Փետրվարի 7-ին հանդիպումներ են կայացել Մերենիա և էխտիլա գյուղերում, որտեղ բնակիչները քննարկել են առաջնահերթ աշխատանքները, որոնք կատարվելու են «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում:

Մերենիա գյուղի բնակիչներն առավոտից սկսեցին հավաքվել եկեղեցու մոտ: Հանդիպումը սկսվեց ժամը 11: 00-ին ու այն տեղի ունեցավ փողոցում: Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և քաղաքապետ Յուրիկ Ունանյանը օգնում էին առաջնահերթությունները ընտրելու հարցում: Հանդիպմանը ներկա էր մոտ 100 մարդ, ինչը համարվում է բարձր ակտիվություն: Հարկ է նշել, որ այս տարի շատ գյուղերում բնակչության բարձր ակտիվություն է նկատվում «Օգնություն գյուղին» ծրագրով առաջնահերթ աշխատանքներ ընտրելու հարցում:

Մերենիա գյուղի համար «Օգնություն գյուղին» ծրագրի գումարը կազմում է 16 000 լարի: Այստեղ կարծիքները հիմնական առաջնահերթության ընտրության հարցում տարբերվեցին: Երիտասարդները քվեարկեցին ակումբի սենյակները վերանորոգելու համար, որպեսզի նրանք կարողանան հավաքվել այնտեղ:

«Մենք պետք է վերանորոգենք ակումբի սենյակները մեր երեխաների և երիտասարդության համար, որպեսզի նրանք հավաքվելու, սպորտով զբաղվելու հնարավորություն ունենան: Գյուղում ունենք պարային խումբ, ու նրանք տեղ չունեն պարապելու համար: Հիմա նրանք զբաղվում են որտեղ պատահի, ցուրտ սենյակներում, այդ պատճառով նրանք կարող են հիվանդանալ », – ասում է Ռազմիկ Ջեյրանյանը:

Աշոտ Ջեյրանյանը առաջնային է համարում ոռոգման համակարգի վերանորոգումը:

«Մենք ոռոգման ջրի կարիք ունենք: Մենք գյուղացիներ ենք, ինչպես կարող ենք ապրել առանց ջրի, մենք բերք չենք ունենա », – ասում է նա:

Շիրազ Նազարյանը գտնում է, որ կարիք ունեն ոչ միայն ոռոգման համակարգի, այլև խմելու ջուրն էլ է աղտոտված:

«Ջրավազանի մեջ սատկած մկներ և գորտեր են: Ամառ ձմեռ երեխաների փորը ցավում է, նրանք փորլուծություն ունեն: Ոչ ոք ջուրը նույնիսկ չի քլորացնում: Հիմա այդ գումարը կներդնեք Մշակույթի տան վրա, և հինգ տարի կկառուցեք այն ու ավարտին չեք էլ հասցնի, ինչպես ծիսակատարությունների տունը, որն արդեն հինգ տարի է կառուցում են: Մենք ակումբ չենք ուզում: Հողն է մեզ կերակրում», – ասում է Շիրազ Նազարյանը:

Երկար ու բուռն բանավեճից հետո բնակիչներն այդպես էլ չկարողացան ընտրել գերակա աշխատանքը: Գյուղացիները դեռ վիճարկում էին գյուղի գլխավոր խնդրի մասին և չէին ցրվում, իսկ մունիցիպալիտետի ղեկավարությունը մեկնեց Էխտիլա գյուղ, որտեղ նրանց արդեն սպասում էին:

Եթե գյուղացիները չկարողանան ինքնուրույն ընտրել առաջնահերթությունը, ապա դա կարող է անել մունիցիպլաիտետի ղեկավարությունը՝ ուսումնասիրելով գյուղացիների կողմից առաջադրած առաջնահերթությունները:

Էխտիլա գյուղին նույնպես հատկացվել է 16 000  լարի գումար: Իշխանության ղեկավարության հետ Էխտիլա գյուղի ակտիվ մասի հանդիպումը տեղի ունեցավ ծիսակատարությունների տանը: Հավաքվել էր մոտ 100 մարդ: Այստեղ նույնպես քննարկումը բուռն էր, գյուղացիները հնչեցրեցին տարբեր խնդիրներ:

Ռաֆիկ Լագզյանը համարում է, որ գյուղի բնակիչներն ոռոգման ջրի կարիք ունեն:

«Մեր հողերն անջրդի են, այդ իսկ պատճառով մեր բերքը միշտ վատն է: Մենք ամեն տարի ապավինում ենք Աստծուն», – ասաց Ռաֆիկ Լագզյանը:

Լագզյան Արմենակը գտնում է, որ ամենակարևորը ծիսակատարությունների  տան ջեռուցումն է:

«Եթե գյուղում տեղի է ունենում որևէ միջոցառում, որն անցկացվում է ծիսակատարությունների տանը, ապա այդ սառնամանիքում մարդիկ ստիպված են նստել 4-5 ժամ», – ասում է Արմենակ Լագզյանը:

Եղան  մանկապարտեզ կառուցելու, գերեզմանոցի ցանկապատը վերանորոգելու առաջարկներ,  սակայն գյուղացիների մեծամասնությունը կողմնակից էր որ ծիսակատարությունների  տանը ջեռուցում անցկացվեր և հին դպրոցի երեք սենյակները վերանորոգվեր, որպեսզի, թե երիտասարդները, և թե մեծահասակները հավաքատեղի ունենան, շփվեն, մարզվեն:

Վերոհիշյալ երկու առաջնահերթ աշխատանքներն էլ ընտրվեցին՝ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում իրականացման համար:

Հավաքվածները նաև խնդրեցին, որ աշխատանքների ժամանակ գործառվեն հենց իրենց գյուղացիները:

extila

Շուշան Շիրինյան