Խոպան հասկացողությունն ու դրանից բխող հետևանքները ջավախքցիների կյանքում: Ինչպես է, երբ 6-8 ամիս ընտանիքը բաժան-բաժան է ապրում: Հացի փողը վաստակելու համար ինչեր են զոհաբերում ընտանիքները:
Փոքր ժամանակ երազում էի՝ տեսնես կլինի մի օր, որ ես էլ դասընկերներիս նման աչքալույսի կոնֆետներ բաժանեմ: Այդ օրը չուշացավ: Չորորդ դասարանում առաջին անգամ հայրս գնաց խոպան: Իմ մանկական երազանքը շատ արագ վերափոխվեց: Ստիպված օրերն էի հաշվում, թե հայրս երբ է տուն գալու: Մանկությանս ամենատխուր ամիսները կարծես տարիների էին վերածվել: Հայրս տուն մտավ սև ճամպրուկը ձեռքին: Քույրս, եղբայրս ու ես հորս մոտից չէինք հեռանում և միաժամանակ կարծես ամաչում էինք մոտենալ: Նա կարծես օտար էր այդ վայրկյանին: Մեկ շաբաթից ավելի ժամանակ պահանջվեց մինչև ընտանիքի գաղափարն իմ պատկերացումներում վերածնվեց ու վերամիավորվեց: Դասընկերներիս կոնֆետներ էի բաժանում ու երազում, որ այլևս հայրս չգնա…
«Ինչ հիշում եմ, ամուսինս ամեն տարի խոպան է գնում: Երեխաներս մեծացան, բայց նա չտեսավ ինչպես քայլեցին, խոսեցին: Ամուսինս ժամանակավոր մարդ էր դարձել մեր ընտանիքում: Տղաս ծնվեց, երկու ամիս անց ամուսինս գնաց խոպան և երբ հետ եկավ տղաս չէր ճանաչում: Հարևանի մեծ տղային էր հայրիկ ասում: Ամուսինս շատ ծանր էր տանում այդ փաստը, կոնֆետներ էր տալիս, խաղալիքներ գնում, մինչև որ տղաս ընտելացավ և որպես հայր ընդունեց նրան», – պատմեց Աննան (անունը փոխված է):
11 տարի առաջ Աննայի 5 հոգուց բաղկացած ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Նրանք այժմ վարձով են ապրում, հազիվ են կարողանում առօրյա ծախսերը հոգալ և տան վարձը տալ: Աննան նախընտրում է ամուսնու և երեխաների հետ միասին ապրել, թեկուզ ավելի վատ պայմաններում, քան առանձին, գյուղում:
«Սկզբում շատ դժվար էր, հատկապես երեխաներիս համար: Չէին հարմարվում, դպրոցը ռուսերեն էր, լեզուն չգիտեին, ամենահեշտը փոքր տղայիս մոտ ստացվեց: Նա միանգամից այստեղ մանկապարտեզ գնաց», – նշեց Աննան:
Ավելացնելով, որ այս տարիների ընթացքում ընդամենը երեք անգամ են կարողացել գյուղ գնալ ծնողներին տեսնելու: «Քիչ-քիչ գումար եմ հավաքում 2-3 տարին մեկ, ամռան ամիսներին երեխաներիս եմ ուղարկում կամ միասին գնում ենք գյուղ, որ երեխաները գյուղից չկտրվեն: Տատիկ-պապիկներին տեսնեն: Դժվար է միայն skype-ի միջոցով ենք շփվում: Ճիշտ է ամեն օր խոսում ենք, բայց կենդանի շփում չկա»:
Մելքոնյան ամուսինները Ջավախքի գյուղերից մեկում իրենց ծերությունը միայնակ են անցկացնում:
«Սա կյանք չի, ներս ես մտնում կենդանի շունչ չկա: Տուն մտնելս չի գալիս: Հնարավորություն չկա հոս ապրելու: Գոնե լավ է մանչս ընտանիքը տարավ, իրար հետ են: Ծեր ենք, դժվար է, բայց ինչ անենք մերն էլ այսպես է», – ասաց Աշխեն տատը, ում որդին ընտանիքի հետ 11 տարի է Մոսկվայում է բնակվում:
Աշխեն տատի խոսքերով, արտագնա աշխատանքի պատճառով ամուսիններն օտարանում են իրարից, մի տեսակ սառում են:
«Մարդիկ իրար կողքի ապրում են չեն կարողանում իրար հասկանալ մի հարկի տակ, ընտանիքի կեսն այստեղ, կեսն այնտեղ, ինչքա՞ն կարող են դիմանալ: Ամեն մեկն սկսում է իր կյանքով ապրել, մինչև տղամարդիկ գալիս են, նորից գնալու ժամանակն է: Ընտանիքն ինքստինքյան սկսում է քայքայվել»,- ավելացրեց 78 տարեկան Աշխեն տատը, ով հարսին ու թոռներին իր որոշմամբ է ուղարկել որդու մոտ:
Աննայի ամուսինը, Աշխենի տղան՝ Հայկը (անունը փոխված է) մշտական աշխատանք չունի Ռուսաստանում: Ապրիլից մինչև նոյեմբեր Հայկը տարբեր աշխատանքներ է անում, որ կարողանա ընտանիքի կարիքները հոգալ:
«Ամեն ինչ անում եմ: Լինում է ամսով եմ աշխատում, լինում է օրով: Ամեն աշխատանքի գնում եմ: Ինչ անես մի օր չաշխատես՝ անոթի կնստես: Այստեղ նույնիսկ պարտքով փող չեն տալիս իրար: Երեք երեխա ունեմ, հազիվ եմ հասցնում: Առավոտ 6-ին գնում եմ, գիշերը լավագույն դեպքում 11-12-ին նոր տուն եմ գալիս», – ասաց Հայկը:
Վերջինիս հանդիպեցինք Մոսկվայում: Նա մանկական խաղադաշտի շինարարության վրա էր աշխատում: Չնայած Հայկը առողջական բազմաթիվ խնդիրներ ունի, այնուամենայնիվ ամռան տապին, թե ձմռան ցրտին՝ աշխատում է:
«Օրը 2-3 000 ռուբլի հազիվ եմ վաստակում: Երեք երեխաներին հագցնել, կերակրել է պետք, տան վարձ տալ: Մի խոսքով բարդ է այստեղ ապրել: Տեսնում եք ինչ դժվարությամբ ենք աշխատում: Լինում է փողը չեն տալիս, ամիսներով սպասում ես»,- պատմեց Հայկը:
Մոսկվայում եղանք բանվորների համար նախատեսված հատուկ վայրում, որը վերջիններիս կողմից ընդունված է անվանել «բազա» կամ «գարաժ»: Կողք-կողքի շարված փոքրիկ շարժական տնակներ, որոնց մեջ տեղավորված է գրեթե ամեն ինչ, բառիս բուն իմաստով: Սկսած մահճակալից, ամանեղենից վերջացրած մինչև շինարարական ամենատարբեր իրեր: Հենց այս փոքրիկ տնակներում են 7-8 ամիս բնակվում արտագնա աշխատանքի մեկնած տղամարդիկ:
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ջավախքի կանայք Նոր տարվա հետ դիմավորում են նաև իրենց տղամարդկանց, հետո դարձյալ ճանապարհում արտագնա աշխատանքի: Սա անվերջանալի մի պրոցես է…
Այսպես էլ ապրում են ջավախքցիները՝ Ջավախքում և նրա սահմաններից դուրս:
Շարունակելի…
Աղունիկ Այվազյան