Հուլիսի 1-ին, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացների մեկնարկի արարողությունը, որին մասնակցում են նաև Վրաստանից: Այս մասին հայտնում է Հայաստանի ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը գործում է 2000 թվականից` աստիճանաբար ընդլայնվելով և խորանալով: 2019-ին ծրագրին մասնակցելու համար դիմել էր շուրջ 80 ուսուցիչ՝ 16 երկրից: Արդյունքում՝ մասնակցում է 61 ուսուցիչ: Մասնակից երկրներն են՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրալիա, Գերմանիա, Դանիա, Իսրայել, Իրան, Իրաք, Լիտվա, Լեհաստան, Ռուսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա: Այս տարվա ուսուցիչների մեծ մասը վերապատրաստվում է նախարարության սույն ծրագրով արդեն երկրորդ և նույնիսկ երրորդ անգամ:
Այս տարի նախատեսված է վերապատրաստում հինգ ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, նկարչության և կիրառական արվեստի ուղղություններով: Նախատեսված էր նաև ճատրակի խումբ, որը, սակայն, չի համալրվել: Առավել մեծ թվով ուսուցիչներ գրանցվել են «Մեկօրյա դպրոցում ուսուցման» և «Հայոց լեզվի և գրականության» խմբերում:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է հերթական անգամ իրականացվող այս գործընթացը:
«Դուք սփյուռքում հայերենի գլխավոր պահապաններն եք և ամեն անգամ Հայաստան գալով և նոր մեթոդներ տանելով սփյուռքի մեր համայնքներ՝ ավելի եք ուժեղացնում ձեր կրթական հաստատությունների դիրքն ու դերը: Մենք այս վերապատրաստումներով ձգտում ենք ստեղծել հայերենի դասավանդման և ընդհանուր հանրակրթության մեկ դաշտ: Վերապատրաստումները նրանով են կարևոր, որ մենք ձեր միջոցով տեղեկանում ենք համայնքներում առկա խնդիրներին և փոփոխում ենք դասավանդման մեթոդաբանությունը` հիմք ընդունելով դրանք»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ 2000-ականներից սկսած ավելի քան 1500 ուսուցիչ է վերապատրաստվել:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում նշել է. «Ձեր աշխատանքի կարևորության, կշռի և անհրաժեշտության մասին տեսականորեն չեմ խոսում. իմ չորս երեխաները հայեցի կրթություն են ստացել և ստանում սփյուռքում, մինչև հայրենադարձվելը: Այնպես որ, գիտեմ՝ ինչպիսի զոհողություննեի շնորհիվ եք դա անում: Իմացեք, որ ձեր մեջքին կանգնած է մի ամբողջ պետություն, ԿԳՄՍ նախարարությունը, Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը, և մենք լիովին գիտակցում ենք ձեր աշխատանքի կարևորությունը: Անպայման ողջունեք նաև ձեր աշակերտների ծնողներին, քանի որ հենց նրանք են գիտակցում հայերենի կարևորությունը սփյուռքում», – իր հերթին նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Դասընթացների վերջում ուսուցիչներին տրվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի վկայագիր: