Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Սարգիս զորավարի տոնը կնշի փետրվարի 12-ին:
Ինչպես բոլոր տոները, այնպես էլ Սուրբ Սարգիսի տոնն ունի իր նախատոնակը, այսինքն՝ ամսի 11-ի երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակ է կատարվում և այդ օրվանից մտնում ենք տոնի խորհրդի մեջ: Այդ օրը հռչակված է նաև երիտասարդների օրհնության կարգ, քանի որ Սուրբ Սարգիսը համարվում է սիրո բարեխոս:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին փետրվարի 11-ին՝ երեկոյան ժամը 17:30-ին բոլոր երիտասարդներին հրավիրում է եկեղեցի՝ օրհնություն ստանալու:
Բացի տոնի եկեղեցական ծիսակարգից, այն ունի նաև ժողովրդական ավանդույթ՝ այն է աղաբլիթների պատրաստումը և համտեսումը, երբ երիտասարդները աղի բլիթ են ուտում՝ հույս ունենալով, որ երազում տեսնելու են իրենց ապագա ամուսնուն:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Նարեկ Տիգրանյանը երիտասարդությանը կոչ է անում՝ կարևորություն տալ օրվա խորհրդին և Սուրբ Սարգսի կերպարին, մեր միտքն ու հոգին ուղղենք օրվա խորհրդին, այլ ոչ թե աղի բլիթին:
«Սուրբ Սարգիսի տոնից առաջ կա պահք, բայց դա կապված չէ տոնի հետ, դա Առաջավորաց պահքն է, որը սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից ելնելուց հետո և համընկնում է տոնի հետ: Այն 11 շաբաթապահքերից մեկն է և տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ»,- բացատրում է քահանան:
Սուրբ Սարգիսի տոնն այն տոներից է, որը մարդիկ մեծ ոգևորությամբ են նշում և կատարում բոլոր ավանդական ծեսերը: JNEWS-ի հետ զրույցում ախալքալաքցիներից մեկը պատմեց, որ ամեն տարի Սուրբ Սարգսի տոնի գիշերը փոխինդով լի ափսե է դնում դռան դիմաց, որպեսզի ձի պայտի հետքով համոզվի, որ զորավարն այդ օրը իրենց տուն է այցելել, իսկ տան երիտասատդների համար աղի բլիթ է պատրաստում և ուտելուց հետո ամբողջ օրվա ընթացքում արգելում է ջուր խմել, որպեսզի երազում փեսացուն մի բաժակ ջուր տա խմելու:
Լիդա Ալմասյան