Ախալքալաքի ոստիկանությունը դիմում է ստացել «Եհովայի վկաները Վրաստանում» կրոնական կազմակերպությունից, ըստ որի Հայ Առաքելական եկեղեցու քահանաները կոպիտ են վարվել իրենց նկատմամբ: Տարվում է նախաքննություն:
Մայիս ամսի վերջին օրերին «Եհովայի վկաները Վրաստանում» կրոնական կազմակերպությունն Ախալքալաքի Խաս-Բախչա այգում սկսեց քարոզչություն իրականացնել: Մարդկանց իրենց ուսմունքի մասին պատմող թերթոններ էին բաժանում: Տարբեր մարդիկ, տարբեր էին արձագանքում: Մայիսի 28-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը վերցնելով թերթոնները պատռել էր: Սույն փաստի հիման վրա «Եհովայի վկաները Վրաստանում» կազմակերպությունը դիմել է ոստիկանություն:
Jnews.ge լրատվականի հարցին, թե կոնկրետ ինչ քննություն է տարվում «Եհովայի վկաները Վրաստանում» կրոնական կազմակերպության իրավաբան Մանուչար Ծիմինտիան ասաց, որ ինքը կոնկրետ ոչինչ չի կարող ասել:
«Մենք դիմել ենք ոստիկանություն, նախաքննություն է ընթանում, մանրամասների մասին տեղյակ չեմ», – ասաց Մանուչար Ծիմինտիան:
Թե ինչում են իրենց մեղադրում, Ջավախքի հոգևոր առաջնորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը մեկնաբանեց հետևյալ կերպ.
«Հիմնականում իրենց թիրախը ընտրել են չգիտես ինչու առաջնորդարանի դիմաց կամ եկեղեցու մոտ, որը մեր համար անընդունելի է, վիրավորական: Քանի անգամ ասացինք, գնացեք ուրիշ տեղ Ձեր գործնեությունը ծավալեք: Իրենք շատ ագրեսիվ էին պատասխանում, որ ունեն փաստաբաններ, բոլորին դատի են տվել և բոլոր դատերը շահել, ասում են Ձեզ էլ դատի կտանք, սպառնալով, վախեցնելով»,- ասաց նա:
«Մեր քահանաները հարցրել են, թե կարող են վերցնել թերթիկները, ասել են այո: Մենք մոտեցել մեր բաժինը վերցրել և պատռել ենք: Հիմա ֆիքսվել են դրա վրա, որ մենք հարձակվել ենք և թերթիկները պատռել: Մենք, որևէ մեկի վրա չենք հարձակվել: Իրենք են մեզ տվել, արդեն մերն էր, մենք կարող էինք տանել տունը դնել, պատռել կամ ուրիշին տալ: Քանի որ հակաքրիստոնեական ուսմունք էր, մարդիկ մոտեցել վերցրել և պատռել են, դա իրենց իրավունքն է», – ասաց Սամցխե-Ջավախք և Ծալկա տարածաշրջանի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը:
Ախալքալաքի ոստիկանությունում հաստատեցին, որ «Եհովայի վկաները» դիմում են գրել ոստիկանություն ինչի հիման վրա տարվում է նախաքննություն: