Ամառային ճամբարը դա այն վայրն է, որի մասին երազում է յուրաքանչյուր երեխա՝ հաշվելով դրա գալու օրերը: Անցկացրած օրերի տպավորությունները հիշվում են ողջ կյանքի ընթացքում, իսկ ճամբարային ծանոթությունները հաճախ վերածվում են ամուր ընկերության:

Ախալքալաքում երեխաները նույնպես հնարավորություն ունեն զգալու ճամբարային կյանքի բոլոր հաճույքները. Ամառվա գալու հետ միասին սկսվում է ամառային ճամբարներում գրանցումը: Այսօրվա դրությամբ երկու ամենամեծ ճամբարներն են համարվում «Տավշանկա» և «Սուրբ Խաչ» ճամբարները:

Ամեն առավոտ, ժամը 10-ին, քաղաքի կենտրոնական հրապարակում կյանքն իր թեժ ընթացքի մեջ է. Ծնողները իրենց երեխաներին բերում են ավտոբուսի մոտ, որը գնում է դեպի Տավշանկա:

«Տավշանկա» ճամբարը գոյություն ունի արդեն 12 տարի՝ քաղաքապետարանի ղեկավարությամբ և ֆինանսավորմամբ: Ամեն տարի հայտարարվում է տենդեր, և հաղթողները զբաղվում են ճամբարի կազմակերպմամբ: Այս տարի տենդերը շահել է Մարգարիտա Խանակյանը:

«Առավոտյան ժամը 11-ին մենք հավաքվում ենք այստեղ՝ Տավշանկայում: Օրը սկսվում է կարգախոսով: Օրվա առաջին կեսին երեխաները զբաղվում են կրթա-մշակութային ծրագրով, այնուհետև՝ ժամը 13:00-ին ճաշում են, իսկ օրվա երկրորդ կեսին խաղում են», – ասում է ճամբարի կազմակերպման համար պատասխանատու Նասլեթ Քեյանը:

tavshanka5

Ճամբարային օրն ավարտվում է ժամը 16:00-ին, որից հետո ավտոբուսը երեխաներին տանում է հետ՝ Մշակույթի տուն:

Այս տարի Տավշանկա ճամբարը ընթանում է 10 օրով՝ 3 հոսքով, որոնցից յուրաքանչյուրում հավաքագրվում է 7-ից 14 տարեկան 100 երեխա:

Յուրաքանչյուր հոսքում երեխաները բաժանվում են 25 հոգուց բաղկացած 4 խմբերի՝ ըստ տարիքային կատեգորիայի: Ավելին, ինչպես նշում է Նասլեթը, կազմակերպիչները փորձում են այնպես բաշխել, որպեսզի բարեկամները չընդգրկվեն մեկ խմբում:

«Ամենօրյա ծրագիրը ներառում է կրթական, թատերական, գրական խաղեր, ներկայացումներ, ընթերցանություն, քայլարշավ, տարածքի և բնության խնամք: Այո, մեր ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում էկոլոգիային, բնապահպանությանը: Մենք երեխաներին սովորեցնում ենք հոգ տանել շրջակա միջավայրի մասին, պահպանել մաքրություն, ոչ թե կեղտոտել: Օրինակ՝ մենք ճամբարի համար ոչ պիտանի նյութերից ստեղծում ենք տարբեր կոմպոզիցիաներ, որպեսզի երեխաները հասկանան, որ այդ նյութերը նույնպես կարող են օգտագործվել և օգտակար լինել», – պատմում է Նասլեթ Քեյանը:

tavshanka2

Ժամը 12:00-ին երեխաները քաղցրավենիք են ուտում` յոգուրտ կամ պաղպաղակ, իսկ ճաշի համար սովորաբար ստանում են բուտերբրոդներ, որոնք ժամը 13:00-ին բերվում է սննդի համար պատասխանատու անձի կողմից: Ճաշի ժամից հետո, 14:00-ից 16:00-ն երեխաները տարված են խաղերով, մրցումներով, սպորտով:

Մասնակիցների ցուցակի կազմմամբ զբաղվում են քաղաքապետարանում: Ըստ Նասլեթի՝ ճամբար այցելող երեխաների մեծ մասը քաղաքից են, բայց կան երեխաներ նաև մոտակա գյուղերից, ինչպես նաև այլ ազգությունների ներկայացուցիչներ` ռուսներ, վրացիներ:

Ամբողջ մենթորական կազմը հիմնականում Ախալքալաքից է, ջոկատավարներն էլ աշխատանքային փորձառությամբ են: «Բացի փորձառությունից, ջոկատավարները պետք է հետևեն ճամբարի ծրագրին: Ես նրանց առջև խնդիր եմ դրել, որպեսզի 10 օրվա ընթացքում նրանք ներկայացնեն երեխաների հետ կատարված աշխատանքի արդյունքները», – նշեց Նասլեթ Քեյանը:

tavshanka

«Տավշանկա» ճամբարի այլընտրանքն է «Սուրբ Խաչ» ճամբարը, որն ամեն տարի անցկացվում է Ախալքալաքում՝ Խաս Բախչա զբոսայգու տարածքում: Ճամբարի կազմակերպիչը Հայ առաքելական եկեղեցու Ջավախքի առաջնորդարանն է, իսկ ֆինանսավորումն իրականացվում է «Հայկական օգնության ֆոնդի» միջնորդությամբ, բարերարների կողմից:

sad2

Այս տարի ճամբարը տևում է 15 օր: Ամեն օր առավոտյան ժամը 10-ից երեխաները ծնողների ուղեկցությամբ գալիս են այգի: Առավոտը սկսվում է եկեղեցում Տերունական աղոթքի միասին ընթերցմամբ, այնուհետև երեխաները սկսում են իրենց ամենօրյա գործողությունները:

Ժամը 13:00-ին երեխաներին կերակրում են սենդվիչներով, ինչպես նաև օրվա ընթացքում տալիս են հյութեր և մրգեր:

Երեխաների հետ զբաղվում են 4 մանկավարժներ: 15 օր շարունակ նրանք երեխաների հետ անցկացնում են երաժշտության և պատմության դասընթացներ, ապահովում են կրոնական կրթություն, կազմակերպում են տարբեր խաղեր, միջոցառումներ, էքսկուրսիաներ և ուղևորություններ դեպի Ջավախքի պատմական վայրեր:

sad4

«Մենք փորձում ենք հայրենասիրություն սերմանել մեր սաների մեջ, սերմանել մարդկային արժեքներ, նրանց արժանի քաղաքացիներ դարձնել, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու արժանի հետևորդներ», – նշում է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:

Ի՞նչ է ճամբարը երեխաների համար

«Ես հաճախել եմ մեկ այլ ճամբար էլ, և այն ինձ դուր չի եկել: Հետո, երբ եկա այստեղ, ես անմիջապես հասկացա, որ այստեղ ավելի լավ է: Այն ճամբարում մենք դուրս չէինք գալիս: Ի՞նչ է ինձ համար ճամբարը՝ երջանկություն», – կիսվում է «Տավշանկա» ճամբարի սան Մելինեն:

tavshanka6

«Ես արդեն 6 տարի է հաճախում եմ այս ճամբար: Այստեղ ես սովորել եմ երգել, պարել: Ինձ համար ճամբարը տուն է, ընկերներ ձեռք բերելու վայր: Ինձ այստեղ դուր է գալիս ամեն ինչ: Ամենաշատը դուր են գալիս դասեր վարելը, մարմնավարժությունները, նոր մարդկանց հետ ծանոթանալը», – կիսվեց Դավիթը՝ «Տավշանկա» ճամբարի սանը:

sad3

«Ամեն տարի գալիս եմ և ամեն անգամ ամեն ինչ այլ կերպ է: Այս տարի ընդհանրապես լավագույնն էր: Ամենաշատը սիրում եմ իմ ընկերներին», – ասում է ճամբարի մեկ այլ սան:

«Ինձ շատ է դուր գալիս ճամբարը, ուղղակի հրաշալի է: Ամենից շատ մենք սիրում ենք զրուցել և շփվել ընկերներով: Ինձ համար ճամբարը իմ երկրորդ տունն է», – շարունակում են ասել երեխաները՝ խաղաթղթեր խաղալով:

tavshanka4

«Ինձ շատ դուր եկավ ամեն ինչ: Թե՛ սնունդը, և՛ թե ամենօրյա ծրագիրը: Ինձ համար ճամբարը ուրախություն է», – ասում է Ռիման՝ «Սուրբ Խաչ» ճամբարի սանը:

Ծնողների արձագանքները

«Ես իմ երեխաներին ուղարկել եմ «Սուրբ Խաչ» ճամբար՝ եկեղեցական կյանքին ավելի ակտիվ մասնակցելու, ծիսակատարություններին ներկա գտնվելու նպատակով, հասկանալու համար, թե ինչն է լավը և ինչը վատը, կրոնական նորմերմ իմանալու համար», – ասում է «Սուրբ Խաչ» ճամբարի սաներից մեկի մայրը:

«Ես ուզում էի, որ երեխան ոչ թե փողոցում թափառի, այլ իր ժամանակն օգտավետ անցկացնի: Ճամբարում ես գիտեմ, որ նրան հետաքրքրում են գոնե որոշ զվարճանքներ, նոր գիտելիքներ է ստանում: Դա ավելի լավ է փողոցում թափառելուց՝ առանց որևէ օգուտ ստանալու», – ասում է «Տավշանկա» ճամբար հաճախող երեխաներից մեկի մայրը:

Ամալյա Բաբայան