2023 թվականի սեպտեմբերից Ախալքալաքի շրջանի դպրոցներում ներմուծվեց երկլեզու կրթությունը։ Այն ուսուցանվում է հետևյալ առարկաներից՝ արվեստ (II-IV դասարաններ), ես և հասարակությունը, բնագիտություն (III-IV դաս.) և մաթեմատիկա (II-IV դասարաններ)։ Պետության կողմից մշակված կրթական այս հայեցակարգը՝ թե մշտական, թե երկլեզու մեթոդով դասավանդող ուսուցիչների մոտ դժգոհության առիթ է դարձել։ Վերոնշյալ առարկաների դասընթացների ժամանակ “մրցույթ” է, թե ով է հասցնելու իր օրվա պլանը։
Jnews-ը ներկայացնում է ինչպես հիմնական, այնպես էլ երկլեզու մեթոդով ուսուցիչների կարծիքը (հատուկ չենք հրապարակում նրանց անուն ազգանուները)։
Մեզ հարցազրույց տված առաջին ուսուցչուհին արդեն երկրորդ տարին է աշխատում է երկլեզու կրթության նախագծով։ Երկու տարվա ստացված արդյունքներից դժգոհ է, նշում է՝ համալիր աշխատանք է անհրաժեշտ, բայց դրա համար էլ հատուկ մշակված դասագրքեր չկան։ Դժգոհություններն ու մտավախություններն առկա են նաև ծնողների ու աշակերտների շրջանում։
«Ես սկզբնական շրջանում եղել եմ օգնական ուսուցիչ, արդեն երկու տարի է, ինչ երկլեզու կրթության մեջ եմ, «ես և հասարակությունը» առարկայով, 3-րդ և 4-րդ դասարաններում։ Կոնկրետ ես համալիր աշխատանք եմ տանում, դա ինչ-որ ձևով բերում է հիմնական ուսուցչի դժգոհությանը։ Հետո ծնողները մտավախություն ունեն խառնաշփոթի պատճառով, քանի որ մենք առանձին առաջադրանք ենք տալիս, իսկ հիմնական ուսուցիչը՝ առանձին։ Ծնողները վախենում են, որ այս կերպ մայրենի լեզուն կվերանա և երեխաները կմոռանան։ Հիմնական դժգոհությունը սա է։ Ծանրաբեռնվածության առումով այնքան էլ ծանրաբեռնված չէ»։
Նրանք աշխատում են համալիր եղանակով, այսինքն՝ երկլեզու կրթության ու հիմնական ուսուցիչը պետք է միասին աշխատեն, երկուսն էլ պետք է ներգրավված լինեն դասապրոցեսում։ Քանի որ այդ աշխատանքի ընթացքում լինում են վարժություններ՝ թե վրացերեն, թե հայերեն։
Վերջինս նշում է, որ ամենակարևորն այն է, որ՝
«Մեզ ասում են, որ ուշադրություն դարձնենք ոչ թե քերականությանը, բառապաշարին, այլ փորձենք խոսեցնել աշակերտին, բայց եթե աշակերտն այդ ամենը չիմանա, ինչպե՞ս խոսի։ Թերություններից ամենամեծն այն է, որ իրենք չունեն համապատասխան մշակված նյութ։ Իրենք նույնպես կողմնորոշված չեն, թե մենք ինչ ենք անելու։ Անկեղծ ասած, այո, ես աշխատում եմ, իմ աշխատանքն է, բայց ես պոտենցիալ չեմ տեսնում, ես իմ աշխատանքից այդքան մեծ բավականություն չեմ ստանում, աճելու տեղ չեմ տեսնում՝ ոչ ուսուցչի, ոչ էլ աշակերտի համար»։
Երկու տարվա աշխատանքի ընթացքում նա գոհ չէ ստացած արդյունքներից։
«Այս ընթացքում ես աշխատել եմ այնպիսի դպրոցում, որտեղ աշակերտների քանակը քիչ է, սակայն մեծ արդյունք չեմ տեսնում։ Մի քանի դպրոցի ուսուցիչներից նույնպես հետաքրքրվել եմ, նրանք էլ ասում են, որ մեծ արդյունք չկա։ Ըստ իս, իրենց նախագիծը աբսուրդային է։ Համալիր աշխատանքը դա ինչ-որ թեթև, անցողիկ բան է»։
Երկլեզու մեթոդով դասավանդող ուսուցիչը մեզ հետ զրույցում չի հերքում ագրեսիան՝ տնօրինության կողմից։ Ասում է՝ ծնողները նույնպես դժգոհ են ու հնարավոր է, որ իրենց երեխաներին տեղափոխեն այնպիսի դպրոց, որտեղ երկլեզու կրթության նախագիծը ներառված չէ։
«Ագրեսիան կա նաև դպրոցի տնօրինության կողմից, քանի որ բոլորը կարծում են, որ սա մայրենի լեզվի մոռացության կարևորագույն փուլերից է։ Նշեմ նաև, որ անտեղի չեն մտածում, քանի որ հանդիպումների ժամանակ բազմիցս են նշել, որ ապագայում այլ առարկաներ են փորձելու ներգրավել երկլեզու կրթության նախագծում»։
Մեկ այլ ուսուցչուհի էլ ասում է՝ եթե երկլեզու կրթության ծրագիրն իրականացվում է վրացերեն սովորեցնելու համար, ապա՝ ապարդյուն, քանի որ ծրագիրն ամբողջությամբ վրացերեն չէ։
«Ես դեռ նոր եմ աշխատում, դրա համար արդյունքի մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ես նոր եմ, իսկ դպրոցի ուսուցիչները չեն էլ թողնում, որ նորմալ դաս անենք, նրանք շատ դեմ են։ Ես մաթեմատիկա եմ պարապում 2-րդ և 3-րդ դասարաններում, մենք պետք է անցկացնենք դասաժամը, սակայն նրանց կողմից ուղարկված դասագրքերն այդ աստիճանի գիտելիք չի կարող տալ աշակերտներին, այդ պատճառով մենք նաև պարապում ենք հիմնական դասագրքերով։ Դասի կեսն անցկացնում ենք հիմնական դասագրքերով, իսկ կեսը նոր եկած»։
Վերջինս նշում է՝ երեխաների տրամադրվածությունը լավ է, քանի որ դասերն անցկացնում են խաղի ձևով, ինչի շնորհիվ ավելի հետաքրքիր է դառնում։
Մեր հաջորդ զրուցակիցը հիմնական ուսուցչուհի է։ Նա մաթեմատիկա է դասավանդում և ասում է՝ դասի ընթացքում անպայման մի բան կիսատ է մնում, եթե նոր դաս է հանձնարարում, տնայիններն ստուգելն է մնում, եթե երկրորդն է անում, առաջին է մնում։
«Իմ կարծիքն այս նախագծի հետ կապված շատ բացասական է։ Քանի որ երեխաներն արդեն չեն հասցնում, գումարած իմ դասաժամին չեմ հասցնում, ինձ նախատեսված էր չորս հատորով դասագիրք։ 3-րդ դասարանում մաթեմատիկան ես հասցրել եմ ընդամենը 2-րդի կեսն անցնել, երկու դասագիրք էլ ունեմ, որ պետք է համապատասխանի մյուս տարվա ծրագրին։ Համատեղ դասերի ընթացքում ես չեմ հասցնում ոչ վարժություն կատարել, ոչ նոր դաս հանձնարարել, ոչ մի կերպ չեմ կարողանում համատեղել»։
Նա նշում է, երկլեզու կրթության նախագծով եկած ուսուցչի հանդեպ անձնական ոչ մի բան չունի, պարզապես հարցը կայանում է նրանում, որ նրանք իրենց պահանջն ունեն, իսկ իրենք իրենցը։ Այդ պատճառով տարաձայնություններ են առաջանում։
«Երեխաները երկրորդ ուսուցչի մասնակցությանը դեմ չեն, սակայն չեն հասցնում, վրացերենով չափից շատ են պահանջում, իսկ երեխաները դեռ այդքան չգիտեն։ Բարդ է 3-րդ դասարանի երեխային սովորել հաշվել մինչև 1000, իսկ իրենք դա պահանջում են։ Ավելի բացասական ազդեցություն է թողնում, քան դրական։ Ես մտածում եմ նաև անհատական նամակով դիմել նախարարությանը, որ եթե ուզում են իրականացնել ծրագիրը, թող իրականացնեն, սակայն ուրիշ մեթոդով, քանի որ համատեղ հնարավոր չէ։ Ես ուզում եմ երեխաներին գիտելիք տալ, մաթեմատիկա առարկայի մասին է խոսքը։ Դասագիրք էին բաժանել, ամբողջությամբ վրացերեն։ Երեխաների մոտ հիասթափություն է առաջանում ուսման նկատմամբ»։
Jnews-ը խոսել է նաև այլ ուսուցիչների հետ, նրանց բոլորի կարծիքը նույնն է՝ իրականացնել ծրագիրը, սակայն՝ ոչ համատեղ։ Ինչպես երկլեզու կրթության, այնպես էլ մշտական ուսուցիչները ծրագրից չեն ստանում այնպիսի արդյունքներ, որը նրանց մոտ որպես ուսուցիչ գոհունակություն առաջանա։ Որոշները նաև ուզում են գրավոր դիմում ներկայացնել նախարարություն, խնդրանքով, որպեսզի համատեղ դասերը չեղարկեն։
Հարկ է նշել, որ այս նախագիծը ներառված է Վրաստանի կրթության և գիտության նախարարության 2022-2032 թվականների ռազմավարական ծրագրում։
Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝