Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերները գոհ են այն բանից, որ Վրաստանի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը, գյուղատնտեսության զարգացման համար մեկ հեկտարի դիմաց 300 լարիի չափով սուբսիդիա է հատկացնում։ Սակայն, նրանք խնդրում են պետությանը վերահսկել սուբսիդիաների օգտագործման գործընթացը, քանի որ, ինչպես պնդում են նրանք, գյուղատնտեսական խանութներում ագրոքարտերով գնումներ կատարելիս նրանց թանկ գներով են հաշվարկում։
Jnews-ը չի ստուգել ագրոքարտերով գյուղատնտեսական ապրանքի վաճառման գործընթացը:
Ֆերմերները կարող են հողագործության համար պետական սուբսիդավորումը ծախսել միայն հատուկ խանութներում։
«Սա բոլորի համար էլ օգուտ է, հատկապես գարնան շրջանում, երբ գյուղացիները մեծ ծախսեր ունեն, և նրանք արդեն ծախսել են անցյալ տարվա բերքը վաճառելուց ստացված գումարը։ Բայց լավ կլիներ, որ խանութներում գները չթանկանային»,- ասում է ֆերմեր Ռազմիկ Քալաշյանը։
Սուբսիդավորման գումարը կփոխանցվի ագրոքարտին։ Կուտակված միավորները գյուղացիները կկարողանան օգտագործել գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով։ Բայց, ըստ ֆերմերների, ծրագրին մասնակցելու նպատակով տենդերները շահած գյուղատնտեսական խանութները ոչ միայն ավելացնում են գները ագրոքարտով գնելիս, այլև սուբսիդավորումով ոչ բոլոր ապրանքներն են վաճառում։
Ռուբիկ Դուրգարյանն արդեն գնել է պարարտանյութ, կարծում է, որ քարտերով ապրանք գնելն իրենց ձեռնտու չէ։
«Օրինակ, խանութներում, եթե կանխիկ ես գնում կատարում, ապա ապրանքն արժե 120 լարի, իսկ քարտի դեպքում ՝ 130 լարի։ Այսպես արդեն եղել էր մի քանի տարի առաջ, քարտերով 2-3 լարիով թանկ էր, այդ ժամանակ կանխիկով պարարտանյութն արժեր 37 լարի, իսկ քարտերով՝ 40 լարի։ Հաշվի մեզ 300 լարիից հասնում է 200 լարին, իսկ 100 լարին մնում է խանութին»,- ասում է Ռուբիկ Դուրգարյանը։
Լյովա Հովհաննիսյանը նույնպես կարծում է, որ ագրոքարտերով ապրանքներն ավելի թանկ են։
«Կանխիկ ավելի էժան կգնեմ, ինչ որ ինձ հարկավոր է, միևնույն է կանխիկ գումարով է վաճառվում, վարկային քարտերով չեն տալիս, մնացածն էլ կրկնակի թանկ են վաճառում»,- ասում է Լյովա Հովհաննիսյանը։