5-7 տարի առաջ Ջեռուլի եկեղեցու հարևանությամբ կառուցված տաղավարը, պետք է ապամոնտաժվի: Բուռնաշեթ գյուղի բնակիչների կառուցած տաղավարը, որը ուխտագնացներին պաշտպանում է քամուց, արևից, անձրևից, խախտում է օրենք, քանի որ գտնվում է մշակութային հուշարձանի ֆիզիկական պահպանման տարածքում: Շինարարության նախաձեռնողներին բացահայտելու դեպքում, կանչելու են պատասխանատվության:
Ախալքալաքի շրջանի Բուռաշեթ գյուղից 4 կմ հյուսիս` ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա, պահպանվում է Ջեռուլ անվանաձևով հայտնի գյուղատեղիի ավերակները՝ եկեղեցու (XIII-XIV) և գերեզմանատան մնացորդներով:
Ջեռուլի եկեղեցին շրջակա գյուղերի համար տարբեր անվանում ունի: Բուռնաշեթի բնակիչներն այն անվանում են՝ Սարի եկեղեցի, Մոդեգամի բնակիչները՝ Սուրբ Հռիփսիմե, իսկ Ղադո գյուղի բնակիչները՝ Կարմիր ժամ: Անկախ անվանումից, բոլորի համար եկեղեցին ուխտատեղի է, որտեղ մարդիկ մոմ են վառում, աղոթում, մատաղ անում…
Բուռնաշեթ գյուղի բնակիչները Ջեռուլի եկեղեցու հարևանությամբ տաղավար են կառուցել՝ արևից ու քամուց պաշտպանվելու համար: Գյուղամեջում հավաքվածները կոնկրետ չեն հիշում 5 թե 7 տարի առաջ են կառուցել տաղավարը, բայց զարմացած են թե ինչու է հենց այս օրերին բարձրաձայնվում իրենց կառուցած շինության անօրինականության հարցը:
«Գյուղից 4-5 կմ հեռավորույթան վրա է գտնվում մեր Սարի ժամը, երբ գնում էինք ուխտավայր, անընդհատ խնդիրներ էին լինում: Այդ տարածքում մշտապես քամի է, որպեսզի քամուց պաշտպանվենք որոշեցինք տաղավար կառուցել: Մարդ ենք, գնում ենք ուխտի, մատաղ ենք անում, մի կտոր հաց ուտում, մենք մեզ համար փոքրիկ հարմարություն ենք ստեղծել, ուրիշ ոչինչ»,- ասաց Բուռնաշեթ գյուղի բնակիչներից մեկը:
Բնակիչները նույնիսկ չեն հիշում ինչքան գումար են ծախսել, կոնկրետ երբ և ովքեր են կառուցել, որովհետև դա վաղուց է եղել:
Վրաստանի Մշակութային հուշարձանների պահպանության գործակալության հասարակության հետ կապերի պատասանատու Բեքա Բարամիձեն Jnews-ի հետ զրույցում ասաց, որ եկեղեցու հարևանությամբ կառուցված տաղավարն ամեն դեպքում պետք է ապամոնտաժվի:
Գործակալույթան աշխատակիցներն անցած շաբաթ եղել են Ջեռուլի եկեղեցու տարածքում և Բուռնաշեթ գյուղում, սակայն չեն կարողացել պարզել, թե ով է տաղավարի կառուցման նախաձեռնության հեղինակն ու կառուցողը:
«Մեր կոմիսիան անցած շաբաթ եղել է տեղում, բայց չեն կարողացել պարզել, թե ով է եղել այդ շինության նախաձեռնողն ու կառուցողը: Մենք Ախալքալաքի քաղաքապետարան գրավոր դիմում ենք ներկայացրել, որ իրենք կարողանան նախաձեռնողին գտնեն և լուծեն ապամոնտաժման հարցը: Քանի որ սա հակադրվում է բոլոր օրենքների նորմատիվներին: Մենք սպասում ենք Ախալքալաքի քաղաքապետարանի պատասխանին»,- Վրաստանի Մշակութային հուշարձանների պահպանության գործակալության հասարակության և կապերի հետ պատասխանատու Բեքա Բարամիձեն:
Բարամիձեի խոսքերով, եթե հուշարձանը տեղական նշանակության մշակութային հուշարձանի կարգավիճակ ունի, ապա որևէ շինության կառուցումը 300 մետր շրջանագծային հեռավորության վրա չի թուլատրվում առանց Գործակալության միջամտության: Իսկ եթե հուշարձանն ազգային նշանակության է, ապա ինչ որ շինության կառուցումը թույլատրվում է 500 մետր հեռավորության վրա:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի աշխատակիցները կայցելեն եկեղեցու տարածք տեղում ուսումնասիրելու իրավիճակը:
Աղունիկ Այվազյան