Այս տարվա մայիսից Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներն իրականացնում են կաթնարդյունաբերության արդիականացման և շուկա մուտք գործելու պետական ծրագիր, որն իրականացվում է 《Վրաստանի ֆերմերների ասոցիացիա》 ՀԿ-ի կողմից՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ֆինանսական աջակցությամբ:

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում ծրագրի իրականացման տենդերը շահել է անհատ ձեռնարկատեր Սոսիկո Ամիրխանյանը։ Ծրագիրը տևելու է մեկ տարի։

Այս ծրագրի նպատակն է շրջանում բարելավել խոշոր եղջերավոր անասունների գենոֆոնդը։ Անասնաբուծության զարգացման համար, ըստ մասնագետների, անհրաժեշտ է փոխել շրջանի խոշոր եղջերավոր անասունների ցեղատեսակները։ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում խոշոր եղջերավոր անասունների գենոֆոնդը չի փոխվել խորհրդային ժամանակներից։

Ծրագրի շրջանակներում կովերին բեղմնավորում են Շվից և Ջերսի ցեղատեսակներով:

Տենդերը շահած ձեռնարկատիրոջ ներկայացուցչի՝ Արմեն Ամիրխանյանի խոսքով, մարզում մեկ տարում հնարավոր է էապես փոխել գենոֆոնդը։

«Այս ծրագրի շրջանակներում բեղմնավորվող ցեղատեսակները շատ լավ են հարմարվում Նինոծմինդայի և Ախալքալաքի պայմաններին: Այս ցեղատեսակները արդեն արդարացրել են իրենց, ունեն բարձր կաթնարտադրություն։ Այս ծրագիրը հիանալի հնարավորություն է մեր բնակչության համար ցեղատեսակը փոխելու՝ կաթի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով»,- ասում է Արմեն Ամիրխանյանը։

Այս ծրագրի շրջանակներում արդեն իրականացվել է 20 բեղմնավորում, որից 3-ը՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում, 2-ը՝ Դիլիսկա գյուղում, 1-ը՝ Մաջադիայում։

Ծրագրի շահառուն վճարում է 20 լարի, մնացածը վճարում է պետությունը։ Այս ծառայության արժեքը 70-80 լարի է։

Ինչու ընտրել արհեստական բեղմնավորումը:

Անասունների բնական զուգավորումը անասնահոտի պայմաններում հաճախ հանգեցնում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են.
• Ցլերից հիվանդությունների փոխանցում կովերին, հատկապես բրուցելյոզը, որն առավել հաճախ տարածվում է հոտերի ցլերի միջոցով.
• Ինբրեդինգ, որը հանգեցնում է կովերի արտադրողականության և կովերի այլ ցեղային հատկանիշների նվազմանը.
• Անցանկալի և չվերահսկվող ծնունդ.

Ծրագիրն իրականացվում է հետևյալ շրջաններում՝ Սամցխե-Ջավախք, Իմերեթի, Սամեգրելո-Զեմո Սվանեթի, Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի:

Հարցերի կամ խորհրդատվության կարիք ունենալու դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ 595 85 83 56, 599 53 99 56 (կոնտակտային անձ ՝Արմեն Ամիրխանյան) ։