Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ստորագրեց հրամանագիր, որի համաձայն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից` այլ երկրի քաղաքացություն ընդունելու պատճառով:
Սաակաշվիլին հեռացավ Վրաստանից նրանից հետո, երբ 2013 թվականի ընտրությունների արդյունքում հանձնեց իր պաշտոնը Գիորգի Մարգվելաշվիլիին:
Վրաստանի Դատախազությունը հեռակա կարգով Սաակաշվիլիին ներկայացրել է մեղադրանք մի քանի քրեական գործերով. նրա նկատմամբ հայտարարվել է միջպետական որոնում:
Հոկտեմբերին Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարեց, որ գերատեսչությունը սկսել է Սաակաշվիլիին վրացական քաղաքացիությունից զրկելու գործընթացը: Քանզի ստացել է ուկրաինական կողմից պաշտոնական փաստաթուղթ` նախկին նախագահի կողմից ուկրաինական քաղաքացիություն ընդունելու վերաբերյալ:
Վրաստանի Սահմանադրության համաձայն` քաղաքացին ինքնաբերաբար կորցնում է վրացական քաղաքացիությունը, եթե նա ընդունում է այլ երկրի քաղաքացիություն: Սակայն դրա համար անհրաժեշտ են տեխնիկական ընթացակարգեր, որոնք վերջնական արդյունքում հաստատվում է նախագահի կողմից: