Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Կոջորիում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում արտադրված յուրաքանչյուր օրգանական մաքուր արտադրանք կազատվի հարկերից։
«Իմ անձնական նպատակն է, որպեսզի քայլ առ քայլ հարկային համակարգից ազատենք այն ոլորտը, որում Վրաստանում կկարողանան արտադրել կենսաբանական մաքուր ապրանքներ», – հայտարարել է վարչապետը։
Նա նշել է նաև, որ «կանաչ տնտեսության» հիմնական ուշադրության կենտրոնում կլինի գյուղատնտեսությունը և աշնանը կառավարության կողմից կներկայացվի այնպիսի քաղաքականություն, ըստ որի էլ Վրաստանում ամենացածր հարկային համակարգը կգործի գյուղատնտեսության ոլորտում։
Վարչապետը նշել է նաև, որ ինքը միշտ դեմ է եղել այն կարծիքին, որ Վրաստանում գյուղատնտեսությունը հեռանկար չունի։
«Մենք պետք է տարբերենք գյուղատնտեսությունը հողագործությունից։ Ցավոք այն ինչը մենք և մեր ընդդիմախոսները անվանում ենք գյուղատնտեսություն, գյուղատնտեսություն չէ։ Դա բնական հողագործություն է, որն էլ հանդիսանում է Վրաստանի աղքատության աղբյուրներից մեկը։ Այսօր մեր բնակչության մեծ մասը, ովքեր որ գյուղում են ապրում, ստիպված է զբաղվել ոչ թե գյուղատնտեսությամբ, այլ բնական հողագործությամբ։ Այսինքն՝ արտադրում են այնպիսի ապրանքներ, որոնք էլ իրենք են սպառում», – հայտարարել է Բախտաձեն։
«Կանաչ տնտեսության» ուշադրության կենտրոնում կլինի գյուղատնտեսությունը և Վրաստանը կդառնա էկոլոգիապես մաքուր և բարձր որակի արտադրանք ունեցող երկիր։
«Այս ուղղությամբ մենք արդեն սկսել ենք շատ լուրջ քայլեր անել, հիշեցնում եմ, որ էկոլոգիապես մաքուր արտադրանք ունեցող մի քանի խմբի մենք արդեն ազատել ենք ավելացված արժեհարկերից, սակայն մենք ավելի մեծ ամբիցիաներ ունենք», – ասել է վարչապետը։