Այսօր, հունիսի 22-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան կրկին մարդաշատ է, մեկնարկել է թվով երրորդ բողոքի ակցիան: Վրաստանի ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջով ու պաստառներով ակտիիստներ են տարածքում: Այս մասին հայտնում է Aliq Media լրատվականը:
Ցուցարարների պահանջներին ավելացել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը: Այս մասին նախօրեին չի խոսվել:
Այսօրվա ակցիային պահանջում են նաև երկու օր առաջվա հավաքին հետևած անկարգությունների ընթացքում ձերբակալված քաղաքացիներին ազատ արձակել:
Միասնական ընդդիմությունն այսօր այս պահանջով մամուլի ասուլիսի է ներկայացել՝ ձերբակալվածներին անվանելով քաղբանտարկյալներ և ազատության գաղափարների համար պատժվածներ:
Նրանց խոսքով՝ ձերբակալված է ավելի քան 300 մարդ, որոնց դեմ ոստիկանները կեղծ ցուցմունքներ են տալիս:
«Այդ բոլոր մարդիկ քաղբանտարկյալներ են, դա քաղաքական վրեժ է՝ ուղղված այն մարդկանց դեմ, ովքեր պայքարում են հանուն ազատության ու քաղաքացիական բողոք են բարձրացնում՝ երկրում տեղի ունեցածի դեմ: Մենք իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձեբակալվածներին», — ասել է Գիորգի Վաշաձեն:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցերը սկսվեցին, երբ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորած ռուսական պատվիրակությունը հայտնվեց Վրաստանի խորհրդարանում: Վերջինս, որպես Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, նստեց Վրաստանի խորհրդարանի նախագահի բազկաթոռին և բացեց 26-րդ վեհաժողովը: Այնուհետև վեհաժողովի աշխատանքներն ընդհատվեց ընդդիմադիր պատգամավորների կողմից: