Ախալքալաքի միակ կին գյուղապետը Տուրցխ գյուղի բնակչուհի Աննա Ղեւենյանն է։ Նա երկար տարիներ է քաղաքականությունում է և յուրաքանչյուր խնդիր հպարտությամբ է հաղթահարում։
1997 թվականից Աննան աշխատել է տեղի գյուղսովետում, որպես քարտուղարուհի, այնուհետև գյուղում թոշակն է բաժանել։ 2012 թվականից մինչև հիմա Տուրցխ գյուղի գյուղապետն է։ Աջակցություն զգացել է թե՛ գյուղացիների, թե՛ ընտանիքի կողմից։
Գյուղապետ կինը երեք արու զավակների մայր է, ովքեր օգնում են նրան ցանկացած պահի, յուրաքանչյուր հարցում։ Նրա ընտանիքը մեծ է, բաղկացած է 8 հոգուց։ Գյուղապետն արդեն տատիկ է։ Չնայած այն հանգամանքին, որ գյուղապետը միշտ աշխատանքի բերումով դրսում է, հասցնում է տանը թոռնիկի հետ ժամանակ անցկացնել և տան գործերն անել։
Զբաղվում է հողագործությամբ, սակայն առաջնային է համարում գյուղի գործերը։
«Ինձ համար ամենակարևորը գյուղի գործերը ճիշտ և ժամանակին կատարելն է։ Ես մինչ այսօր երբեք չեմ ուշացել ոչ հադիպումներից, ոչ էլ կարևոր գործերից», – ասաց Աննան։
Նա երախտագիտությամբ է նշում, որ գյուղացիները միշտ իր կողքին են, օգնում և աջակցում են։ Գյուղապետի ընտրությունների ժամանակ նրան հենց գյուղացիներն են առաջարկել թեկնածություն դնել։
Իհարկե, որպես գյուղին նվիրված և երկար տարիներ գյուղի խնդիրները տեսած մարդ նա նշում է, որ գյուղում երիտասարդների համար զբաղմունքի տեղ չկա։
«Եթե նրանց համար օրինակ սպորտի կենտրոն ստեղծվի շատ լավ կլինի», – հավելեց նա։
Սակայն Աննան գյուղի առաջնային խնդիրը լուծված է համարում, նրանք ունեն և խմելու, և ոռոգման ջուր։
Գայանե Ակոջյան
Քրիստինե Մարաբյան