Ախալքալաքի շրջանում բերքի ապահովագրության ոլորտում երեք ապահովագրական ընկերություններ են աշխատում, բնակչությունը դժվարությամբ են գնում ապահովագրության: Ինչու՞ մարդիկ չեն ուզում ապահովագրել բերքը, և ի՞նչ պայմաններ են խոստանում ընկերությունները հաճախորդներին գրավելու համար:
Վրաստանում գործում են բերքի ապահովագրման հինգ ընկերություն` «Ալդագի», «Ջի Պի Այ», «Այ Սի Գրուպ», «Արդի» և «Յունիսոն»: Այս ընկերություններից մեր շրջանում աշխատում են միայն երեքը` «Ալդագի», «Այ Սի Գրուպ» և «Յունիսոն»: «Ալդագի» ապահովագրական ընկերությունն սկսել է առաջարկել իր ծառայությունները անցյալ տարվանից, իսկ մնացած երկուսը` այս:
Բերքի ապահովագրությունը պետական ծրագիր է: Ապահովագրության գումարից պետությունը վճարում է ապահովագրական ընկերությանը 70%, իսկ 30%-ը վճարում է հողի սեփականատերը: Բոլոր ընկերությունները Ախալքալաքի շրջանում բերքն ապահովագրում են կարկտահարությունից, ջրհեղեղներից, աշնանային ցրտահարություններից և փոթորկից:
«Յունիսոն» ապահովագրական ընկերության գործընկերներն Ախալքալաքում համարվում են` ՍՊԸ «Ջավախեթական Արգո ընկերությունը», «Պիերնա» ընկերությունը և «Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիան: Ապահովագրել կարտոֆիլի 1 հա հողի բերքը «Յունիսոն» ընկերությունում, կարտոֆիլ աճեցնողների համար կարժենա 360 լարի տարվա մեկ եղանակի համար: Ապահովագրության ընդհանուր գումարը 1 հա հողի համար 1200 լարի է, որից 360 լարին վճարում է հողի սեփականատերը, իսկ 840 լարին վճարում է պետությունը:
«Յունիսոն» ընկերությունն առաջարկում է իր հաճախորդներին վճարել 360 լարի աշնանը, բերքահավաքից հետո, հաշվի առնելով մարդկանց վճարելու կարողունակությունը, ինչպես նաև նվերներ է տալիս:
«360 լարիով մենք տալիս ենք վաուչեր, և նրանք կարող են ձեռք բերել այս վաուչերից տարբեր ապրանքներ 280 լարիի սահմաններում, ստացվում է նվեր: Նրանք կարող են օգտվել դրանից, և հակառակը, սակայն, աշնանը 360 լարի պետք է վճարեն», – ասում է Ախալքալաքում «Յունիսոն» ընկերության գործընկեր, «Ախալքալաքի կարտոֆիլի» ասոցիացիայի նախագահ` Մախարե Մացուկատովը:
Ըստ նրա, ընկերությունը շրջանում արդեն ունի մոտ 180-200 հաճախորդ: Ընկերությունը բոլորի համար նույն պայմաններն է առաջարկում, անկախ նրանից, այդ հողը գրանցված է, թե ոչ:
Երկրորդ Ապահովագրական ընկերությունը, որը աշխատում է Ախալքալաքի շրջանում` «Այ Սի Գրուպ»-ն է: Այս ընկերությունը 1 հա գնահատում է 15 000 լարիով, և համապատասխանաբար 495 լարի պիտի վճարեն ֆերմերները, իսկ 14 505 լարի վճարում է պետությունը: Ընկերությունը նույնպես գրավում է հաճախորդներին նվերներով, ֆերմերներին տալիս է 495 լարիի վաուչեր, որով հաճախորդը կարող է ձեռք բերել պարարտանյութեր և դեղորայք:
«Այ Սի Գրուպ» գործակալության ներկայացուցիչն Ախալքալաքում` Գիորգի Մացուկատովը ասում է, որ նրանք արդեն ապահովագրել են 20 ֆերմերի բերք, ինչպես նաև կան բազում դիմումներ: «Այ Սի Գրուպ»-ը հաճախորդների համար առաջարկում է տարբեր պայմաններ, դա կապված է այն բանի հետ գրանցված են, թե ոչ տվյալ անձի հողերը:
«Եթե հողը չի գրանցված Ռեեստրում, ապա ապահովագրության վճարված գումարից պահվում է 1500 լարի, իսկ եթե հողը գրանցված է, չեն պահում», – ասում է Գիորգի Մացուկատովը:
Ապահովագրական ընկերություն «Ալդագիում» գրանցված հողի համար հողագործը վճարում է 240 լարի, իսկ չգրանցված հողի համար` 360 լարի: Նրանք հաշվել են, որ միջինը 1 հա հողի համար կարելի է ստանալ 25 տոննա կարտոֆիլ 15 000 լարիի չափով: Աղետից հետո, բերքը ապահովագրած յուրաքանչյուր մարդ պետք է զանգահարի թեժ գիծ և 24 ժամվա ընթացքում ապահովագրական գործակալը, գյուղատնտեսի հետ միասին կժամանեն գնահատելու համար վնասը: Կկազմվի վնասի տոկոսային ակտ, իսկ աշնանը համապատասխան գումարը կփոխանցվի հողագործի հաշվեհամարին:
Մելսիկ Հայրապետյանը Չամդուրա գյուղից ապահովագրել է բերքը, իր 4,60 հա հողից:
«Ես իմ ոչ բոլոր հողերն եմ ապահովագրել: Կարկուտը մեզ մոտ շատ է լինում և շատ վնաս է հասցնում, և այդ իսկ պատճառով, ես որոշեցի ապահովագրել հողերը: Ես շրջեցի բոլոր ընկերություններով և ընտրեցի այն, որը ավելի շահավետ էր ինձ համար», – ասում է Մելսիկ Հայրապետյանը:
Ախալքալաքի շրջանում բերքը հաճախ է վնասվում բնական աղետներից, ամենից ուժեղ սպառնալիքը կարկուտն է, բայց ոչ բոլորն են շտապում ապահովագրել իրենց բերքը: Գյուղատնտեսական ապահովագրության մշակույթը դեռ նոր է, և մարդիկ դեռ զգուշանում են ապահովագրությունից: Որոշ մարդիկ չեն վստահում ընկերություններին, ոմանք կարծում են, որ ապահովագրումը թանկ է, ոմանք համոզված չեն, որ նույնիսկ աշնանը կկարողանան վճարել գումարը: Շատերը կասկածում են, որ գնահատելիս ընկերությունը, ցույց կտա վնասի փոքր տոկոսներ:
Տիկին Ռուզաննան Խանդո գյուղից փոքր-ինչ ծանոթ է ապահովագրական ծառայությունների հետ, սակայն չի վստահում ընկերություններին և, հետևաբար, չի ապահովագրել իր բերքը: Նա, այս տարի, ցանել է ցորեն և կարտոֆիլ:
Զոհրապ Պապոյանը Փոքր Սամսար գյուղից կարծում է, որ ապահովագրությունը թանկ կարժենա:
«Մեզնից պահանջեցին 360 լարի յուրաքանչյուր 1 հա-ի համար: Նրանք ասացին, եթե կարկուտը վնասի, մենք կհաշվարկենք 1 կգ-ի համար 80 թեթրի և կվճարենք: Ես չհամաձայնեցի, ոչ-ոք մեր գյուղից չի ապահովագրում, թանկ է, ոչ-ոք գումար չունի: Եթե իմանանք, որ կարկուտը ջարդելու է բերքը, ապա կարելի է վճարել, իսկ, եթե ոչ այդ դեպքում մենք կտուժենք», – ասում է Զոհրապ Պապոյանը:
Աշնանը պարզ կլինի, թե ինչքանով է արդյունավետ բերքի ապահովագրությունը վերը նշված պայմաններով, և արդյո՞ք բերքի ապահովագրությունը սովորական կդառնա Ախալքալաքի շրջանում, թե մարդիկ կրկին զգուշանալու են դրանից:
Շուշան Շիրինյան