Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաթուման գյուղից Սուրիկ Կարապետյանը ստեղծել է իր անասնաբուծական բիզնեսը: Նա և իր ընտանիքն աշխատում են առավոտից երեկո և գոհ են, որ կարողացել են ստեղծել իրենց սեփական բիզնեսը և 20 մարդու ապահովել աշխատանքով:
Սուրիկ Կարապետյանն արդեն 30 տարի է Ալաթումանում զբաղվում է անասնաբուծությամբ: Նրա ամբողջ ընտանիքը ներգրավված է այս բիզնեսում: Կարապետյանների ընտանիքն արթնանում է առավոտյան ժամը հինգին, որպեսզի հասցնի ավարտել այդ օրը նախատեսած բոլոր գործերը, հատկապես գարուն-ամառ շրջանում:
Սուրիկ Կարապետյանը սիրում է իր գործը, և դա անում է հաճույքով, չնայած ասում է, որ աշխատանքը շատ ծանր է: Եվ, հավանաբար, դա այդպես է, եթե չսիրես այս աշխատանքը, անհնար է հաջողության հասնել: Իսկ այս գործում նա հաջողության հասել է, համենայն դեպս, Ախալքալաքի մունիցիպալիտետի մասշտաբով նա խոշոր ֆերմեր-անասնաբույծ է:
Սուրիկ Կարապետյանն ավարտելով ֆիզկուլտուրայի ինստիտուտը, որոշում է ձեռք բերել նաև անասնաբուժական կրթություն: Նա ընդունվում է անասնաբուժա- անասնաբուծական համալսարան, այնտեղ սովորում է երկու տարի, հետո, նրա խոսքերով, սկսվում են ծանր 90-ականները, և նա թողնում է ուսումը: Այսպիսով, Սուրիկն ունի թերի անասնաբուժական կրթություն:
Նա իր բիզնեսը սկսել է 30 գլուխ կովից, աստիճանաբար ավելացնելով դրանց քանակը: Այսօր նրա ֆերմայում կա մոտ 300 գլուխ կով, որից 200-ը կաթնատու են, ինչպես նաև 100 հորթ, 50 խոզ և 500 ոչխար: Այս տարի նրա որդու կոոպերատիվը, որի անդամ է նաև ինքը, Եվրամիության ENPARD-2 ծրագրի շրջանակներում Էստոնիայից ձեռք է բերել Հոլշտին և Ֆլեկվի ցեղատեսակի 35 կով:
Կթվորուհիներն օրական 1,5 տոննա կաթ են կթում և հանձնում հարևան գյուղի ձեռնարկատիրոջը, ով կաթը վերամշակում է: Նրանք կովերին կթում են ինչպես ձեռքով, այնպես էլ կթելու ավտոմատ սարքի միջոցով: Միսը վաճառում են տեղում կամ Վրաստանի մյուս շրջաններից եկած գնորդներին, ովքեր արդեն ճանաչում են Սուրիկին և գալիս են նրա մոտ:
Կարապետյանը կարծում է, որ ոչ մի տեղ հեշտ աշխատանք չկա, պարզապես պետք է աշխատել:
«Եթե չաշխատես, ոչ մի բիզնես ձեռնտու չէ, առավոտյան հինգից ոտքի վրա ենք, կթվորուհիների հետ միասին գնում ենք յայլա (արոտավայր), որպեսզի նրանք կթեն կովերին, հետո կաթը բերում ենք և հանձնում: Գնորդներն առավոտ շուտ գալիս են: Մենք աշխատում ենք ընտանիքով: Կինս և հարսս անասունների կերն են ապահովում, ճակնդեղ են աճեցնում, սեզոնին աճեցնում են 100 տոննա », – ասում է ֆերմերը:
Կարապետյանի մոտ աշխատում է 20 մարդ: Բացի այդ, նրա խոսքերով, ձմռան սեզոնին նա գյուղացիներին անվճար կաթ է տալիս, քանի որ այդ շրջանում կովերը չեն կթվում, իսկ նա գիտի, թե ինչպես կարգավորել կովերի լակտացիոն ժամանակահատվածը, և նա ցանկացած սեզոնի ունի կթվող կովեր:
Ալաթուման գյուղում այժմ ապրում է ավելի քան 100 ընտանիք, սակայն եղել է ժամանակ, երբ գյուղում ապրել է 300 ընտանիք: Նրանք հեռացել են աշխատանքի բացակայության պատճառով: Սուրիկ Կարապետյանը նույնպես մի անգամ մեկնել է Ռուսաստան՝ աշխատելու, բայց հետո, ինչպես ինքն է ասում, մտափոխվել է և որոշել է այստեղ ստեղծել սեփական գործ և աշխատել:
«Եթե գիտես աշխատել, ամենուրեք կգտնես աշխատանք: Ավելի լավ է այստեղ, ընտանիքիդ կողքին, քան Ռուսաստանում », – խոստովանում է նա:
Սուրիկ Կարապետյանն անասնապահության բիզնեսում ամենադժվարը համարում է անասուններին կերով ապահովելը: Ամռանը անասունները տեղափոխվում են արոտավայրեր, որտեղ նրանց հետևում են հովիվները:
Երիտասարդ Արամայիս Պապիկյանն աշխատում է հովիվ և շատ գոհ է իր աշխատանքից: Նա ցանկանում էր այս տարի մեկնել Ռուսաստան, բայց համավարակը խանգարեց նրա ծրագրերին, և նա հովիվ է աշխատում Սուրիկ Կարապետյանի մոտ:
«Հովիվի աշխատանքը դժվար չէ, մի փոքր ձանձրալի է, բայց ես գոհ եմ, որ աշխատանք ունեմ», – ասում է Արամայիսը:
Սուրիկ Կարապետյանը հպարտանում է, որ նա և նրա կոոպերատիվը ENPARD-2 ծրագրով ձեռք են բերել Հոլշտին և Ֆլեկֆի ցեղատեսակի 35 կով: Երբ նրանք ստացան կովերը, մի փոքր վախենում էին, որ նոր ցեղատեսակները Ջավախքում չեն հարմարվի, բայց կովերը հարմարվեցին մեր եղանակային պայմաններին: Էստոնիայում նրանք տալիս էին օրական 50-60 լիտր կաթ, այստեղ` 30-35 լիտր կաթ:
«Նոր ցեղատեսակները դժվարությամբ հարմարվեցին մեր բնակլիմայական պայմաններին, ամենադժվարը կերակրելն է: Մենք փորձեցինք մեր կերն ավելի մոտեցնել նրան, ինչ նրանք ուտում էին Էստոնիայում: Կենդանիները հարմարվելու պրոցեսը դժվար տարան, բայց ամեն ինչ արդեն ետևում է: Ինչպես ցանկացած գործում, այստեղ էլ կան իր դժվարությունները, բայց դրանք հաղթահարելի են: Հիմա օրական 35 կովը տալիս են նույնքան կաթ, որքան ես ստանում էի 100 կովից », – ասում է Սուրիկ Կարապետյանը:
Սուրիկ Կարապետյանի նման մարդիկ վառ օրինակ են, որ եթե մարդ աշխատի և ձգտում ունենա, ուրեմն նա կհասնի հաջողության առանց հայրենի հողը լքելու: Հենց նրա նմանների շնորհիվ է շարունակում ապրել Ջավախքը:
Շուշան Շիրինյան