Վրաստանի Սահմանադրական դատարանը սահմանադրական է համարել նորմերը՝ նույնականացման քարտերի տրամադրման վերաբերյալ միայն էլեկտրոնային տեղեկության կրիչներով` չիպերով, և չի բավարարել այն երկու քաղաքացիների հայցերը, որոնք հրաժարվել էին ID քարտերը ստանալ իրենց կրոնական համոզմունքների պատճառով: Այս մասին ասված է Վրաստանի Արդարադատության նախարարության հայտարարության մեջ:

Վրաստանի խորհրդարանի և Արդարադատության նախարարության դեմ հայցը Սահմանադրական դատարան է ներկայացվել 2019-ի վերջին՝ Նանա Սեփաշվիլիի և Իա Ռեխվիաշվիլիի կողմից: Հայցվորները պնդում էին, որ նույնականացման քարտերը և անձնագրերը, որոնք պարունակում են էլեկտրոնային տեղեկատվության կրիչներ (չիպեր), մարդկանց տոտալ վերահսկողության միջոց են հանդիսանում և կապված են եղել Ապիկալիպսի վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեությունների հետ:

Ըստ էության, քննարկվել է դատական հայցի միայն այն մասը, որը վերաբերում է ID քարտերի տրամադրման կանոնների վերաբերյալ սահմանադրական նորմերին՝ վերաբերող հավասարության և կրոնի ազատության իրավունքներին:

«Սահմանադրական դատարանը իր 2020 թվականի հունիսի 4-ի որոշմամբ չի բավարարել էլեկտրոնային նույնականացման քարտերի տրամադրման կանոնին վերաբերող հայցը, որով հաստատվել է վիճարկվող նորմատիվ ակտերի սահմանադրականությունը, ներառյալ արդարադատության նախարարի №98 հրամանը … Սահմանադրական դատարանը եկել է այն եզրակացության, որ բողոքարկված նորմերը սահմանադրական են՝ Վրաստանի Սահմանադրության 11-րդ և 16-րդ հոդվածների առնչությամբ», – ասված է Արդարադատության նախարարության հայտարարությունում:

Հայցը քննարկելիս ՍԴ-ն հիմնվել է Վրաց Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի 2012 թվականի հուլիսի 5-ի որոշման վրա, ըստ որի՝ «Նույնականացման քարտի ներկայացված տարբերակը, ըստ աստվածաբանական և եկեղեցական ուսմունքի, հակաքրիստոսի կնիք չէ, և այդ քարտի օգտագործումը հնարավոր է»:

Բացի այդ, դատարանը նշել է, որ էլեկտրոնային անձը հաստատող վկայականների տրամադրումը «պայմանավորված է եղել կարևոր օրինական նպատակներով», քանի որ այդ փաստաթղթերը հնարավորինս պաշտպանված են կեղծումից: Հաշվի է առնվել պետության այն տեսակետը, որ էլեկտրոնային փաստաթղթերին անցումը Վրաստանի և Եվրամիության միջև անայցեգրային ռեժիմի ազատականացման պլանի մաս է կազմում:

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը նշել է, որ պետությունը պետք է գտնի լավագույն լուծումը այն քաղաքացիների համար, ովքեր հրաժարվում են էլեկտրոնային վկայական ստանալ՝ ելնելով իրենց կրոնական համոզմունքներից: Ինչպես բացատրվում է, ինչպես և բոլոր մյուս Վրաստանի քաղաքացիները, այս մարդիկ նույնպես պետք է «ակտիվ մասնակցություն ունենան քաղաքացիական և հասարակական կյանքում, ինչպես նաև ձեռնարկեն այնպիսի քայլեր, որոնք նրանք համարում են պարտադիր՝ պաշտպանելու իրենց կյանքը և առողջությունը, կրթությունը, անձնական կյանքը, գույքը և այլ կենսական նշանակություն ունեցող հետաքրքրությունները»:

Սահմանադրական դատարանը համարել է, որ հենց պետությունն է, որ պետք է որոշի՝ թույլատրվում է արդյո՞ք այն մարդկանց, ովքեր չունեն բարձր ստանդարտով պաշտպանված փաստաթղթեր, մասնակցել «հասարակական, պետական նշանակության, ամբողջ հասարակության հետաքրքրությունը ներկայացնող (օրինակ՝ ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք) հարաբերություններին, կամ կապված են Վրաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարման հետ»:

Իր հերթին, Արդարադատության նախարարությունը խոստանում է ելք առաջարկել մարդկանց որոշակի խմբին, որի մասին խոսում է ՍԴ-ն, որպեսզի ապահովված լինի «առանց վիզայի ռեժիմի, անվտանգության և էլեկտրոնային նույնականացման քարտերի կեղծման և ընտրողների ցուցակների ձևավորման հետ կապված կարևորագույն շահերի պաշտպանությունը»:

Մինչև դատավարության ավարտը կասեցվել է միայն էլեկտրոնային նույնականացման քարտերի տրամադրման կարգին առնչվող նորմի գործողությունը: Ելնելով սրանից` վեց ամսվա ընթացքում Վրաստանի որոշ քաղաքացիներ կարող էին ստանալ ինքնության քարտեր առանց չիպերի` փաստաթուղթ տպված թղթի վրա և լամինապատ, որը ուժի մեջ էր մնում ընդամենը 1 ամիս:

Արդարադատության նախարարության տվյալներով՝ 2019 թվականի դեկտեմբերից մինչ օրս նման վկայագրեր է տրամադրվել 251 մարդու: Դրանցից 43-ը շարունակում են ուժի մեջ մնալ այսօր էլ:

Նյութը՝ «Новости-Грузия»-ից