Ախալքալաքում շտապ օգնության նոր կենտրոն կկառուցվի, սակայն պարզ չէ, թե երբ և որտեղ: Քաղաքապետը վստահեցնում է՝ քաղաքապետարանն աշխատում է այս ուղղությամբ, դեռևս քննարկվում է տարածքի հարցը:
Վրաստանի բոլոր շրջաններում կառուցվում են շտապ օգնության նոր կենտրոններ: Ախալքալաքի շրջանում ևս նոր կենտրոն են կառուցելու, սակայն դեռ անհայտ է, թե որտեղ: Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ:
«Այսօր այդ հարցը մենք քննարկել ենք, հիմա տարածք ենք փնտրում, երևի մի քիչ հեռու կլինի հիվանդանոցից: Մենք ուզում էինք, որ հիվանդանոցի տարածքում լիներ, որպեսզի և հիվանդների, և բժիշկների համար հարմար լիներ, մոբիլիզացիան ուժեղ կլիներ: Դիմել էինք Էկոնոմիկայի նախարարությանը նույն տեղում կառուցելու համար, սակայն մերժում ստանցանք, հիմա նորից կրկնակի կդիմենք, տեսնենք ինչ կլինի: Քննարկում ենք նաև նախկին զինվորական ավանի ճանապարհից մի քիչ վերև մունիցիպալիտետը 20 սոտ տարածք ունի, երևի այդտեղ կառուցենք»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Ախալքալաքում շտապ օգնության նոր կենտրոնի կառուցման համար գումար կհատկացվի տարածաշրջանային ֆոնդից: Այս պահին պարզ չէ գումարի չափը:
Հենց որոշվի տարածքի ընտրության հետ կապված հարցը, կառուցման նախագիծը կներկայացվի և ըստ այդմ էլ կսկսվի Շտապ օգնության կենտրոնի կառուցման աշխատանքները:
Այս տարի կսկսվի Վրաստանում մինչև 300 ամբուլատորիաների վերանորոգումը, ավելի քան 100 նոր ամբուլատորիաների և 40 շտապ օգնության կենտրոնների կառուցումը: Ծրագրի իրականացման համար Վրաստանի կառավարությունը 20 մլն լարի է հատկացրել, որն ընդգրկում է բոլոր մունիցիպալիտետները: