Այսօր, Ավագ Հինգշաբթի օրը, Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգի համաձայն Ջավախքի եկեղեցիներում կատարվեց Ոտնլվայի արարողություն:
Արարողության ընթացքում սուրբգրային ընթերցումներից և Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խրատի մասին ընթերցումներից հետո Ջավախքի հոգևոր առաջնորդը խաչով ու Ավետարանով օրհնեց խորանի վրա դրված յուղն ու ջուրը:
Այնուհետև Տեր Հիսուս Քրիստոսի խոնարհության օրինակով Տեր Նշան վրդ. Հմայակյանը ծունկի եկավ և շարականների երգեցողության ներքո լվաց ու յուղով օծեց տասներկու մարդկանց ոտքերը:
Այս արարողության ավարտին օրհնված յուղը բաժանվեց եկեղեցում ներկա հավատացյալներին:
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է նաև Խավարման կարգ, որը խորհրդանշում է Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը: