Ախալքալաքի քաղաքապետարանը ֆինանսներ է գտել Երաժշտական դպրոցի նախագծի համաֆինանսավորման համար:
Հունիսի 17-ին Ախալքալաքի քաղաքապետարանի դահլիճում ներկայացվեց մի ծրագիր, որը թույլ կտա Երաժշտական դպրոցը թարմացնել նոր և ժամանակակից գործիքներով: Այս ներկայացման ժամանակ հայտնի դարձավ, որ ծրագրի 35%-ի համաֆինանսավորումը հարցականի տակ է, որովհետև Ախալքալաքի բյուջեում միջոցներ չկան: Այդ ժամանակ Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը հայտնեց, որ բյուջեում ընդամենը 1350 լարի կա:
Բանն այն է, որ նախագծի ընդհանուր գումարը կազմում է 30 000 լարի, որից 35%-ը` 10500 լարին պետք է ֆինանսավորվի Ախալքալաքի շրջանային բյուջեի միջոցներով, իսկ մյուս մասը՝ 65%-ը ֆինանսավորվում է Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) կողմից:
«Մինչև նախագիծը ներկայացնելը, ես առաջին հերթին դիմել եմ պարոն Ունանյանին, դրա համար ես շատ շնորհակալ եմ նրան, քանի որ նա նախապես համաձայնվեց ֆինանսավորել ծրագրի 35%-ը: Այնուհետև, որպեսզի ոչ մի կասկած չլիներ, գրավոր դիմել եմ քաղաքապետարան: Այդ ժամանակ ինձ պատասխանեցին, որ համաձայն են ընդհանուր գումարի 35 տոկոսը ֆինանսավորել, առանց որևէ պայմանի: Այդ պատասխանը նամակի տեսքով կա: Եվ այն ներկայացրել եմ LAG-ին: Իմ գաղափարը չէին ընդունի, եթե չլիներ քաղաքապետարանի համաձայնությունը», – ասում է նախագծի հեղինակ Լուսյա Չոբանյանը:
Սակայն այսօր հայտնի դարձավ, որ Ախալքալաքի քաղաքապետարանը ֆինանսական միջոցներ է գտել Երաժշտական դպրոցի նախագծի 35 տոկոսի չափով համաֆինանսավորման նպատակով: Ինչպես Jnews-ին հայտնեց Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը՝ քաղաքապետարանը ծրագրի գումարը հաստատման է ներկայացրել: 10 500 լարին կհատկացվի բյուջեի տնտեսած 27 000 լարիից: Նախագծի ֆինանսավորման ծրագիրը կհաստատվի երկուշաբթի: