Վերանորոգվում է անցած տարի ամբողջովին նոր ասֆալտապատված Բարալեթ-Կաջո ճանապարհը: Ասֆալտապատումն իրականացրած «Լուկրի» ընկերությունն իր հաշվին նորոգում է ճանապարհի փչացած հատվածները:
2018 թվականին ասֆալտապատված Բարալեթ-Կաջո ճանապարհը քանդվում է: Շինարարները կտրել են փչացած հատվածները և նորոգում են դրանք, քանի որ տվյալ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները երկու տարի երաշխիքային ժամանակ ունեն, մինչև 2020 թվականի մայիսի 19-ը:
Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսության և ենթակառուցվածքների բաժնի մասնագետ Ռազմիկ Նահատակյանն ասում է.
«Անցած տարի այդ հատվածի ասֆալտապատումն իրականացրել է թբիլիսյան մի ընկերություն: Այդ ճանապարհը դեռ երաշխիքային ժամկետում է, դրա համար ընկերությունն իր հաշվին իրականացնում է փոսային նորոգումներ: Արդեն կտրտել են ճանապարհի փչացած հատվածները և շուտով կասֆալտապատեն»:
Բարալեթ-Կաջո-Ալաթուման ճանապարհի ասֆալտապատումն իրականացվել է երկու փուլով՝ Բարալեթ-Կաջո և Կաջո-Ալաթուման:
Բարալեթ-Կաջո ճանապարհի մեծ մասն ասֆալտապատվել է անցած տարի, իսկ մնացած փոքր հատվածը և Կաջո-Ալաթուման հատվածն այս տարի:
Մեկ տարի էլ չանցած Բարալեթ-Կաջո ճանապարհն սկսել է քանդվել: Տեսանյութից պարզ երևում է, որ ճանապարհի գրեթե ամբողջ երկյանքով փոսեր են առաջացել:
Տվյալ ճանապարհահատվածը ասֆալտապատող «Լուկրի» ընկերության տնօրեն Իվանե Խիթարիշվիլին ասում է, որ փչացել է մոտ 500 քառ.մ ճանապարհ:
«Աշխատանքներն ավարտել ենք երկու օր առաջ, ճանապարհը փչացել է, քանի որ այդ ճանապարհով այս տարի երթևեկել են այլ շինարարական ընկերության ծանր բեռնատար մեքենաները, 50 տոն և ավելի: Մենք ճանապարհը սպասարկելու ենք մինչ մեր աշխատանքները երաշխիքային ժամկետի մեջ են», – ասում է նա:
Բնակիչները դժգոհում են անորակ ասֆալտապատումից
Բարալեթ գյուղի բնակիչների խոսքերով, այս պահի դրությամբ փոսային վերանորոգման աշխատանքները դեռ շարունակվում են: