Ամեն տարի Ջավախքի ֆերմերները վատ եղանակային պայմանների պատճառով կորուստներ են կրում, սակայն պետական գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը այդպես էլ ժողովրդականություն չի վայելում:
2014 թվականից Վրաստանում գործում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիր, ըստ որի պետությունը ապահովագրական ընկերություններին վճարում է ապահովագրության գումարի 70%-ը, իսկ հողի սեփականատերը՝ 30%-ը: Սակայն, Ախալքալաքի մունիցիպալիտետում ծրագիրը ժողովրդականություն չի վայելում: Պատճառները կարող են տարբեր լինել. Բնակչության ոչ բավարար տեղեկատվությունը, ապահովագրական ընկերությունների գործակալների պասսիվ գործունեությունը, փաստաթղթերի հետ կապված տեխնիկական հարցերը, սակայն հիմնական խնդիրը՝ մարդկանց անվստահությունն է:
Մուրջախեթ գյուղից Վլադիմիր Ստեփանյանն ասում է, որ ապահովագրելու համար փող չունի:
«Ես 1,5 հեկտար գարի եմ ցանում եւ երբեք չեմ ապահովագրում: Ես թոշակառու եմ եւ ապահովագրության համար փող չունեմ, հազիվ եմ ապրում », – ասում է Վլադիմիր Ստեփանյանը:
Անցյալ տարի Մուրջախեթ գյուղում ուժեղ կարկուտը փչացրեց կարտոֆիլի եւ հացահատիկի գրեթե ողջ բերքը: Բայց միևնույնն է, այս գյուղում բերքը չեն ապահովագրում:
«Անցյալ տարի 1.5 հա գարի եւ 1.5 հա կարտոֆիլ էինք ցանել: Ամբողջ բերքը կարկտահարվեց: Այս տարի նույնիսկ սերմացու ենք գնել ցանելու համար: Անցյալ տարի մենք պետությունից որեւէ օգնություն չենք ստացել, հետո ինչ, որ չէինք ապահովագրել, կարող էին չէ օգնել: Տեղական իշխանությունները եկան, նայեցին և վերջ », – ասում է Լուսվարդ Մարգարյանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը վճարում է գյուղատնտեսական բերքի ապահովագրության վճարի ավելի քան կեսը, հետևաբար վնասը ծածկելու այլ ծրագրեր չեն մշակվում:
Մուրջախեթ գյուղի որոշ բնակիչներ ասում են, որ շատ հող են մշակել, բայց չեն ապահովագրել եւ չեն էլ պատրաստվում ապահովագրել, քանի որ չեն վստահում ապահովագրական ընկերություններին:
Չամդուրա գյուղում, ըստ գյուղացիների, բերքը ապահովագրել է միայն 10% -ը, մնացածը՝ ոչ:
«Ես միայն իմ վրա եմ հույսս դնում, եթե կարկտահարություն լինի, ով ինչ կարող է անել: Ես չեմ հավատում ընկերություններին: Նրանք իրենք են որոշում տոկոսները, եւ շատ ժամանակ սխալ են գնահատում վնասը: Եթե վնասը 40% է, ապա գրում են 20% », – ասում է Չամդուրա գյուղի բնակիչը:
Նույն գյուղի բնակիչ Շոթա Աբաջյանը ասում է, որ նախանցյալ տարի բերքը ապահովագրել էին, բայց այս տարի չեն արել:
Չամդուրա գյուղի բնակիչ Սանթոյան Սպարտակն այս տարի մտադիր է ապահովագրել բերքը, սակայն դեռևս չի որոշել է, թե որ ընկերությունում:
«Ես 9 հա գարի եմ ցանել եւ ուզում եմ ապահովագրել: Իմ եղբայրը երեք տարի է արդեն ապահովագրում է եւ գոհ է: Անցյալ տարի կարկուտը գետնին էր հավասարեցրել գարու լրիվ բերքը, նա 1000 լարի փոխհատուցում ստացավ եւ շատ գոհ էր: Կարտոֆիլի ապահովագրությունն ավելի թանկ է, քան գարիինը, դրա համար էլ մենք կարտոֆիլը չենք ապահովագրում, իսկ գարին հնարավորություն ունենք ապահովագրելու: Եղբայրս նույնպես միայն գարին է ապահովագրում », – ասում է Սպարտակ Սանթոյանը:
Գյուղատնտեսական ապահովագրությունը Չունչխա գյուղում «ընդունված» է:
«Մի անգամ ապահովագրել եմ, էլ չեմ անի: Նրանք քիչ տվեցին, ու ուշ եկան, միայն մեկ ամիս հետո», – ասում է Չունչխա գյուղի բնակիչը:
Զուրաբ Շավաձեն Չունչխա գյուղից, նույնպես գոհ չէ տոկոսներից:
«Այնքան էլ գոհ չեմ: Վնասը կազմել էր 50%, իսկ նրանք գրել էին 25% », – ասաց նա:
Չունչխա գյուղի բնակիչը գոհ է ապահովագրական ընկերություններից եւ շարունակելու է համագործակցությունը:
«Ես ապահովագրել եմ եւ ապահովագրելու եմ: Մեր գյուղում շատերն են ապահովագրում: Մեզ մոտ ընդունված է ապահովագրությունը: Մենք էլ սկզբում այնքան էլ չէինք հավատում, բայց հետո սկսեցինք վստահել », – ասում է Չունչխա գյուղի մեկ այլ բնակիչ:
Գումբուրդո գյուղի բնակիչ Խաչիկ Համազարյանը կարծում է, որ բերքի ապահովագրությունը իսկապես լավ բան է, բայց չեն անում:
«Ցավոք մեր ժողովրդի սովորությունների մեջ չի մտել բերքի ապահովագրությունը», – ասում է Խաչիկ Համազարյանը:
Վրաստանի ապահովագրական շուկայում այս տարի գործում է 8 ընկերություն՝ Aldagi, JP Holding, Euroins Georgia, Ardi, TBS Insurance, Alpha, Georgia Insurance Group, Global Benefitz Georgia:
Շուշան Շիրինյան