Եկող շաբաթվանից Ախալքալաքի Ջավախեթ փողոցում կմեկնարկեն կոյուղու համակարգի կառուցման աշխատանքները: Շինարարությունն իրականացնող ընկերությունից հույս են հայտնում, որ 4 ամսում աշխատանքները կվերջացնեն, որից հետո արդեն փողոցը կասֆալտապատվի:
Ջավախեթի փողոցի ասֆալտն ամբողջությամբ քանդված է, վարորդները դժվարանում են երթևեկել այստեղով և ամեն կերպ փորձում են շրջանցել այս փողոցը։ Ինչպես հայտնում են Ախալքալաքի քաղաքապետարանից՝ ճանապարհը կասֆալտապատվի այն դեպքում, եթե լուծվի փողոցի կոյուղու խնդիրը։
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը, ընթացիկ տարվա հուլիսին սկսել էր Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման աշխատանքները: Էլեկտրոնային մրցույթը հաղթել է «Ճանապարհաշինության վարչություն №1»-ը` 5 744 000.00 լարիի չափով: Եվ ըստ այդ տենդերի պետք է ասֆալտապատվի նաև Ջավախեթի փողոցը։
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքով, նշված փողոցը կասֆալտապատվի այն ժամանակ, երբ կոյուղին նորոգվի: Հարկ է նշել, որ նոր կոյուղագծերը կառուցելու համար արդեն էլեկտրոնային մրցույթ է հայտարարվել, որը հաղթել է «Մշենեբլոբա» ընկերությունը՝ 603 700.00 լարիով: Ըստ պայմանագրի աշխատանքները պետք է սկսվեն և ավարտվեն 4 ամսում՝ մինչև 2022 թվականի հունվարի 18-ը ներառյալ։
«Մշենեբլոբա» ընկերության տնօրեն Զուրաբ Գուգեշաշվիլիի խոսքով, շինարարական աշխատանքները կմեկնարկեն մյուս շաբաթվանից, և կավարտվեն 4 ամսվա ընթացքում՝ կախված, թե ինչպիսի եղանակային պայմաններ կլինեն։
Ջավախեթի փողոցում կոյուղու համակարգն անցկացնելուց հետո Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհը ասֆալտապատող ընկերությունը կշարունակի փողոցի ասֆալտապատումը:
Գայանե Ակոջյան