«Մնացե՛ք տանը: Անպայման, օդափոխե՛ք սենյակները: Փորձեք առաջիկա 14 օրվա ընթացքում հնարավորինս դուրս չգալ նույնիսկ փողոց: Քանի որ հիվանդության աստիճանը կսկսի իջնել միայն այն բանից հետո, երբ հիվանդության ակլինիկական ձևը նվազագույնի հասցվի», – ասել է Թբիլիսիի բժշկական համալսարանի Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն, պրոֆեսոր Լևան Ռատիանին՝ «Մթավարի արխի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 80%-ի դեպքում մարդիկ կարող են վարակվել կորոնավիրուսով, բայց չհիվանդանալ: Հետևաբար, մինչև ակլինիկական ձև ունեցող մարդկանց թիվը չկրճատվի, սոցիալական ակտիվությունը պետք է նվազագույնի հասցվի, խորհուրդ է տալիս Լևան Ռատիանին: Նա նաև հորդորել է չխմել շատ վիտամիններ՝ փորձելով ամրապնդել դիմադրողականությունը, քանի որ նոր վիրուսի էությունը դեռևս լավ հետազոտված չէ, և դա կարող է միայն վատթարացնել վիճակը:
«Ես չեմ հավատում դիմադրողականության արհեստական խթանմանը: Հարկավոր է ուտել առողջ սպիտակուցային սնունդ: Նույնիսկ երբ օգտագործում եք մուլտիվիտամիններ, ոչ ոք չգիտի, թե որ միկրոէլեմենտը կարող է այս վիրուսն օգտագործել իր զարգացման համար, մենք, ընդհակառակը, կարող ենք խթանել դրան: Բացի այդ, մի՛ խմեք ալկոհոլ, դա միանշանակ ճնշում է իմունային համակարգը: Արդեն հիվանդ պացիենտների դեպքում խորհուրդ է տրվում ավելի քիչ կալորիականությամբ սնունդ ընդունել, որպեսզի մարմինը չվատնի էներգիան դրա վերամշակման վրա», – ասել է Ռատիանին:
«Կարծում եմ, որ մարդկությունը ստիպված կլինի շարունակել ապրել այս վիրուսով: Բայց այն կարծես հրաբուխ լինի, անպայման շուտով կկորցնի իր ուժը, իրավիճակը, անշուշտ, կհանդարտվի: Ես հավատում եմ, որ երկու-երեք շաբաթ հետո այս խնդիրն այլևս չի լինի: Օրինակ՝ Ավստրիայում կարանտինն արդեն սկսել են հանել: Գլխավոր այն է, որ գագաթնակետը նվազի, դինամիկան իջնի: Ինչպես ես հասկանում եմ, դա պետք է տեղի ունենա երկու-երեք շաբաթ հետո, ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում»:
Նա ևս մեկ անգամ ընգծել է, որ ֆիզիկական հեռավորության պահպանումը չվարակվելու և ուրիշներին չվարակելու ամենաարդյունավետ միջոցն է, ելնելով նրանից, որ մարդիկ, ովքեր իրենց շատ լավ են զգում, կարող են լինել վիրուսի կրողներ:
«Պահպանեք ֆիզիկական հեռավորությունը` առանց դադարեցնելու սոցիալականացումը: Պետք է փորձենք զբաղվել այն ամենով, ինչով զբաղվում էինք կարանտինայից առաջ», – խորհուրդ է տալիս բժիշկը:
Ըստ նրա, այս փուլում մասնագետները կարծում են, որ վիրուսը փոխանցվում է միայն օդակաթիլային ճանապարհով և չի փոխանցվում ոչ արյան միջոցով, ոչ էլ սեռական ճանապարհով: Նաև վիրուսը չի փոխանցվում կենդանիներին:
Ռատիանին հաստատել է, որ երեխաներն ու դեռահասները վարակվում են կորոնավիրուսով, թեպետ նրանք հիվանդությունը տանում են մեղմ ձևով: «Մեր կլինիկայում երեք դեռահաս կար և նրանցից ոչ ոքի մոտ բարդություններ չկային»:
Բժիշկը նաև շեշտել է, որ հիվանդների միջին տարիքը 47 տարեկան է:
«Այժմ մեր կլինիկայում բուժվում է 91 մարդ, որոնցից 47-ն ունեն թոքաբորբ, որը հաստատվել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով: Նրանց միջին տարիքը 47 տարեկան է», – ասել է Ռատիանին:
Մասնագետը հաստատել է, որ եթե լինի վարակվածների թվի ավելացում, և հիվանդանոցներում դիմելիությունն ավելանա, ապա բժշկական համակարգը կարող է փլուզվել. «Որքան շատ մարդ վարակվի, այնքան ավելի շատ հիվանդներ կունենանք»:
«Գիտե՞ք, թե ինչպես եմ ես դա զգում: 2008 թ.-ին ես նաև պատերազմի ժամանակ բժիշկ էի: Այնտեղ, եթե մենք աղմուկ էինք լսում, մենք գիտեինք, որ կրակում են, իսկ այստեղ առանց զենքի պատերազմ է ընթանում, և գրոհում են բոլոր կողմերից»:
Միևնույն ժամանակ, կլինիկայի տնօրենը, որտեղ ընդունվում են COVID-19-ով ծանր հիվանդները, նշել է, որ բժիշկները «պատրաստակամություն ունեն անել անհնարինը՝ հիվանդներին փրկելու համար»: Նա ընդգծել է, որ արդեն հունվարի 3-ից համալսարանական ամբիոնը, ռեզիդենտները սկսել են ուսումնասիրել բժշկական գրականություն, իսկ կլինիկայի ղեկավարությունը 40 մահճակալին ավելացրել է ևս տասը:
«Ես մեկ տարի 8 ամիս է, ինչ այս կլինիկայի տնօրենն եմ, և այդ ժամանակվանից ի վեր ես իրականացրել եմ վերակենդանացում իմ կլինիկայում, ինչպես նաև Բելգիայում: Մենք կարողացանք դա անել բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Զուրաբ Վադաճկորիայի հետ միասին: Համալսարանական կլինիկան ներկայումս ունի 60 սարք՝ թոքերի օդամատակարարման արհեստական շնչառության սարք, դրանցից 50-ը գնել են անցած տարի, իսկ մյուս 10-ը ավելացվել է հիմա: Գործում է նաև լիարժեք վերակենդանացում էլեկտրոնային համակարգով»:
Լեւան Ռատիանին նաեւ ասել է, որ ուզում եմ շնորհակալություն հայտնել իր զրուցակցին՝ «Գլխավոր շեշտադրումներ» հաղորման հաղորդավար և «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային: Նա հայտնել է, որ 2008թ.-ին պետական հանձնաժողովը՝ Գվարամիյայի գլխավորությամբ, որն այն ժամանակ՝ Նախագահ Սաակաշվիլիի կառավարությունում կրթության նախարարն էր, որոշում էր կայացրել նրան ուղարկել ԱՄՆ՝ ուսման:
Ռատիանին պարզաբանել է, որ մրցույթի ընթացքում ոչ ոք նրան չի օգնել ռեզիդենտուրայի իրավունք ստանալու հարցում, որը ֆինանսավորվել է նախագահական հիմնադրամի կողմից: Գվարամիան, իր հերթին, նշել է, որ ինքը նույնիսկ չէր հիշում այդ մասին:
Ռատիանին նաև հայտնել էր, որ Առողջապահության նախարարությունն ամբողջությամբ մատակարարում է կլինիկան թեստերով և հանդերձանքով: Ապրիլի 17-ից կլինիկան ստացել է հազար հատ նոր ամերիկյան թեստ-համակարգեր:
«Միևնույն ժամանակ, մենք դրանից առաջ էլ ոչ մի խնդիր չենք ունեցել ախտորոշման և թեստավորման հետ կապված: Բոլոր պացիենտները, ովքեր ընդունվում են կլինիկա, անցնում են թեստ: Մենք նաև բժիշկներին ենք թեստավորում: Անձամբ ես սերոլոգիական հակամարմինների թեստ եմ անում յուրաքանչյուր երրորդ օրը և յուրաքանչյուր 10-րդ օրը լաբորատոր PCR-թեստ: Ցավոք, թեստը ցույց չի տվել, որ ես արդեն հիվանդացել եմ կորոնավիրուսով», – ասել է վերակենդանաբանը:
Ռատիանին հաստատել է նաև, որ հիվանդության դեպքում «կորոնավիրուսը կայուն դիմադրողականություն է թողնում»: Ըստ նրա, նրանք արդեն փորձեր են անցկացրել կապիկների վրա, և պարզվել է, որ կրկին վարակում տեղի չի ունենում, իսկ այն դեպքերը, որոնք հայտնաբերվել են մի քանի երկրներում, դրանք, ըստ երևույթին, վերջնականապես չբուժված հիվանդներն են եղել:
«Որպեսզի հիվանդը դուրս գրվի մեզ մոտից լիովին առողջ, մենք դա անում ենք միայն 24 ժամվա ընթացքում կրկնակի երկու թեստավորումներից, կենսաքիմիական հետազոտություններից և համակարգչային տոմոգրաֆիայից հետո, և դրանից հետո 14 օր հիվանդը նաև պետք է անցկացնի ինքնամեկուսացման մեջ», – ասել է Ռատիանին:
Նյութը՝ «Новости Грузия»-ից