Ախալքալաքում կորոնավիրուսով վարակված են քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ու Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը: Ախալքալաքի քաղաքապետի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Սակրեբուլոյի նախագահինը՝ թեթև:

Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը բուժում է ստանում Գորիի հիվանդանոցում, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: Բարեկամները JNEWS-ի հետ զրույցում հաստատեցին, որ վիճակը նորմալ է և օր օրի վիճակը լավանում է:

«Իմ իմանալով նրա վիճակը նորմալ է, ամենօրյա կապի մեջ եմ: Covid-19-ով վարակված են նաև քաղաքապետի ընտանիքի բոլոր անդամները: Քաղաքապետն ու կինը հիվանդանոցում են, իսկ որդին, հարսը և թոռները բուժվում են տնային պայմաններում»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետի բարեկամներից մեկը:

Հոկտեմբերի 21-ին Covid-19 է հաստատվել նաև Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի մոտ: Մեզ հետ զրույցում Իրիցյանը նշեց, որ շատ թեթև է տանում և արդեն վերականգնվում է: Հիմնականում 37 աստիճան ջերմություն է ունեցել և համի զգացողության կորուստ: Հիվանդ են նաև կինն ու որդին:

«Մինչև 37.5 տաքություն ունեինք, որ 4-5 օր տևեց: Առաջին օրերին բերանիդ համն է փոխվում շատ տհաճ, աչքերիդ կողքերն են ցավում և անդուր գլխացավ ես ունենում: Ընդհանուր հոգնած ես արթնանում քնից, չոր հազ և այլն: Արդեն 2-3 օր է համ եմ զգում: ես կուզենայի մեր բնակչության հորդորել, որ ախտանիշների առկաության դեպքում անպայման թեստ հանձնեն և չտարածեն վարակը: Ես վստահ եմ, որ շատերն են հիվանդ, բայց թաքցնում են: Երիտասարդները առողջ են հեշտ են տանում, շատերը նույնիսկ չեն զգում, որ հիվադ են, տարեցները ուրիշ հիվանդություն էլ ունեն, բնականաբար իրենք վատ են տանում», – JNEWS-ի հետ զրույցում ասաց Նաիրի Իրիցյանը:

Հարկ է նշել, որ Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսով հիվանդ 259 մարդ: