Այսօր, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ և Հաղթության Սրբալույս Մյուռոնով կատարվեց ջրօրհնեք:
Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում օրվա պատարագիչը Տեր Եղիշե քահանա Հարությունյանն էր:
Սրբալույս Մյուռոնը օրհնվում է 7 տարին մեկ անգամ, և այս տարի, սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Մյուռոնօրհնեքի արարողություն, այդ պատճառով էլ մասնավոր կերպով կատարվեց ջրօրհնեք:
Ջրօրհնեքի արարողության ժամանակ հանդիսավոր կերպով կարդացվում են Ս. Գրային ընթերցումներ, աղոթքներ, եւ, ապա, վերաբերումի ձեւով բերվում է նաեւ սրբալույս Մյուռոնի աղավնին: Պատարագիչ եկեղեցականը կամ հանդիսապետը «Առաքելոյ Աղաւնոյ» շարականի երգակցությամբ Ս. Մյուռոնը հեղում է ջրի մեջ, ապա ընկղմված խաչը «Պահպանիչ»-ի ընթացքում հանում, տալիս է խաչի կնքահորը: Արարողությունից հետո հավատացյալները օրհնված ջուրը սրվակների մեջ լցնելով` տանում են իրենց տները:
Ջրի գործածությունը ծիսապաշտամունքային արարողություններում` որպես փրկագործ զորություն, հայերի մոտ շատ ավելի հին հիմք ունի: Այն գալիս է Նոյ նահապետի ժամանակներից, երբ մարդկությունը վերապրելով ջրհեղեղը` միմյանց վրա ջուր էր ցանում` որպես մարդկության մարմնական փրկության նշան: Այս ավանդությունը խորը հետք է թողել մասնավորապես Վարդավառի տոնակատարությունների վրա:
Ջրորհնեքի ծեսը, ըստ Մաշտոց ծիսարանի «Օրհնությունաբեր ցուցակի» տվյալների, հաստատել Է Ս. Բարսեղ Կեսարացին, իսկ Ս. Սահակ Ա Պարթեւի հրամանով թարգմանել եւ Հայաստան Է բերել Խոսրով թարգմանիչը:
Ջրօրհնեքի արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում եւ սկսվում է Ս. Ծննդյան պատարագից անմիջապես հետո: Այն Առաքելական շրջանում Երուսաղեմի եկեղեցուն հատուկ սովորություն էր, որ տեղի էր ունենում Հորդանան գետի ափին և հետագայում ընդհանրացավ քրիստոնյա մյուս եկեղեցիների համար: Ուղղափառ եկեղեցիներում սովորություն է այն կատարել գետի, լճի եւ կամ ծովի ափին:
Հայաստանյաց եկեղեցին ջրի օրհնությունը կատարում է եկեղեցիներում, չնայած հնում մեզ մոտ ևս սովորություն եղել է հոսող ջրի ափին կատարել այն: Այդ է վկայում Ս. Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի հրահանգած կանոնը` «Անհրաժեշտ է, որ Յայտնութեան օրը կատարուի ջրի օրհնութիւնը, ջրի վրայ պատշաճութեան և տեղի համաձայն ձէթ /միւռոն/ կաթեցուի, աղոթք լինի և յիշատակուի Փրկչի Յորդանանում մկրտուելը»: Հին ժամանակներում արարողության ընթացքին խաչը գցում էին ջուրը, և երիտասարդներից նա, ով սուզվելով ջրի հատակը` առաջինն էր հանում սուրբ նշանը, դառնում էր խաչի կնքահայր:
Հայ մատենագրության մեջ հիշատակված են երկու պատմական ջրօրհնեքներ: Առաջինը` 1022 թ., Պետրոս Ա կաթողիկոսի օրոք, Տրապիզոն քաղաքի մոտ` Ճորոխ գետի ափին, հույների հետ միասին: Երկրորդը տեղի է ունեցել 1211 թ., Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: Լեւոն Մեծագործ թագավորը` բարձրաստիճան հայ եւ օտար հյուրերի հետ ներկա է եղել գետեզերքին ջրօրհնեքի հանդիսավոր արարողությանը, որից հետո կազմակերպվել են ժողովրդական խրախճանքներ:
Աղունիկ Այվազյան