Ապրիլի 16-ին Թբիլիսիի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Յար, արի Գյումրի» վավերագրական-գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմի վրա աշխատել է հայ-վրացական ստեղծագործական խումբ, ռեժիսորը «Ագորա-Ջորջիա» կազմակերպության ղեկավար Վիկտորիա Մակսոևան է: Վախթանգ Կիկաբիձեի հետ նկարահանվել են Էմիլ Գալստյանը (Հայաստան), ինչպես նաև Իրինա և Քսենիա Չերնաևները (ՌԴ): Ֆիլմի գլխավոր հերոսը Հայաստանի հումորի մայրաքաղաք Գյումրին է, պատմվում է այս քաղաքի ու Վրաստանի կապի մասին: Ֆիլմի պրեմիերան տարեսկզբին արդեն եղել է ՀՀ-ում:
«Յար, արի Գյումրի» ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Վիկտորիա Մակսոևան ծնունդով Թբիլիսիից է, ով բազմիցս Վրաստանը ներկայացրել է Հայաստանին, այս անգամ որոշել է հակառակն անել:
«Հիմնականում մեր ֆիլմերի նպատակ է Հայաստանում ապրողներին ավելի լավ ծանոթացնել վրացիների հետ և մենք ստեղծում ենք այդ կապերը, փորձում ենք, որ ընկերությունն ամրապնդվի։ Առաջին հերթին ուզում ենք ծանոթացնել մարդկանց Գյումրիի մշակութային պատմությանը, և, որ Գյումրի ավելի շատ մարդիկ գան և ուսումնասիրեն այս չտեսնված, գեղեցիկ քաղաքը: Որովհետև շատ օտար մարդիկ կարող են այնտեղ իրենց պատմությունը տեսնել», – ասում է «Agora Georgia» կազմակերպության ղեկավար Վիկտորիա Մակսոևան։
«Յար, արի Գյումրի» ֆիլմի գաղափարը հեղինակի մոտ ծագել է մինչ այդ «Միմինոյի» մոտիվներով նկարահանվող ֆիլմից, որի ընթացքում «պարզվեց, որ մեր ժողովուրդներին կապում է այն ընկերությունը, ինչ որ կար Վախտանգ Կիկաբիձեի և Ֆրունզիկ Մկրտչյանի միջև»:
Մակսոևան պատմում է, երբ խոսել է Վախտանգ Կիկաբիձեի հետ, վերջինս պատմել է Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և խնդրել Գյումրիից Ֆրունզիկի հետ կապված ինչ-որ հիշատակ բերել:
«Ուսումնասիրելով Գյումրիի մշակույթը, պատմությունը, վերջապես հասա Ֆրունզիկ Մկրտչյանի թանգարան և ստացա այն հիշատակը, ինչ որ նա թողել էր։ Դա նկար էր, որտեղ ինքը գրել է ձեռքի վրա «Երբ, որ կտխրես նայիր ու ժպտա – քո՝ Ֆրունզ» ու դա նվիրել է Վախտանգ Կիկաբիձեին», – պատմում է ֆիլմի հեղինակը:
Թբիլիսիում ֆիլմի ցուցադրությանը ներկա էր Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Գիրոգի Վոլսկին: Ֆիլմի մասին նա դրական է արտահայտվում:
«Շատ լավ ֆիլմ են նկարել Գյումրիի մասին: Քաղաք, որը համարվում է Հայաստանի հումորի մայրաքաղաքը։ Եվ որպես Վրաստանի խորհրդարանի նախագաքի տեղակալ պարտավոր եմ այցելել այս քաղաք»,- նշում է Գիրոգի Վոլսկին:
«Անցած տարի էր, երբ հավաքվեցինք ու դիտեցինք «Ես գնում եմ Երևան» ֆիլմը, հուսալով որ կհհավաքվենք ու կդիտենք մեկ այլ ֆիլմ», – ասում է Վրաստանում Հայաստանի դեսպանության մշակութային և հումանիտար հարցերի ղեկավար Արթուր Սարգսյանը։
Կինոռեժիսոր, Վրաստանի կինոակադեմիայի ակադեմիկոս Թենգիզ Մալանիանի խոսքերով, ֆիլմում կարևոր հարցերը բարձրաձայնվում է հումորի միջոցով:
«Հետաքրքիր ֆիլմ է, ինձ դուր եկավ այն: Ֆիլմը պատմում է լուրջ հարցերի մասին, բայց միաժամանակ լցված է հումորով»:
«Յար, արի Գյումրի» ֆիլմի հեղինակ Վիկտորիա Մակսոեվաի խոսքերով, իր համար շատ կարևոր էր որպեսզի ֆիլմը ցուցադրվեր նաև Թբիլիսիում, որպեսզի Վրաստանում ավելի շատ իմանան Հայաստանի մասին։
Ֆիլմի ցուցադրությունը սկսվեց և ավարտվեց երաժշտական ու պարային խմբերի ելույթներով։
Ռիմա Մառանգոզյան