ՄԱԿ-ին կից գործող Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ Վրաստանում տարեկան կտրվածքով մահանում են մոտ 700 երեխա, մինչև 5 տարեկան հասակը: Մոտ 500 000 Վրաստանի քաղաքացի թերի է սնվում կամ քաղցած է:
Այս տվյալները Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունն ստացել է հետազոտության արդյունքում: Համաձայն այդ տվյալների Վրաստանում իրավիճակն ավելի վատ է համեմատած եվրոպական երկրների հետ, հետխորհրդային երկրների մեջ զբաղեցնում է միջին տեղ: Վրաստանից ավելի վատ վիճակ է գրանցվել Ադրբեջանում և կենտրոնական Ասիայի որոշ երկրներում:
«Տարեկան Վրաստանում մահանում է 690 երեխա, իսկ 500 000 կիսաքաղցած կյանքով են ապրում»,- հայտարարել է Վրաստանում ՄԱԿ-ի հաղորդակցության ծրագրի ղեկավար Մայա Կուռցիկիձեն «Ռեզոնանս» թեթրին:
Մոտ 600 երեխա մահանում է կյանքի առաջին տարում, իսկ նրանցից 390-ը՝ կյանքի առաջին շաբաթում: Երեխաների մահացության պատճառը վարակներն ու շնչառական համակարգի խնդիրներն են: 1000 նորածնից 12-ը մահանում է:
Նշենք, որ համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալների 500 000 թերի սնվողները կամ քաղցածները կազմում են Վրաստանի ընդհանուր բնակչության 15%-ը: