Թբիլիսիի պետական համալսարանի նախապատրաստական կուրսի ուսանողներ Մարինե Կարագուլյանն ու Շաքրո Վարդանյանը Սան Դիեգոյի համալսարանում սովորելու բացառիկ հնարավորություն ունեն:

Ջավախքցի եիտասարդները հայտնվել են Վրաստանից ընտրված այն 6 ուսանողների շարքերում, որոնց հունիսի 5-ին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին և համալսարանի դեկան Կեն Ուոլշն անձամբ շնորհեցին դեսպանատան կողմից հատկացված հատուկ կրթաթոշակները.

«ԱՄՆ-ն մի շարք ներդրումային ծրագրեր է իրականացնում, որպեսզի Վրաստանը դառնա 21-րդ դարի անկախ տնտեսություն ունեցող երկիր: Ներդրումների մի մեծ մասն իրականացվում են կրթական ոլորտում, որպեսզի աշխատուժի պակաս չլինի: Այս անգամ ներդրման թիրախում են այն մարդիկ, ովքեր կրթություն ստանալու համար ֆինանսական աջակցության կարիք ունեն», – նշեց դեսպանը:

Սան Դիեգոյի պետական համալսարանում ուսման տարեկան վարձը կազմում է 7500 ԱՄՆ դոլար: Դասընթացներն իրականացվում են բացառապես անգլերենով: Համալսարանն առաջարկում է ուսուցում շինարարական, քաղաքացիական և համակարգչային ինժիներիայի ու համակարգչային գիտությունների, քիմիայի և բիոքիմիայի ուղղություններով:

Համալսարանի ապագա ուսանող Շաքրո Վարդանյանը պատրաստվում է բարձրագույն կրթություն ստանալ համակարգչային գիտությունների ոլորտում.

«Ինձ թվում է դեռ չեմ գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, այնուամենայնիվ, հիասքանչ տպավորություններ ունեմ, ուրախ եմ, որ ուսանողները նման հնարավորություն ունեն»:

Շաքրոյի մայրը վստահ է. «Եթե ցանկություն ունեցար, ամեն ինչի կհասնես»:

«Տպավորությունները հեքիաթային են, երազանքները, փաստորեն` իրականանում են», – ասում է նա:

Ուսանողներին առջևում սպասվում է հանձնել անգլերեն լեզվի իմացության TOEFL ibt քննությունը: Ջավախքցի ուսանողուհին նշեց, որ քրտնաջան պատրաստվում է քննությանը.

«Գիտակցում եմ, որ շատ դժվար է լինելու, ինքս այդքան էլ լավ չեմ տիրապետում անգլերենին, սակայն հուսով եմ` կկարողանամ բավականաչափ մակարդակի հասցնել անգլերենը և հանձնել այդ քննությունը»:

Կալիֆորնիայում գործող Սան Դիեգոյի համալսարանը նահանգի մեծ պահանջարկ ունեցող հանրային ուսումնական հաստատություններից մեկն է, որտեղ սովորում է շուրջ 35 հազար ուսանող: Համալսարանի բյուջեն գերազանցում է 120 միլիոն դոլարը:

Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» աջակցությամբ` 2015 թվականից Սան Դիեգոյի համալսարանը սկսել է գործունեություն ծավալել նաև Վրաստանում:

Նյութը Aliq Media-ից