Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում, որտեղ հունիսի 21-23-ը ուժգին կարկուտը վնասել էր բերքը, գյուղացիները պետության կողմից սպասում են օգնության, սակայն պետությունը չի օգնի, քանի որ բնակիչները չեն ապահովագրել իրենց բերքը, իսկ որեւէ այլ օգնություն պետությունը չի հատկացնում:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդ և Դադեշ գյուղերում, հունիսի 21-ից հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում անձրեւը եւ կարկուտը վնասել են կարտոֆիլը, հացահատիկային մշակաբույսերը եւ բանջարեղենը, ինչպես նաեւ քանդել ճանապարհը եւ քշել տարել գյուղացիների ցանքը: Գյուղացիները բավականին մեծ վնասներ են կրել: Նրանց մեծ մասը չէր ապահովագրել իրենց ցանքադաշտերը:
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեի խոսքով, փոխհատուցում կստանան նրանք, ովքեր ապահովագրել են իրենց բերքը:
«Պետությունը նման դեպքերում ֆինանսավորում է գյուղատնտեսական ապահովագրությունը եւ գյուղացիները պետք է ապահովագրեն իրենց բերքը, ու այդ դեպքում նրանք փոխհատուցում կստանան: Պետությունը գումար է տրամադրում ապահովագրական ընկերություններին, ապահովագրության 70% -ը պետությունն է տալիս, իսկ 30% -ը` ֆերմերը », – ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Բոլոր ընկերությունները Ախալքալաքի մունիցիպալիտետում բերքը ապահովագրում են կարկուտից, ջրհեղեղից, աշնանային ցրտահարությունից եւ փոթորիկներից:
Պետական գյուղապահովագրության ծրագիրը գործում է 2013 թվականից, սակայն Ախալքալաքի մունիցիապալիտետում դրանից միայն քչերն են օգտվում:
Տեղական իշխանությունները նույնպես ոչինչ անել չեն կարող բնակչության համար: Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը պատասխանեց, որ մեր գյուղացիները պետք է սովորեն իրենց բերքը ապահովագրել:
«Մենք կտեսնենք, կգնահատենք վնասի չափը, բայց դրա համար ապահովագրություն կա, օրենքը նույնպես թույլ չի տալիս օգնել, քանի որ Վրաստանում գործում է ապահովագրական համակարգ: Գիտեմ, որ գյուղացիները չեն ուզում ապահովագրել, դրա համար ունեն իրենց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները: Անցյալ տարի էլ էր նման իրավիճակ », – ասաց Յուրիկ Ունանյանը:
Գյուղացիներին մնում է միայն հուսալ, որ եղանակը մեղմ կլինի:
Շուշան Շիրինյան