Տարեցտարի վերանորոգվող փոսերն ավելի ու ավելի են մեծանում, որոշ տեղերում վերածվելով մեծ, անբարեկարգ տարածքների: Ինչու է քաղաքում կատարվում փոսային նորոգում, այլ ոչ թե վնասված փողոցների լրիվ վերականգնում:
Ախալքալաքում փոսային նորոգումը կատարվում է տեղական բյուջեի հաշվին: 2017 եւ 2018 թվականներին հատկացվել էր 300 000 -ական լարի: Աշխատանքները կատարվում են ամեն տարի, երկու փուլով՝ առաջինը գարնանը, ձնհալից հետո, երկրորդը՝ աշնանը մինչեւ ձյան գալը:
2017 եւ 2018 թվականներին Ախալքալաքի մունիցիպալիտետում փոսային նորոգման տենդերը շահել է ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզա»-ն: Երկու դեպքում էլ ընկերությունը միակ մասնակիցն է եղել եւ տենդերը շահել է նախնական գումարով:
Փոսային նորոգումը հիմնականում իրականացվում է քաղաքի կենտրոնական փողոցներում, ամեն անգամ նույն փոսերն են նորոգվում, ու ամեն տարի նրանք ավելի ու ավելի են մեծանում: Այս նորոգման էֆեկտիվությունը միշտ չէ, որ նկատելի է: Օրինակ, 2018 թ. վերանորոգման երկրորդ փուլի համար Ախալքալաքի մունիցիպալիտետն ընկերությանը գումարը չէր վճարել, պահանջելով նույն հատվածները կրկին նորոգել: Քաղաքապետարանը պնդում է, որ անցյալ տարի նորոգում չի կատարվել, ընկերությունը պնդում է, որ նորոգված տարածքները փչացել են խստաշունչ ձմռան հետևանքով: Արդյունքում, Մայիսի 9-10-ը, «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը կենտորնական փողոցի մի քանի վնասված հատվածներում իրականացրեց փոսային նորոգում:
Փոսային նորոգման մրցույթ այս տարի մունիցիպալիտետը դեռ չի հայտարարել: Այս տարի, ճանապարհների մասնակի, վերանորոգման համար նախատեսված գումարը կրճատվել է և կազմում է 200 000 լարի:
Քանի որ մշտապես վերանորոգվող փոսերն արդեն վերածվել են մեծ հատվածների, բնակիչների մոտ հաճախ հարց է ծագում, թե ինչու չեն վերանորոգվում ճանապարհահատվածներն ամբողջությամբ, այլ կատարվում են փոսային նորոգում:
Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսության եւ ենթակառուցվածքների բաժնի մասնագետ Ռազմիկ Նահատակյանն ասում է, որ մեր մունիցիպալիտետը չի հասել այն մակարդակին, որ իրականացնի համեմատաբար վերջերս վերանորոգված փողոցների ասֆալտապատում:
«Մինչ այժմ մենք փոսային նորոգում կատարում ենք ասֆալտապատված փողոցներում, իսկ ասֆալտապատում ենք այն փողոցները, որոնք երբևէ չեն ասֆալտապատվել՝ գրունտային փողոցները », – ասում է Ռազմիկ Նահատակյանը:
Ինժեներական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Մերաբ Աբազաձեի խոսքով, չկան որևէ չափորոշիչներ, որոնցով որոշվի, թե փոսային նորոգում է անհրաժեշտ, թե լրիվ վերականգնում:
« Անհրաժեշտ է հետազոտություն, նման ստանդարտ չկա, ըստ որի կարելի է ասել, որ եթե փողոցում այդքան փոս կա, ապա նորոգման կամ վերականգնման կարիք կա: Մենք չունենք ասֆալտապատման չափանիշներ, որպեսզի ասենք, որ պետք է ծառայի 5 կամ 10 տարի, սակայն եղանակային պայմանները պետք է հաշվի առնել, նման չափանիշ կա: Տենդերում կարող են սահմանվել պայմանները: Եղանակի եւ ջերմաստիճանի առումով կարող են լինել սահմանափակումներ: Ասֆալտի շերտը փռելիս անհրաժեշտ է պահպանել ջերմաստիճանը », – ասում է Մերաբ Աբազաձեն:
Շուշան Շիրինյան