Ախալքալաքում կտեղադրվի նոր հուշարձան «ապրիլի 9» -ի զոհերի հիշատակին: Հուշարձանն ուզում էին կանգնեցնել անցյալ տարի, սակայն տենդերը չկայացավ: Նոր տենդերի պայմանների համաձայն, այն կտեղադրվի մինչեւ 2019 թվականի հունիսի 20-ը:

Ախալքալաքի «Ապրիլի 9» -ի այգում կհայտնվի հուշարձան, որը ցանկանում էին կանգնեցնել դեռ անցյալ տարի: 2019 թ. մարտին Ախալքալաքի մունիցիպալիտետը հայտարարել է հուշարձանի տեղադրման տենդեր, այդ նպատակով հատկացնելով 42 589 լարի: Մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ ՍՊԸ «Լոմի -1961»-ը, որն էլ այն շահել է 42,089 լարիով: Պայմանագիրն արդեն կնքված է: Ըստ պայմանագրի, աշխատանքների կատարման վերջնաժամկետը 2019 թվականի հունիսի 20-ն է:

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում 2018 թ.-ին ևս հայտարարվել էր տենդեր 1989 թ. ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին հուշակոթող կանգնեցնելու համար: Հատկացվել էր նույնքան գումար, եւ հաղթող ընկերությունն էլ նույնն էր, սակայն, այն որակազրկվել էր փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով:

Շուշան Շիրինյան