Սուրբ Սարգսի օրը՝ Սբ. Վալենտինի տոնի հայկական տարբերակն Ախալքալաքում նշեցին փետրվարի 15-ի գիշերը:

Սբ.Սարգիս զորավարի հիշատակության օրն Ախալքալաքում միշտ նշել են աշխարհի մյուս հայերից տարբեր: Տոնակատարություններն այստեղ սկսվում են Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը, այսինքն՝ երբ սկսվում է եկեղեցական օրը: Հավատավոր մարդկանց բազմությունն ամբողջ գիշերվա ընթացքում քայլում է դեպի Սբ. Սարգիս եկեղեցի, որը գտնվում է Ախալքալաքից 5 կմ հեռավորության վրա, Դիլիսկա գյուղում:

Բոլորը ոտքով քայլում են, քայլում են՝ թե տարեցները, թե երիտասարդները, նրանցից շատերը մինչ այդ՝ մեկ շաբաթ կամ մեկ օր պահք են պահում, այս օրը շատերը նույնիսկ ջուր չեն խմում, որպեսզի նախքան քնելը ծարավն էլ ավելի տանջի: Նրանք աղի կերակուրներ են ուտում՝ ձուկ, աղի բլիթներ և այլն:

Surb_Sargis_10

Առաջին հերթին, ուխտավորները 3-ից 7 պտույտ են կատարում եկեղեցու շուրջ:

Այս անգամ ախալքալաքցիների հետ էր դոկտորական գիտությունների շրջանավարտ Էվելինա Գամբինոն, որը հետազոտություններ է կատարում Ախալքալաքում:

«Երևի միասին երկար հեռավորություն անցնելը, տարեցների ու երիտասարդների համար լավ հնարավորություն է ստեղծում միմյանց հետ շփվելու: Պետք է, որ լավ լինի հանդիպել այստեղ, հետո շփվել և արդյունքում ամուսնանալ», – ասում է Էվելինան տոնի առթիվ:

Surb_Sargis_8

Եվրոպական ավանդույթի՝ Սբ. Վալենտինի օրվա հետ զուգահեռներ անցկացնելով, Էվելինան կարծում է, որ Սբ. Վալենտինի օրը ավելի անհատական տոն է, ի տարբերություն Սուրբ Սարգսի: Մինչ ուխտավորները եկեղեցու շուրջ ավանդական 7 պտույտներն էին անում, մենք հասցրինք Էվելինայի հետ խոսել սիրո տոնի մասին:

Ինչ վերաբերում է երազում ապագա փեսացուին տեսնելուն, դուք գիտեք եվրոպական հասարակությունում սիրում են Սբ. Վալենտինի տոնը, որը վերաբերում է միայն երկու մարդկանց՝ ես և իմ սերը, իսկ այս տոնը բոլորի համար է, նրանք գնում են այս ճանապարհով՝ միմյանց աջակցելով: Սա ոչ թե անհատական, այլ սիրո կոլեկտիվ որոնում է», – ասում է նա:

Surb_Sargis_6

Surb_Sargis_5

Աղի բլիթների օրհնման արարողություն

Ժամը 21:00-ի սահմաններում, Ախալքալաքի շրջակայքում գտնվող բոլոր գյուղերից շատ մարդիկ գալիս էին եկեղեցի, աղոթում էին, մոմ վառում և սպասում՝ թե երբ է Հայ Առաքելական եկեղեցու քահանան կատարելու աղի բլիթների օրհնությունը:

«Երբ ինձ պատմեցին, թե ինչպե՞ս է տեղի ունեցել անցյալում և ի՞նչ փոփոխություններ են կատարվել հիմա, հավանաբար, մարդիկ պարզապես քիչ ժամանակ ունեն, ուստի ավելի շատ մարդիկ մեքենաներով են գալիս: Մարդիկ պարզապես հարմարեցնում են ավանդույթները ժամանակին: Կարծում եմ, որ նրանք կպահպանեն սիրո ավանդույթը, նույնիսկ եթե այն փոխվի», – ասում է Էվելինան:

Surb_Sargis_3

Էվելինան ժամերգության ժամանակ

Surb_Sargis_9

Ժամերգության ավարտին օրհնվում է մատաղի (զոհաբերություն) համար նախատեսված աղը

Surb_Sargis_4

Ուխտգնացության մյուս բաղադրիչը զոհաբերությունն է, որը երկու տեսակի է լինում՝ զոհաբերում են ոչխար կամ աքաղաղ, կամ պարզապես աղավնիներ են բաց թողնում երկինք: Ավելի մեծ տարածում ունի վերջին տարբերակ,քանի որ հենց քահանաներն են պահանջում, որ արյուն չթափեն եկեղեցու տարածքում:

«Գիտեք, զոհաբերության ավանդույթը գոյություն ունի նաև Իտալիայի հարավում: Կարծում եմ, այն հասարակության մեջ, որտեղ մարդիկ կապ ունեն հողի եւ կենդանիներ հետ՝ նման զոհաբերությունները հնարավոր են, քանի որ այդ կենդանիները քո ամեն օրվա մասն են կազմում: Բայց, օրինակ, արևմտյան հասարակությունում, ես իմ քաղաքում երբեք չեմ տեսել նույնիսկ մի հավ, և ես չէի տեսել, թե ինչպես են կենդանիներին մորթում: Չգիտեմ դա լավ է, թե՝ վատ, բայց դա այն է, ինչ պետք է լինի, լինում է», – ասում է նա:

Surb_Sargis_7

Էվելինան փոխանակվում է մոմերով

Աղոթքների ներքո արդեն անցել է աղի բլիթների օրհնության կարգը, յուրաքանչյուրն իր հերթին վերցնում է այնքան աղի բլիթ, որքան անհրաժեշտ է համարում: Եկեղեցու բակում էլ երիտասարդ տղաները փնտրում են երիտասարդ աղջիկների, որպեսզի փոխանակվեն մոմերով, եթե նրանք համաձայն լինեն կամ ծայրահեղ դեպքերում՝ գողանում են դրանք: Նրանք սովորաբար դա անում են, որովհետեւ ուզում են, որ իրենց կանայք կամ ամուսինները նմանվեն նրա արտաքին տեսքին՝ ում հետ նրանք փոխանակում են մոմերը: Հետաքրքրության համար մեր հերոսուհին նույնպես փոխանակվեց մոմերով:

Surb_Sargis_2

Surb_Sargis_1

Աղավնիներ հնարավոր է գնել եկեղեցուց մի փոքր այն կողմ:

Տոնն ավարտվում է երազով, հաջողակները տեսնում են իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը, իսկ նրանք, ում բախտը չի բերում, սպասում են հաջորդ տարվան, Սուրբ Սարգսի հաջորդ օրվան՝ նորից կրկնելու ավանդույթների ողջ շարքը և տեսնեն փեսացուին կամ հարսնացուին:

Քրիստինե Մարաբյան