Այսօր, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ և Հաղթության Սրբալույս Մյուռոնով կատարվեց ջրօրհնեք:
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։
Մարդիկ այսօր միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս»:
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնյաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ:
Ջրօրհնեքի արարողության ժամանակ հանդիսավոր կերպով կարդացվում են Ս. Գրային ընթերցումներ, աղոթքներ, եւ, ապա, վերաբերումի ձեւով բերվում է նաեւ սրբալույս Մյուռոնի աղավնին: Պատարագիչ եկեղեցականը կամ հանդիսապետը «Առաքելոյ Աղաւնոյ» շարականի երգակցությամբ Ս. Մյուռոնը հեղում է ջրի մեջ, ապա ընկղմված խաչը «Պահպանիչ»-ի ընթացքում հանում, տալիս է խաչի կնքահորը: Արարողությունից հետո հավատացյալները օրհնված ջուրը սրվակների մեջ լցնելով` տանում են իրենց տները:
Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն:
Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու՝ ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվեց Հորդանան գետում:
Հայ առաքելական եկեղեցում տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից` 17.00-ից հետո: Սուրբ Ծննդի տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին առաջնորդեց դեպի Հիսուս: Ճրագալույցին վառվում են եկեղեցու ջահերն ու կանթեղները, եկեղեցի եկած մարդկանց վառվող մոմեր են բաժանվում, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ:
Սուրբ Ծննդից առաջ մեկշաբաթյա պահքը լուծվում է այդ Ծննդյան պատարագով: Եկեղեցուց տուն բերված մոմերը վառում են ընթրիքի ժամանակ: Տոնական սեղանին դրվում է ձուկ: