Մուրջախեթ գյուղի քանդված կամուրջը, որը համարվում է մշակութային ժառանգության հուշարձան, գտնվում է վթարային վիճակում: Այն պատճառով, որ դրա վերականգնման համար պահանջվում է թույլտվություն, մեծ ֆինանսներ և շատ ժամանակ, տեղական ղեկավարությունը գյուղացիներին խոստացել է մոտակայքում նոր կամուրջ կառուցել: Երբ այն կլինի պատրաստ, դա նույնպես հայտնի չէ:
Մուրջախեթ գյուղի կամուրջը, որը տեղակայված է գյուղի հարավային մասում և մշակութային ժառանգության հուշարձան է, վաղուց վթարային վիճակում է: Այս տարի կամրջի կենտրոնական մասում առաջացել է մեծ փոս, և կամուրջը փլվել է: Գյուղացիներին վաղուց անհանգստացնում է կամրջի վթարային վիճակը, և, նրանց խոսքերով, իրենք այդ մասին բազմիցս ասել են մունիցիպալիտետի ղեկավարությանը:
«Արդեն 10-15 տարի է, ինչ կամուրջն այսպիսի վիճակում է, այն այս տարի պարզապես փլուզվեց: Մենք միշտ բողոքում էինք: Շատ տարիներ առաջ իրականացվել է թեթև վերանորոգում, և վերջ: Մեծ մեքենաներն անցնում են գետի միջով, իսկ մարդատար մեքենաներն անցնում են կամրջով, բայց զգուշությամբ ու ահով, որ այն կփլուզվի, և նրանք կընկնեն գետը », – ասում է գյուղի բնակիչներից մեկը:
Դեռ մեքենաները կարող են ջրի միջով անցնել գետը, քանի որ ամռանը գետի ջրի մակարդակը ցածր է:
Մուրջախեթ գյուղի բնակիչները բողոքում են, որ հարևան գյուղերի բնակիչները մեծ մեքենաներով անցնում են կամրջով և ուշադրություն չեն դարձնում իրենց բողոքներին՝ դրանով իսկ ավելի են վնասում վթարային կամուրջը: Կամրջի վիճակը նույնիսկ բերում է միջանձնային կոնֆլիկտների: Օրինակ, գյուղի մի բնակիչ, ով իր անունը չուզեց նշել, ասում է, որ ժամանակին թույլ չի տվել, որ Սակրեբուլոյի պատգամավորի «կամազը» անցնի կամրջով, և դա հանգեցրել է վիճաբանության: «Նա ինձնից վիրավորվել էր», – խոստովանում է բնակիչը:
Բնակիչների խոսքով, այս ճանապարհը հարմար է և կարճ գյուղացիների համար, նրանք այս ճանապարհով արագ հասնում են քաղաք:
Տեղական ղեկավարությունը մի քանի օր առաջ այցելել էր գյուղ:
«Քանի որ հին կամրջի վերականգնումը Մշակութային ժառանգության գործակալության թույլտվությունն է պահանջում, և դա կարող է երկար ժամանակ տևել, որոշեցին դրա կողքին կառուցել նոր կամուրջ՝ 12 մետր երկարությամբ և 6 մետր լայնությամբ: Նրանք ասացին, որ երկու ամսվա ընթացքում նախագիծը կլինի, այնուհետև կկառուցեն այն», – ասում է գյուղի բնակիչ Ենոք Բաբաջանյանը:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասաց, որ նրանք առանց թույլտվության չեն կարող վերանորոգել հին կամուրջը, ուստի կկառուցեն նոր կամուրջ: Նրա խոսքով, առաջիկայում կկազմվի նախագիծ, բայց բյուջեում շինարարության համար դեռ միջոցներ չկան:
«Մենք առանց թույլտվության չենք կարող նույնիսկ մեկ քար դնել կամ վերցնել: Կկառուցենք նոր կամուրջ: Մոտ օրերս նախագծողները կգնան գյուղ, կկազմենք նախագիծը, և եթե ֆինանսներ լինեն, կկառուցենք: Այս տարի բյուջեում ֆինանսավորում չկա, բայց եթե հանկարծ խնայված գումարներ լինեն, մենք կկառուցենք այն », – ասաց Յուրիկ Ունանյանը: