Ախալքալաքի գյուղերից քաղաք հասնելը շատ հաճախ դժվար է դառնում, երբ չի լինում սեփական մեքենայով երթևեկելու հնարավորություն, միակ միջոցը մնում է հասարակական տրանսպորտը, որը գործում է ընդհատումներում և որոշակի ժամերի:
Ախալքալաքի մի շարք գյուղերում գործում է հասարակական տրանսպորտ, որը հնարավորություն է տալիս մարդկանց քաղաք հասնել համեմատած ավելի ցածր գնով: Տաքսիների հետ համեմատ, իհարկե այն ավելի մատչելի է, բայց մի շարք խնդիրներ կան, որոնք դժվարացնում են գյուղից քաղաք հասնելու ճանապարհը:
Օրինակ. այն կարճ ժամանակահատվածը, որի ընթացքում ուղևորները պետք է հասցնեն բոլոր գործերը վերջացնել, որպեսզի չուշանան տրանսպորտից, կամ այն որ ուղևորատար մեքենաները քաղաք են հասնում մինչև առավոտյան ժամը 9-ը, իսկ այդ ժամանակ ոչ առևտրի կենտրոններն են բաց, ոչ էլ պետական կառույցները, այդ պատճառով ուղևորները ստիպված են լինում 1 ժամ սպասել, երբեմն նաև ցուրտ և անձրևոտ եղանակային պայմաններում:
Օրջա գյուղից Տաթև Խոցանյանը սովորում է 12-րդ դասարանում, բայց մասնակցում է տարբեր ծրագրերի, որոնք անցկացվում են Ախալքալաքում: Ճանապարհի հարցը լուծում են ծնողները, բայց լինում է այնպես, որ գյուղից քաղաք հասնելը խնդիր է դառնում: Այդ ժամանակ Տաթևը օգտվում է քաղաքային տրանսպորտից:
«Օրվա մեջ մի անգամը քիչ է, եթե օրինակ հնարավորություն լիներ տարբեր ժամերի գնալ քաղաք, ես ավելի հաճախ կօգտվեի տրանսպորտից և չէի անհանգստացնի ծնողներիս: Իմ կարծիքով, կոնկրետ իմ հասակակիցների համար դա շատ կարևոր է, շատ խելացի և տաղանդավոր երեխաներ կան, որոնք իրենց կարողությունները չեն կարող կիրառել գյուղում, քանի որ բոլորը չէ, որ սեփական մեքենայով կարող են հասնել քաղաք: Շատ հաճախ դասերը կամ պարապունքները լինում են այն ժամերին, երբ տրանսպորտն արդեն գյուղ է վերադարձել»,- ասում է Տաթև Խոցանյանը:
Jnews-ը զրուցել է Վարդան Վարդևանյանի հետ, ով աշխատում է Կոկիո-Ալաստան-Վարևան-Խանդո-Օրջա ուղղություններով: Այն հարցին, թե ինչո՞ւ է պարտադիր մինչև ժամը 9-ը հասնում քաղաք նա բացատրեց.
«Ավտոկայանում կան տարբեր ուղղություններով եկող և գնացող մեքենաներ, աշխատում է նաև միջքաղաքային տրանսպորտը, և ժամերը կապված է հենց դրա հետ, որ անհրաժեշտ է ուղևորներին քաղաք հասցնել այն ժամանակ, երբ ավտոկայանից. օրինակի համար, Թբիլիսի գնացող մեքենան կշարժվի, այսինքն՝ ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որի ընթացքում ուղևորը երկու ուղղություն կկարողանա փոխել: Ինչ վերաբերվում է սպասելուն, ապա այո, դա խնդիր է, քանի որ մարդիկ ստիպված սպասում են այնքան, մինչև կբացվի որևէ կառույց: Լինում է այնպես, որ մինչև ժամը 1-ը չեն հասցնում բոլոր գործերն ավարտին հասցնել, այդ ժամանակ փորձում եմ մտնել դրության մեջ ու հարկ եղած դեպքում նաև սպասում եմ»:
Վարորդ Վարդանի խոսքերով, մշտապես օրական մի անգամ է գնացել քաղաք և հետ վերադարձել, չնայած նշում է՝ եթե պահանջարկ լինի, այսինքն՝ ուղևորների քանակը շատ լինի, ինքը պատրաստ է օրական երկու անգամ իրականացնել ուղևորափոխադրումը:
«Իմ աշխատանքային ամբողջ տարիների ընթացքում, օրվա մեջ միայն մեկ անգամ է եղել գնալ-գալը, դա պայմանավորված է ուղևորների քանակից, քանի որ ֆինանսական առումով ձեռնտու չէ, երկու կամ ավելի անգամներ գնալ: Երբեմն լինում է ընդամենը 1 կամ 2 ուղևոր»,- ասում է նա:
Լիդա Ալմասյան