Միասնական ազգային քննությունների, ընդհանուր մագիստրոսական քննությունների և ուսանողների դրամաշնորհային մրցույթի մասնակցության համար գրանցումը կսկսվի, այսօր՝ 2019 թ. մարտի 12-ի ժամը 10: 00-ից: Ինչպես տեղեկացվում է Վրաստանի Ազգային գնահատման եւ քննությունների Ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջում, գրանցումը կտեւի մինչեւ ապրիլի 3-ի ժամը 18:00-ն: Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել, պետք է Ազգային քննության կենտրոնի կայքերում (www.naec.ge կամ online.naec.ge) անցնեն էլեկտրոնային գրանցում:
Դիմորդների գրանցման գործընթացն այս տարի էլ տեղի կունենա մի քանի փուլով: Առաջին, հիմնական փուլում դիմորդները կկարողանան մուտքագրել անձնական տվյալները, ընտրել քննության հանձնման քաղաքը ու առարկաները, որոնք պետք է հանձնեն: Ապրիլի 3-ից հետո դիմորդը այլևս չի կարողանա փոխել քննության հանձնման քաղաքը, սակայն, մինչեւ մայիսի 7-ի ժամը 18:00-ն հնարավոր է ավելացնել քննություն կամ փոխարինել առարկան: Ինչ վերաբերում է կրթական ծրագրերի ցանկին, ապա դիմորդները կարող են նշել եւ փոխել դրանք գրանցման հայտում բողոքարկման արդյունքների հրապարակումից հետո մինչև հաջորդ օրը ներառյալ:
Հայտրերի քանակի մասին տեղեկությունների հետ դիմորդները կարող են ծանոթանալ հատուկ համակարգի միջոցով: Գրանցման սկզբից կգործարկվի էջ, որում կտեղադրվի թարմացվող տեղեկատվություն կոնկրետ ծրագրերի հայտերի քանակի մասին:
Քննական կենտրոնի կայք-էջում (www.naec.ge) կտեղադրվի ուղեցույց, որով, ընտրության ժամանակ, դիմորդները պետք է առաջնորդվեն: Ուղեցույցը պարունակում է՝ գրանցման հրահանգներ, հաճախակի տրվող հարցեր, կրթական ծրագրերի անվանացանկը եւ այլն: Հրատարակվել է նաեւ ուղեցույցի տպագիր տարբերակը («Ուղեցույց դիմողների համար»):
«Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել ընդհանուր մագիստրոսական քննություններին, պետք է գրանցվեն մինչեւ ապրիլի 3-ի ժամը 18: 00-ն: Գրանցման վերջնաժամկետի բացթողումից հետո մագիստրոսի աստիճան ստանալու թեկնածուներն այլևս չեն կարողանա գրանցվել: Գրանցված թեկնածուները կարող են փոխել քննության տեսակը մինչեւ մայիսի 7-ի ժամը 18:00-ն », – ասվում է Գնահատման եւ քննությունների ազգային կենտրոնի հայտարարության մեջ: