Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները, Վրաստանի խորհրդարանի պատգամավորները և Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպեցին գյուղի բնակչության հետ: Քննարկման թեման վերանորոգվող եկեղեցու բակի տարածքից դուրս եկած և վերաթաղված ոսկորներն էին:

ekexeci

«Միթե կարելի է հազար տարվա մեռելներին արթնացնել: Մեր մեռելները, մեր եկեղեցին, մեր գյուղը, ի՞նչ գործ ունին մեռելները հանելու, խեղճերուն ոսկորները թող հանգիստ թողնեն: Ով, ինչ աթոռ ուզում է թող գնա ու նստի, մեզ հանգիստ թողնեն, մեզանից հեռու: Մենք ոչ ոսկի ենք ուզում, ոչ էլ ադամանդ, թող մեզ ու մեր մեռելներին հանգիստ թողնեն», – ասաց Գումբուրդո գյուղի բնակիչ Բորիս Սահարյանը:

handipum

Գումբուրդո գյուղի բնակչությունը նամակ-պահանջով դիմել էր Վրաստանի և Հայաստանի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, որպեսզի թույլատրեն իրենց նախնիների ոսկորները վերաթաղեն հենց եկեղեցու բակում և գերեզմանի վրա խաչքար կանգնեցնեն:

Որպեսզի հենց տեղում ծանոթանան խնդրի էությանը գյուղ էին ժամանել Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Դավիդ Ճիճինաձեն, Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը, Վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ՝ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը, Տեր Տաթև քահանա Մարուքյանը և այլք:

mardik

Գյուղացիները նշում են, որ եկեղեցին բոլորինն է, և ուրախ են, որ եկեղեցին ի վերջո վերականգնվում է: Բայց, միաժամանակ հարցնում են.

«Ինչու՞ են քանդում մեր ապուպապերի գերեզմանները, ոսկորները արևին տալիս: Ո՞վ իրավունք ունի սրբությունը քանդելու, հազար տարվա պատմությունը ուզում են փոխել, այստեղ հոգևորականներ են թաղված, հասարակ բնակիչներ, թող թողնեն մարդկանց ոսկորները հանգիստ հանգչեն»:

Գյուղի բնակիչները 2016 թվականի աշնանը ոսկորները հավաքել ու վերաթաղել են: Խաչքարը, որ ուզում են տեղադրել ընդհանուր գերազմանին նույնիսկ արդեն պատվիրել են: Սակայն սրանով խնդիրը լուծում չի ստացել, քանի որ մինչև հիմա էլ եկեղեցու բակում յուրաքանչյուր քայլափոխի ոսկորներ են: Գյուղացիները նշում են, որ այս ընթացքում 43 պարկ ոսկոր են հավաքել և վերաթաղել: Իսկ հիմա ուզում են խաչքար կանգնեցնել հավաքական գերեզմանի վրա:

tatikner

Գյուղացիները վստահեցնում են, որ նախքան ոսկորները վերաթաղելը, նրանք եկեղեցու շինարարների հետ համաձայնության են եկել, թե եկեղեցու բակում, կոնկրետ որ կողմում վերաթաղեն ոսկորները:

«Նախքան հուղարկավորելը մենք վարպետներին հարցրել ենք, թե որտեղ թաղենք, որ չխանգարենք, իրենք այնտեղ էին փորել, բայց այնտեղ չընտրեցինք, որովհետև խաչը հակառակին էր ընկնում, ասացին որտեղ ուզում եք, ընտրեք ու թաղեք: Հիմա նորից ասում են պիտի տեղափոխեք: Քրիստոնեական բոլոր արարողակարգերով վերաթաղել ենք, հիմի ինչ, պիտի նորից հանենք, ամեն օր, ով ուզի պետք է գա ու ասի հանեք, տեղը հարմար չէ: Մինչև մեզ գրավոր երաշխավորագիր չտան, որ այստեղից հանելուց հետո, շինարարության ավարտին ոսկորները կրկին կվերաթաղվեն եկեղեցու բակում, մենք չենք մտածի տեղափոխելու մասին», – բարձրաձայնում են գյուղացիները:

papikner

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը խնդրին տեղում ծանոթանալուց հետո ասաց. «Իմ խնդրանքն է, եթե նոր ոսկորներ էլ դուրս գա, հավաքեք մի տեղ, մինչև տեսնենք ինչ ենք անում: Խաչքարը մի բերեք և մի տեղադրեք, Ձեր նամակը բարձր մակարդակներում նայվում է, նախագահի, կաթողիկոսի մակարդակով, որ ամեն ինչ նորմալ և օրինական կերպով լինի: Ես կողմ եմ, որ մնա այնպես, ինչպես որ կա, մինչև վրացական կողմը մեզ երաշխավորագիր չտա, ամեն ինչ թողեք նույնությամբ»:

Ի վերջո, երկու կողմերը եկան, այն եզրակացության, որ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա: Գյուղացիները չեն խանգարի Եկեղեցու շինարարական աշխատանքներին, մինչև պաշտոնյաները որոշեն ինչ են անելու:

Այնուհետև հոգևորականները գյուղացիների հետ միասին աղոթեցին Գումբուրդոյի 10-րդ դարի կիսաքանդ տաճարում, և հոգեհանգստյան կարգ կատարեցին վերաթաղված ոսկորների հավաքական գերեզմանին:

axotq

Գումբորդո գյուղի եկեղեցու մասին այլ հրապարակումները կարող եք կարդալ.

Գումբուրդոյում վերականգնվում է X դարի տաճարը
Ամրացվում են Գումբուրդոյի եկեղեցու հիմքերը
Աղմկահարույց պեղումներ Գումբուրդոյում
Ի՞նչ անել նախնիների ոսկորների հետ
Գումբուրդոցիները ստորագրահավաք են նախաձեռնել

Աղունիկ Այվազյան
Ջուլիետա Տոնականյան