Ախալքալաքի մունիցիպալիտետում տարածվում է կորոնավարակը, ինչպես պաշտպանվել, ինչ միջոցներ կիրառել վարակի դեմ, ո՞ր դեպքում թեստավորվել և որքանո՞վ է ծանրաբեռնված հիվանդանոցի աշխատանքը․ այս և այլ հարցերի շուրջ JNEWS-ը զրուցել է Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի հետ:
– Պարոն Թորոյան, ինչպիսին է այսօր իրավիճակն Ախալքալաքում պայմանավրված կորոնավարակով:
– Այսօր, մենք շրջանում ունենք բավականին բարվոք վիճակ և այս երկրորդ ալիքից առաջ մենք ընդհանրապես բարվոք վիճակում էինք: Բայց, ցավոք սրտի ի հայտ եկան կորոնավիրուսի դեպքեր, որոնք սկսվեցին տարածվել նաև մեր մունիցիպալիտետում: Ինչի՞ հետ է կապված այս դեպքերը, սա իմ անձնական կարծիքն է, հավատացեք, որ այն հիմնված է փորձի վրա և ունենք համապատասխան տվյալներ: Նախևառաջ մենք ունենք մի մասսա, որն անհավատ է կորոնավիրուսի հանդեպ, անպատասխանատու մոտեցում են ցուցաբերում և ժողովրդի մեջ էլ իրենք տարածում են, որ սա սուտ է, կորոնավիրուս չկա և այլն: Դա շատ վատ անդրադարձավ: Սրա արդյունքն է, որ այսօր մենք ունենք վարակակիրներ և հիվանդ վարակվածներ, և, ցավոք սրտի մահացու դեպք:
Երկրորդը. մեր անփույթ մոտեցումն է սեփական անձի նկատմամբ, երբ դուրս ես գալիս քաղաք և ստիպված ես շուկա կամ խանութ մտնել, և, երբ մարդկանց նկատողություն ես անում, թե ինչո՞ւ առանց դիմակի և պաշտպանիչ միջոցների են շրջում, նրանք քմծիծաղով անցնում են կողքիցդ և վերջ: Սա անպատասխանատվության երևի վերջին աստիճանն է: Մենք շատ զարգացած ժողովուրդ ենք, չեմ ուզում այսպիսի պիտակներ կպցնել, բայց ունենք մեր մեջ այդպիսիները, որոնք այսօր ստեղծեցին այս կարգավիճակը: Մենք չենք ուզենա այսօր համակերպվել այն մտքի հետ, որ հավաքույթները, հարսանիքները, քելեխները, ծննդյան տոները, առաջին դասերը, վերջին դասերը, Ա տառից մինչև Ֆ տառը, այդ բոլոր կազմակերպված միջոցառումները պետք է մղվեն հետին պլան, ընդհանրապես պետք է մոռանանք: Այսօր ունենք մարդիկ, որոնք մտածում են ո՞նց կարելի է մարդուն հուղարկավորել առանց հոգեհացի, կամ ո՞նց կարելի է մարդուն 3-րդ օրը հուղարկավորել, այս բոլորը բերեցին այն կարգավիճակին: Այսօր ունենք բավականին լուրջ կլաստեր Ջավախքում ձևավորված, որի մեծ մասը իհարկե մեզ հայտնի է, իսկ բավականին մի թև նույնիսկ անհայտ է, թե որտեղից և ուր է տարածվում: Մենք ունենք շատ ասիպտոմ մարդիկ, որոնք, որ շփվել են այդ հիվանդների հետ և հիմա նոր-նոր են ի հայտ գալիս: Այդ մարդիկ հիվանդ չեն, չունեն ոչ մի բողոք, բայց իրենք վիրուսակիր են, վիրուսակիր են, որովհետև մեր ժողովրդի մեջ այսպես պարտիզանական բնագիծ կա՝ թաքցնել ամեն ինչ բժշկից: Հետո երբ սկսում ես հետաքրքվել, քննել, անամնեզը հավաքել, ով, որտեղ, երբ և ում հետ է շփվել, ի հայտ է գալիս մանրամասներ, որ օրինակ. Աջարիայից հյուրեր են ունեցել և այլն: Այդ մարդիկ թաքցնելով չեն էլ փորձել դիմել համապատասխան բժշակական հիմնարկություններ, որպեսզի, գոնե այդ մասին տեղեկացնեն, որպեսզի այդ մարդկանց բերեն հսկողության դաշտ, որպեսզի նրանք էլ վերահսկվեն և անհրաժեշտության դեպքում թեստավորվեն: Սրանք են հիմնական խնդիրները:
– Ո՞ր պարագայում և ինչպե՞ս են Ախալքալաքում թեստավորում անում:
– Մեր մոտ թեստավորումը կատարվում է բժշկական ցուցումներով է, այսինքն՝ եթե հիվանդը ունի կորոնավիրուսային սիմպտոմներ, ամենառաջինը՝ ունի ճանապարհորդություն այն մունիցիպալիտետներ, որտեղ ֆիքսված են կորոնավարակի օջախներ՝ Աջարիա, Կախեթ և այլն: Եթե դա չկա, ունի ջերմություն, հազ, թուլություն, ապա նա պետք է դիմի բժշկի, և բժշկի ցուցումով կատարվում է թեստավորում, ոչ թե հիվանդի ասելով, որ ուզում է թեստ հանձնել ու տուն գնալ, ձեր բուժումը չեմ ուզում, հասկանում եք, այդպես չի կարելի: Այսօրվա գործող օրենսդրության սահմաններում գրված է, եթե այդ երեք սիմպտոմներից՝ անամնեզ, ջերմություն, հազ, թուլություն, 4-ից կամ 3-ից երկուսն առկա են, ապա անպայման պետք է դիմել բժշկի, ցանկալի է առաջնահերթ դիմել տեղամասային բժշկին: Եթե քաղաքի բնակիչ է, ուրեմն Ախալքալաքի հիվանդանոց, եթե գյուղի բնակիչ է, մեր մոտ կան գյուղական բժիշկներ, որոնք պարտավոր են այդ խնդիրներով զբաղվել և յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա իր ընտանիքի բժիշկին, ունենա հեռախոսահամար և կարողանա հեռախոսով կապ հաստատել:
Պարոն Թորոյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր բնակչությանը:
– Իմ հիմնական խնդրանքն է, հորդորը, որ մեր ժողովուրդը պահպանի անվտանգության կանոնները, դիմակներով ժողովուրդ ջան, շուտ-շուտ լվացեք ձեր ձեռքերը, պարբերաբար օգտագործեք դեզինֆեկցիոն լուծույթներ, խուսափեք մարդաշատ վայրերից, կուտակումներից, և հիմնականում պահպանեք սոցիալական հեռավորություն և պատասխանատու քաղաքացիական մոտեցում ցուցաբերեք, եթե՝ ոչ, ապա բոլորս կանգնելու ենք շատ վատ փաստի առաջ: Ես ասեմ, որ այսօր մեր բուժաշխատողների մեջ էլ կորոնավարակը բավականին տարածված է: Մենք արդեն գիտենք այդ տարածվածության հիմքը որտեղից է գալիս, շտապօգնության ծառայությունից ընդունարան և այդպես տարածվել է: Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք շփվում, բայց հիմնականում, եթե մեր հասարակությունը չխղճա սկզբից իրեն, հետո էլ բուժաշխատաողներին, մենք բոլորս կանգնելու ենք փաստի առաջ:
Այսօր մենք շատ դժվար կացության մեջ ենք, չունենք հերթապահ բժիշկներ, հերթապահ քույրեր: Մարդիկ գալիս են այստեղ իրենց պրիտենզիաներով՝ եկել ենք 5 ժամ է կանգնել ենք, բժիշկ չկա, քույրը չկա, երբ հարցնում ես ինչի ես եկել, ասում է տեղեկանք եմ ուզում, այսինքն հրատապ բան չէ: Ես խնդրում եմ, որ առաջնայինը կարևորենք հետո նոր դիմենք բժշկական հաստատությանը, կան բաներ, որոնք կարելի է ավելի ուշ անել:
– Այսօր դեղատներում շատերը էքսպրես թեստ են հանձնում, ինչքանո՞վ են ճշգրիտ այդ թեստերը:
– Ամենավատն այն է, որ մասին ուզում եմ խոսել, այն մարդկանց մոտ, որ թեստի պատասխանները դրական են եկել, այսինքն հաստատվել է վարակը, մենք իրենց անմիջապես տեղեկացրել ենք և խնդրել, որպեսզի ինքնամեկուսացվեն: Համապատասխան ինֆորմացիա ենք ուղարկել վերահսկող մարմիններին, որպեսզի հսկողության տակ լինեն: Բայց իմացա, որ այդ մարդիկ գնում են տարբեր տեղեր, ընդհուպ մինչև Ախալցիխե, և Ախալքալաքում ասացին կա, էքսպրես թեստ են հանձնում, որոնց ճշգրտության տոկոսը 25 տոկոսից բարձր չէ, այսինքն՝ 75 տոկոսը կարող է սխալ ինֆորմացիա լինի: Եվ այդ մարդիկ, որոնց մոտ լաբորատոր ճանապարհով կորոնավարակ է հաստատվել, այսինքն դրական պատասխան է եկել, հանձնում են արագ թեստ և պատասխանը եկել է բացասական: Եվ այդ մարդիկ շարունակում են վարակակիր լինելով վարակել մնացած ժողովրդին:
Այսօրվա դրությամբ, ամբողջ աշխարհով մեկ PCR թեստն է ամենաճշգրիտը: Այդ արագ թեստը կարող է անել յուրաքանչյուր առողջ մարդ, որը չի ունեցել՝ ոչ կոնտակտ, ոչ որևէ ախտանշան, կամ ինքնամեկուսացման մեջ է եղել, ինքը կարող է հանձնել, բայց դրանով ղեկավարվել չի կարելի:
– Ինչպե՞ս տարբերել կորոնավիրուսը սովորական վիրուսից:
Սկզբնական շրջանում հիմնականում չեն տարբերվում: Կորոնավիրուսի դեպքում 4-5-րդ օրն արդեն միանում են այլ սիմպտոմներ՝ համի և հոտի կորուստ, ցուր ցավեր ամբողջ մարմնում, գլխացավեր, բացարձակ թուլություն, որ մարդիկ նույնիսկ քայլել չեն կարողանում: Դրա համար մենք ասում ենք, որ հենց մի ախտանշան եղավ պետք է անմիջապես կապ հաստատել բժշկի հետ, ոչ թե ինքնանպատակ կապ ունենալ, որ անպայման թեստավորովի, որ ինքն ապահով լինի: Պետք է լսել և հետևել բժշկի խորհուրդներին:
Խորհուրդ եմ տալիս վիտամիններով հարուստ ուտելիք օգտագործել՝ միրգ, բանջարեղեն, վիտամին C-ով հարուստ մթերք օգտագործել, և ինչու չէ դեղատներից վերցնել վիտամին C-ի դրաժեններ և օգտագործել, հնարավորինս երեխաներին զերծ պահել մարդաշատ վայրեր այցելություններից:
Մեր ժողովրդի մոտեցում բացարձակ ցածր մակարդակի է կապված կորոնավիրուսի հետ: Կանոնները չպահպանելու արդյունքում մենք ունեցանք այս վիճակը, որ արդեն ամեն օր ֆիքսված դեպքեր ունենք: Կոչ եմ անում խստագույնս պահպանել հիգիենայի կանոնները: