Ախալքալաքում շտապ օգնության նոր կենտրոնը կկառուցվի հիվանդանոցի դիմաց, անհրաժեշտ հողատարածքն արդեն հատկացված է:
Շտապ օգնության նոր կենտրոնի շինարարությունն Ախալքալաքում կֆինանսավորվի Տարածքային զարգացման հիմնադրամից, սակայն ծրագիրը չի կարող հաստատվել՝ մինչեւ շինարարության վայրը հաստատված չլինի:
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը Jnews-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ հողատարածքի հարցն արդեն լուծում է ստացել:
«Ես երեկ եմ նամակն ուղարկել հողատարածքի հարցը ճշտելու վերաբերյալ: Հիվանդանոցի դիմացի հողը մեզ են հատկացնում, գործն ընթացքի մեջ է, մի հանգամանք կար նորից ճշտելու, դրա համար նոր նամակ ենք ուղարկել: Շուտով հողի հետ կապված հարցը լուծում կստանա և, երբ մենք ամբողջությամբ ունենանք նախագիծը և ֆինանսավորումը, այդ ժամանակ էլ տենդեր կհայտարարենք, այս պահի դրությամբ կոնկրետ ժամկետների մասին չեմ կարող ասել»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետը:
Նշենք, որ Ախալքալաքում շտապ օգնության նոր կենտրոնի կառուցումը կառավարության 2019-2020 թթ. ծրագրերում է:
Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը նույնպես հաստատում է, որ հիվանդանոցի դիմացի տարածքը հատկացվել է նոր շենքի կառուցման համար:
Արդեն մեկ ու կես տարուց ավելի է Ախալքալաքի քաղաքապետարանը զբաղվում է շտապ օգնության շենքի տարածքի հարցով: Իսկ շտապօգնության ներկայիս շենքը բավականին վատ վիճակում է, հարմարավետ աշխատանքի համար պայմաններ չկան: Օրինակ, շտապօգնության վարորդների համար հարմար պայմաններ չկան, որոնց անհրաժեշտ է հանգստանալ և քնել, հատկապես գիշերային հերթափոխի ժամանակ:
Վրաստանում մեկնարկել է մինչև 300 ամբուլատորիաների վերանորոգումը, ավելի քան 100 նոր ամբուլատորիաների և 40 շտապ օգնության կենտրոնների կառուցման ծրագիրը: Նախագծի իրականացման համար Վրաստանի կառավարությունը 20 մլն լարի է հատկացրել, որն ընդգրկում է բոլոր մունիցիպալիտետները:
Ախալքալաքում շտապ օգնության նոր կենտրոն կկառուցվի
Շտապօգնության կենտրոնի նոր շենքի համար դեռևս տեղ չի գտնվել
Աղունիկ Այվազյան