Ախալքալաքի Ճավճավաձե փողոցի «Կայանելն արգելվում է» ճանապարհային նշանը դատարանի որոշմամբ պետք է ապամոնտաժվեր, սակայն այդ որոշման մի մասի բողոքարկման պատճառով, այն դեռ ուժի մեջ չի մտել և պատասխանատու կողմը՝ քաղաքապետարանը նշանն ապամոնտաժելու ժամանակ ունի:
Դեռևս մայիսի 7-ին Ախալքալաքի շրջանային դատարանը որոշում էր կայացրել 5 ամիս առաջ Ճավճավաձե փողոցի №5 հասցեում տեղադրված «Կայանելն արգելվում է» նշանի գործով, որը հանգեցրել էր այդ փողոցի բնակիչների, այնտեղ գտնվող բուքմեյքերական գրասենյակի սեփականատերերի և քաղաքապետարանի միջև «առճակատման»: Դատարանը քաղաքապետարանին պարտավորեցրել էր ապամոնտաժել նշանը:
«Կայանելն արգելվում է»՝ օրենքի խախտում, թե՞ վերականգնում
Դատարանը քաղաքապետարանին պարտավորեցրել է Ախալքալաքում «պրոբլեմատիկ» նշանն ապամոնտաժել
Ճավճավաձե փողոցի բուքմեյքերներական գրասենյակի սեփականատերերից մեկը՝ Միշա Կրմաջյանը հայց էր ներկայացրել քաղաքապետարանի դեմ:
Դատական որոշման համաձայն՝ Ճավճավաձե փողոցի №5 հասցեում վերոհիշյալ նշանի տեղադրումը ճանաչվել է անօրինական: Դատարանը նաև բավարարել է քաղաքապետարանի կողմից հայցվորի պետական տուրքի հատուցումը, սակայն փաստաբանի ծառայությունների ծախսերի մասնակի փոխհատուցումը և տուգանքի փոխհատուցման պահանջը, դատարանը չի բավարարել:
Ինչի համար էլ Միշա Կրմաջյանը դատարանի որոշմումը մասնակի բողոքարկել է Թբիլիսիի դատարանում: Նա պահանջում է 10 լարի տուգանքը փոխհատուցել, ինչպես նաև փաստաբանի ծախսերը հոգալ:
«Դատարանի որոշումը 14 օր անց ուժի մեջ է մտնում, ես որոշումը մասնակի բողոքարկել եմ: Որոշման առաջին մասի հետ համաձայն եմ, բայց իրավաբանի ծախսերի ու 10 լարիանոց տուգանքի համար բողոքարկել եմ Թբիլիսի: Հունիսի 3-ին եմ բողոքարկել: Իրենք հիմա նոր կարգավորումներ են մտցնում ու նորից որոշել են նույն տեղում կայանելն արգելվում է նշան տեղադրել և ոչ միայն՝ փողոցը միակողմանի են դարձնում: Ճավճավաձե փողոցի վրա 5 տնտեսվար դիմել էր քաղաքապետարանին ու Սակրեբուլոյին, որևէ ճանապարհային նշան տեղադրելուց առաջ մեր՝ բնակչության կարծիքը հաշվի առնել: Բայց մեր կարծիքը ոչ ոք չիմացավ, ինչպես միշտ իրենք թքած ունեն ժողովրդի կարծիքի վրա: Իրենք այսպես մեզանից վրեժ են լուծում»,- մեզ հետ զրույցում ասաց Միշա Կրմաջյանը:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը Ճավճավաձե փողոցում տեղադրված «Կայանելն արգելվում է» նշանի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ ասաց.
«Դատարանի որոշումը եկել է, բայց մենք ընդհանուր Սակրեբուլոյով որոշում՝ նախագիծ ենք ընդունել ամբողջ քաղաքում ճանապարհային երթևեկության կանոնները կարգավորող սխալ նշաններն ապամոնտաժելու և նորերը տեղադրելու համար: Մի կաթիլ մեղրի պատմությունը սարքեցին»:
Նշենք, որ «Կայանելն արգելվում է» նշանի շուրջ ծավալված խնդիրը պատճառ դարձավ, որ քաղաքապետարանում ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի, որը կզբաղվի Ախալքալաքում ճանապարհային նշանների կարգավորման հարցով: Հանձնաժողովը նոր նախագիծ մշակեց քաղաքի կենտրոնում երթևեկությունը կարգավորելու համար: Արդյունքում, Ազատության (Թավիսուփլեբա) փողոցը դարձավ գլխավոր ճանապարհ, իսկ Նալբանդյան փողոցի մի մասում, ինչպես նաև կենտրոնական մյուս փողոցների որոշ հատվածներում երթևեկությունը դարձավ միակողմանի, այդ թվում՝ Ճավճավաձե փողոցի այդ հատվածը, որտեղ և գտնվում է «խնդրահայրույց» նշանը: