Ավելի քան 5 օր է, ինչ Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիո գյուղում ջուր չի մնացել, բնակիչները դժգոհում են, որ ղեկավարությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում: Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալալաքի սպասարկման կենտրոնում խոստանում են լուծել խնդիրը վաղը՝ սեպտեմբերի 10-ին:

Ըստ գյուղացիների՝ նրանք մի քանի անգամ դիմել են համապատասխան անձանց, բայց մինչ այժմ ոչ ոք ուշադրություն չի դարձրել նրանց խնդրին:

«Մի քանի օր մենք ջուր չենք ունեցել, ու երբ կլինի անհայտ է», – ասաց Խոսպիո գյուղի բնակիչուհի Զոյան:

Գյուղի մի մասում, որը գտնվում է համեմատաբար ցածր մակարդակի վրա, ջուրը ինքնահոսով բարակ հոսում է: Մնացած բնակիչներն այնտեղից են ջուր բերում, իսկ ոմանք այն տեղափոխում են այլ վայրերից:

Գյուղացիների խոսքով՝ Խոսպիոյի կենտրոնական ջրամատակարարման գծում վթարը տեղի է ունեցել նախկին դպրոցի մոտ:

«Մենք զանգահարեցինք քաղաքապետարանի ներկայացուցչին Խոսպիո գյուղում, ուզում էինք իմանալ, թե երբ ջուր կունենանք, բայց նա չի պատասխանում», – ասում է Մարինան:

Jur 1

Ըստ Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Արտակ Թառլամազյանի, իրենց աշխատողները վաղը կզբաղվեն խնդրով, և միգուցե վաղը կվերականգնվի ջրամատակարարումը:

Բրատիսլավ Իգիթխանյան