանի» հիդրոէլեկտրակայանի կառուցման ընթացքում այդ հարցը քննարկվում էր քաղաքապետարանում (այդ ժամանակ Գամգեոբա), Միխայիլ Կոլիկիդին այն հանձնաժողովի կազմում էր, որը քննարկում էր հիդրոէլեկտրակայանի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

«Երբ նրանք ուզում էին հիդրոէլեկտրակայան կառուցել,Գամգեոբայում հանդիպում կայացավ, եկան բնապահպանական ծառայության ներկայացուցիչներ, այդ ժամանակ մենք ունեինք ՀԿ թիմ, որը զբաղվում էր բնապահպանական հարցերով, որտեղ ընդգրկված էի նաև ես: Նախագծում չէր նախատեսված ձկների անցման տեղ, մենք պահանջեցինք, որ նրանք անպայման մտցնեն, և նրանք խոստացան: Նրանք խոստացան կառուցել ձկնանցում, որը գոնե աշխատի ձկների բեղմնավորման ընթացքում, բայց ձուկը բարձրանում է ամբարտակին հարվածում և կանգ առնում արյունոտ վիճակում: Փաստացի կառուցվել է, բայց այն ֆիկտիվ բնույթ ունի: Միջանցքում ջուր ընդհանրապես չկա, ինչպես ձուկը լողա այնտեղով՝ ձկնկիթ դնելու համար: Այս խնդիրն առաջացավ հիդրոէլեկտրակայանի կառուցումից հետո, և արդյունքում կտրուկ նվազեց իշխանի և ոչ միայն իշխանի քանակությունը », – ասում է Միխայիլ Կոլիկիդին:

Որպեսզի համոզվենք, «Փարավանի» հիդրոէլեկտրակայանի տարածքում արդյոք կա ձկնանցում, մենք այցելեցինք այնտեղ, մասնավորապես՝ ջրառման կայան:

«Փարավանի» հիդրոէլեկտրակայանը սկսել են կառուցել 2010-ին, այն շահագործման է հանձնվել 2014-ի հոկտեմբերից: ՀԷԿ-ը պատկանում է թուրքական «Georgia-Urban Energy» ընկերությանը:

«Փարավանի» հիդրոէլեկտրակայանի բնապահպան Դավիթ Նոզաձեն հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ ձկները ձվադրման ընթացքում վերև բարձրանալու համար անցուղի չունեն, ցույց տալով մեզ այսպես կոչված ձկնանցնումը:

ges1

Ըստ Դավիթ Նոզաձեի՝ նրանք աշխատում են եվրոպական չափանիշների համաձայն:

ges2

«Եթե այստեղ ջուր չլինի, ապա բնության պաշտպանության անձնակացմն անմիջապես կգա, նրանք վերահսկում են: Առանց ձկան անցուղիների, էկոլոգիան թույլ չի տալիս աշխատել նույնիսկ փոքր հիդրոէլեկտրակայաններին: Մենք տարեկան 4 անգամ մոնիտորինգ ենք իրականացնում: Բոլոր ձկներն անցնում են ձկնանցումով, եթե ձկնանցումով չանցնեն, այլ կողքով, ապա այնտեղ փակ է, կան ժալյուզներ, նրանք շրջվում են ու արագընթաց հոսանք են փնտրում, որպեսզի բարձրանան վերև: Նրանք վերև են բարձրանում, դա նրանց բնազդն է, նրանք գտնում են այլ անցումներ: Երբ հիդրոէլեկտրակայանը բացվեց, Բաթումիից և Թբիլիսիից ձկնաբանների հրավիրեցին, նրանք երկու տարի մոնիտորինգ էին իրականացնում և հետևում: Եվ եկան այն եզրահանգման, որ ձկների անցումը հիանալի է գործում », – ասում է Դավիթ Նոզաձեն:

Նոզաձեն չի հերքում, որ ձուկը ոչնչացման եզրին է, սակայն դրա պատճառը համարում է գետերի աղտոտումը:

«Մենք ամեն տարի գետից հանում ենք 50-60 տոննա աղբ: Աղբն է խանգարում ձկներին: Մենք հավաքում ենք այն, այնուհետև տանում ենք Նինոծմինդայի աղբանոց» , – ասում է նա:

гэс

Էկոլոգիան «խախտվել է» ամբողջ աշխարհում, հավասարակշռությունը խափանվել է, և ընթանում է գոյություն ունեցող տեսակների ոչնչացման պրոցես, այնուամենայնիվ, յուրաքանչյուր երկիր պարտավոր է կանխել և հետևել, որ դրան նպաստող հանգամանքներ չլինեն:

Շուշան Շիրինյան