Այս տարի վերջապես լուսավորություն անցկացվեց Կարտիկամ գյուղի կենտրոնական փողոցում, սակայն բնակիչները բողոքում են, որ փողոցը կրկին մութ է, էլեկտրական լամպերը փչացել են, իսկ ոչ ոք չկա ով կփոխի դրանք:
Ըստ Կարտիկամ գյուղի բնակիչների, կենտրոնական փողոցում լուսավորության ավելի քան 15 սյուները չեն լուսավորվում:
Գյուղի բնակիչ Նիկոլայ Դումանյանի պնդմամբ՝ լույսը 2 ամիս է չի վառվում:
Մեկ այլ բնակչի՝ Լավրենտ Սարյանի խոսքով, էլեկտրական լամպերը փչացել են, պարզապես պետք է դրանք փոխել:
Քաղաքապետի ներկայացուցիչը Կարտիկամ գյուղում՝ Շալիկո Էլիզբարյանը վստահեցնում է, որ համապատասխան անձանց տեղեկացրել է գյուղի խնդիրների մասին:
«Քաղաքապետարանն արդեն տեղյակ է, նրանք խոստացել են այս խնդիրը լուծել նոյեմբերի վերջին», – ասում է Շալիկո Էլիզբարյանը:
Քաղաքապետի ներկայացուցչի խոսքով՝ նոյեմբերի վերջից աշխատանքները կսկսվեն բոլոր գյուղերում, որտեղ լուսավորման նման խնդիր կա:
Գյուղի բնակիչները հիշեցնում են, որ 2019-ի օգոստոսի 27-ին նրանք հանդիպել էին իշխող կուսակցության պատգամավոր Հենզել Մկոյանի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Նրանք խոստացել են լուծել այդ խնդիրը մի քանի օրից, բայց, ըստ երևույթին, ոչինչ չեն ձեռնարկել:
Բրատիսլավ Իգիթխանյան