Սեպտեմբերի 29-ին, Նինոծմինդայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում վերանորոգումից հետո հավատացյալների համար կվերաբացվի Սուրբ Ղևոնդյանց եկեղեցին:
Փոքր Գոնդուրայում գտնվող եկեղեցին, որը գործել է սկսած 1868 թվականից, փակվել էր 2 տարի առաջ՝ վերանորոգման աշխատանքների պատճառով:
«Սիրելի հավատացյալներ, գալիս ենք տեղեկացնելու ամենքիդ, որ Փոքր Գոնդուրա գյուղի Սուրբ Ղևոնդյանց եկեղեցին բարերարությամբ՝ տիար Տաճատ Վարդապետյանի և իր ընտանիքի, ազնիվ օժանդակությամբ համայնքի նվիրյալ զավակների վերանորոգվել է, և պատրաստ է վերաօծման։
Սիրով հրավիրում ենք ամենքիդ ներկա գտնվելու եկեղեցու վերաօծման արարողությանը, որը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 29-ին ժամը 11։00-ին, ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի»,- այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո ծառայությունը։